Մարտի 1-ի գործով հարցաքննվել են նախկին ոստիկանապետն ու իր տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր ընթացք ստացավ, եւ իրավապահ մարմինները մեկը մյուսից հետեւից մեղադրանք առաջադրեցին այդ իրադարձությունների ժամանակ պատասխանատու նախկին պաշտոնյաների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մարտի 1-ի գործով կան այլ մեղադրյալներ եւս, սակայն նախաքննական մարմինը չի հրապարակում նրանց անունները գործին չվնասելու համար:

Ինչպես հիշում եք, հուլիսի 3-ին ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ նրան դեռեւս չեն հայտնաբերել:

Հուլիսի 26-ին մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ երկրոդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այժմ ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Նույն գործով Սահմանադրական կարգը տապալելու համար հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Իսկ ահա Օգոստոսի 3-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւս մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար` 332 հոդվածի 3-րդ մասով, բայց նրա քրեական գործը միացվել է մարտի 1-ի մայր գործին:
Հոկտեմբերի 31-ին էլ մեղադրանք էր առաջադրվել ՀՔԾ-ում մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Վահագն Հարությունյանին: Նա էլ մեղադրվում է մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:
Դատելով պաշտոնական հաղորդագրությունից` բացի վերոնշյալ անձանցից այլ մեղադրյալներ չկան: Ավելին, նոյեմբերի 28-ին` ՀՔԾ-ի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասել էր, որ վերջին վեց ամսում «Մարտի 1»-ի գործով տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն: Նրա խոսքով` այս գործով վերջին վեց ամսվա ընթացքում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում` համալիր, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ. «Տեղի են ունեցել մի քանի տասնյակի հասնող առգրավումներ»:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն բացի վերոնշյալ անձանցից եւս այլ անձանց է մեղադրանք առաջադրել, իսկ թե ովքեր են նրանք, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը չի հայտարարում նրանց անունները, քանի որ կարող է նրանց անունների հրապարակումը վնասել նախաքննությանը:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ հարցաքննված 1000 անձանց մեջ են եղել մարտի 1-ի իրադարձություների ժամանակ լուրջ պաշտոն զբաղեցրած անձինք:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մարտի 1-ի գործով հարցաքննվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, նրա տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Ի վերջո, ինչպես հայտնի է, մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է այդ օրը առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո սրա վերաբերյալ եւս ոստիկանությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել. իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն է իրականացվել: Նշենք, որ մարտի 1-ի առավոտյան իրականացված օպերացիայի պատասխանատվությունը դրված է եղել Արարատ Մահտեսյանի վրա, եւ նա մարտի 1-ից հետո պարբերաբար հարցազրույցներ էր տալիս արդարացնելու կատարվածը: Եւ հիմա առնվազն տարօրինակ է, որ ո՛չ Հայկ Հարությունյանը, ո՛չ Արարատ Մահտեսյանը, ո՛չ էլ մյուս նախկին փոխոստիկանապետը` Ալեքսանդր Աֆյանը, մեղադրյալի կարգավիճակ չունեն:

Քնար Մանուկյան




Լրահոս