Ինչպիսին կլինի Երևանի 2019 թվականի բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի` եկող տարվա բյուջեի նախագծով եկամուտները նախատեսված են 83 մլրդ 77 մլն 572 հազար դրամ: Սա 2018 թվականի համեմատ ավելի քան 2 միլիարդ 887 մլն դրամով ավելի է: Այս տարվա համեմատ շուրջ 4 մլրդ դրամով կավելանան նաեւ Երեւանի` եկող տարվա բյուջեի ծախսերը, որոնք, ըստ նախագծի, կազմելու են 84 մլրդ 346 մլն հազար դրամ: Իսկ դեֆիցիտը, ենթադրվում է, որ լինելու է 1 մլրդ 269 մլն դրամի սահմաններում:

Եկող տարի Երեւան համայնքի եկամուտներից հարկեր եւ տուրքերի տեսքով նախատեսվում է հավաքագրել 12 մլրդ 658 մլն դրամ: 23 մլրդ 850 մլն դրամի եկամուտ էլ ակնկալվում է, որ կստացվի պաշտոնական դրամաշնորհների տեսքով: «Այլ եկամուտներ» տողով նախատեսված է 43 մլրդ 480 մլն դրամ, որից 35 մլրդ 286 մլն դրամը ստացվելու է Հայաստանի պետական բյուջեից` տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար:
Ամենաուշագրավն այն է, որ եկող տարի Երեւանի եկամուտների մեջ զգալի մասնաբաժին է հատկացված վարչական իրավախախտումների դիմաց գանձվող գումարներին: Այս ճանապարհով եկող տարի Երեւանի բյուջեն պատրաստվում են համալրել ավելի քան 500 մլն 178 հազար դրամով: Միայն 250 մլն դրամը կհամալրվի ավտոկայանատեղիի վճարի չվճարման սահմանված դեպքերում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մոտ 2000 աշխատողների աշխատավարձային ֆոնդը եկող տարի կազմելու է 5 մլրդ 213 մլն դրամ: Իսկ աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է Երեւանի ավագանու ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա: Ի դեպ, աշխատավարձի ֆոնդը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018 թվականին ծրագրվել է 13 ամսվա աշխատավարձի չափով, որը նախատեսված է արձակուրդայինների եւ վերջնահաշվարկների վճարման համար: Այսինքն` նշված գումարից շուրջ 750 մլն դրամը նախատեսված է պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար: Երեւանում աղբահանության համար նախատեսվում է ծախսել ավելի քան 5.2 մլրդ դրամ: Թեեւ ընթացիկ տարվա աղբահանության ծառայության համար հատկացվել է 7 մլրդ դրամ, բայց, միեւնույն է, Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված:Բացի այս, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը հաջորդ տարվա համար պլանավորվել են 112 մլն 750 հազար դրամ, որը ընթացիկ տարվա ցուցանիշից 50 մլն դրամով ավելի է:

Ներկայացուցչական ծախսերը հաջորդ տարվա համար կկազմեն 61.7 մլն դրամ: Պարզվում է` ընթացիկ տարվա ցուցանիշից 118 մլն 431 հազար դրամով պակաս է կազմելու: Ասել է թե` նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է կրճատել հյուրասիրության համար նախատեսված ծախսերը: Սա, թերեւս, պատահական չէ, քանի որ նախորդ իշխանությունների օրոք այս նպատակով ահռելի չափերի հասնող անիմաստ ծախսեր էին արվում, ավելին` դա կոռուպցիայի բուն էր: Նույնն է նաեւ մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման գծով ծախսերի դեպքում. այստեղ էլ ծրագրվել է ծախսել 233 մլն 648 հազար դրամ, որը եւս ընթացիկ տարվա ցուցանիշից 44 մլն 63 հազար դրամով պակաս է: Իսկ ահա տրանսպորտային նյութերի համար կհատկացվի 117 մլն 416 հազար դրամ, ինչը 2018 թվականի ցուցանիշից 106 մլն 990 հազար դրամով պակաս է:

Երեւանի քաղաքապետարանը որոշել է խնայողություն անել նաեւ վարչական սարքավորումների գծով. այս նպատակով հաջորդ տարվա համար կծախսվի 28 մլն 838 հազար դրամ`ընթացիկ տարվա 48 մլն 195 հազար դրամի դիմաց: Այս գումարի շրջանակներում նախատեսվել է քաղաքապետարանի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներին տրամադրել միայն խիստ անհրաժեշտ գույք եւ տեխնիկա` ապահովելով առավելագույն խնայողություն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 մլրդ 31 մլն դրամը նախատեսվում է ծախսել քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար: Ի դեպ, եկող տարվա ասֆալտապատումների համար նախատեսված գումարը 370 մլն դրամով ավել է ընթացիկ տարվա համար նախատեսված գումարից: Հուսանք`Մարությանի մոտ կստացվի Երեւանի ճանապարհների վիճակը բարելավել, եւ մի հատվածը տարվա մեջ մի քանի անգամ չի ասֆալտապատվի: Զարմանալի է, բայց Մարությանը որոշել է գումար տնտեսել վերելակների հիմնանորոգման հարցում`78 մլն դրամի չափով: Բանն այն է, որ հաջորդ տարվա համար այդ նպատակով կծախսվի 30 մլն 779 հազար դրամ, ընթացիկ տարվա հաստատված բյուջեից մոտ 78 մլն դրամով պակաս: Մյուս կողմից`հայտնի է, որ Երեւանի վերելակային ֆոնդը հին է, մաշված եւ նորոգման հրատապ անհրաժեշտություն ունի:

Մյուս կարեւոր նորությունը`քաղաքապետարանը նախատեսել է հաջորդ տարում թափառող կենդանիների վնասազերծման համար ծախսել 50 մլն դրամ, ինչը 64.6 մլն դրամով այս տարվա ցուցանիշից պակաս է: Չնայած սրան` թափառող կենդանիների վնասազերծման համար գումարը կա, բայց վնասազերծող ընկերությունը`ոչ: Չէ՞ որ քաղաքապետարանը պայմանագիրը լուծարել է «Յունիգրաֆ իսք»-ի հետ: Եկող տարի մայրաքաղաքի տոնական ձեւավորումների վրա նախատեսվում է ծախսել 50 մլն դրամ: Մասնավորապես միայն դրոշների տեղադրման համար Երեւանի քաղաքապետարանը 2019 թվականին պատրաստվում է ծախսել 45 մլն դրամ:

Կանաչ տարածքների հարցում քաղաքապետարանը զգալի գումար կտնտեսի: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը հաջորդ տարվա կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման համար նախատեսել է ծախսել 1 մլրդ 93 մլն դրամ, որը այս տարվա ցուցանիշից 576 մլն դրամով պակաս է: Կրկին մի ոլորտ, որը նախկինում կոռուպցիայի, ատկատի անսահման ոլորտ է եղել, որտեղ ահռելի գումարներ են շրջանառվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս