Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությա և հասարակայության հետ կապերի վարչությունից:
«Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք է ապահովենք հավասարություն բոլորի համար: Եթե չի թույլատրվում, ապա պետք է անհապաղ հեռացվեն և կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաև բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին զգուշացնեն և թույլ չտան նման ապօրինություններ»,-նշել է քաղաքապետը:
Խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցել են, որ ձեռնարկված են անհրաժեշտ քայլերը` 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: 475 տեղամասային կենտրոններից 308-ում աշխատանքներն ավարտված են, իսկ 157-ում թեքահարթակների տեղադրումն անհնար է, որովհետև տեղամասերը գտնվում են շենքերի 2-րդ հարկում: Այս շենքերում խնդրին իրավիճակային լուծում կտրվի:
Մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է նախևառաջ գույքագրել բոլոր շինհրապարակները, վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը, ապա՝ շինարարական կազմակերպություններին ուղարկել նախազգուշացումներ և առավել ուժեղացնել հսկողությունը:
«Վստահ եմ, որ գրեթե բոլոր շինհրապարակներում այսօր չեն պահպանվում նորմերը: Մենք պետք է շատ կոշտ արձագանքենք այս ամենին: Պետք է նախ գույքագրել շինհրապարակները, կատարել ուսումնասիրություններ և սկսել պահանջել շինարարության պատասխանատուներից»,-ընդգծել է Հայկ Մարությանը:
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, դրամաշնորհային միջոցներով մեկնարկել է Երևանում առկա վերելակային տնտեսության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի շրջանակներում հավաքագրված տեղեկատվությունը տրամադրվելու է խորհրդատու ընկերությանը:
Աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրը: Մեկնարկել են նաև ամանորյա տոնական ձևավորման և Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այս տարի երևանցիներին և քաղաքի հյուրերին անակնկալ է սպասվում. տեղադրվում է նոր արհեստական տոնածառ: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը պատրաստվում է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, այն զարդարված է լինելու շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքներով:
Հայկ Մարությանը խորհրդակցության ընթացքում աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդական Արթուր Սարգսյանին: