«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թագուհի Թովմասյան. Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, «Ժողովուրդ» օրաթերթի եւ armlur.am կայքի հիմնադիր խմբագիր: Մարդ, որ մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական բարձր գիտակցությամբ, համարձակությամբ, ստի եւ կեղծիքի նկատմամբ անհաշտ կեցվածքով: Մարդ, որը եղել է խոսքի ազատության, մարդու իրավունքների, 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո քաղբանտարկյալների ազատության համար պայքարողներից մեկը:
Մարդ, որ մշտապես եղել է ժողովրդի կողքին` փորձելով լուծում տալ նրանց խնդիրներին: Թագուհին այդպիսին էր, երբ լրագրող էր, նաեւ այդպիսին էր, երբ հիմնեց այսօր արդեն հայաստանյան լրատվական կյանքում առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Ժողովուրդ» օրաթերթը: Եւ հաճախ հենց «Ժողովուրդ» օրաթերթի միջամտության շնորհիվ հազարավոր քաղաքացիների խնդիրներ իրենց լուծումն են ստացել:
Ընդ որում, նրա ղեկավարած լրատվամիջոցը հոգատար, աչալուրջ եւ հետեւողական է գտնվել ոչ միայն Թագուհու հարազատ Գեղարքունիքի մարզի եւ Վարդենիսի բնակիչների դեպքում, այլեւ ողջ Հայաստանի ու Արցախի քաղաքացիների:
Այնպես որ, ընտրելով Թագուհի Թովմասյանին` Գեղարքունիքի բնակիչներն իրոք ընտրում են մի մարդու, որ կարող է իրենց խնդիրների բարձրացնողն ու լուծողը լինել երկրի օրենսդիր մարմնում: Եվ իզուր չէ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս կատարած այցի ժամանակ, քաղաքացու կողմից բարձրացված հարցին ի պատասխան, ասաց. «Եթե Թագուհուն ասել եք, ապա նա թերթի գլխավոր խմբագիր է, նա հարցին էնպիսի հնչեղություն կարող է տալ, որ ինձ ասելու կարիք չկա»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: