«Ժամանակ» թերթը գրում է. ««Արդշինինվեստ» բանկի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավում:
Մասնավորապես՝ բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Սասուն Սեդրակյանը անձամբ է զբաղվում ՀՀԿ-ից առաջադրված, Արմավիրի նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի քարոզարշավով՝ փակցնելով նրա մեծադիր գովազդային պաստառը: Վրդովված էջմիածինցիները տոմատի բանկայով հարվածել են պաստառին՝ այն ներկելով կարմիրով:
Հիշեցնենք, որ «Արդշինինվեստ» բանկը կապվում է 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ավելի ուշ Սասուն Սեդրակյանը պարզաբանեց հետևյալը.
Տեղեկացնում եմ, որ «Ժամանակ» թերթի հրապարակումն այն մասին, որ «Արդշինբանկ» ՓԲԸ աշխատակից Սասուն Սեդրակյանը զբաղվում է «ՀՀԿ» քարոզարշավով չի համապատասխանում իրականությանը:
Համաձայն ԿԸՀ կարգի՝ գովազդային ծառայություն մատուցող ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել ԿԸՀ ազատ գովազդային վահանակների վերաբերյալ: Վիճակահանության արդյունքում ազատ գովազդային վահանակների վրա գովազդի տեղադրման իրավունք են շահել հետևյալ երեք կուսակցությունները՝ «ՀՀԿ» , «Սասնա ծռեր» և «ՔՈՍԴԿ»: ԿԸՀ կարգի համաձայն կնքվել է գովազդի տեղադրման պայմանագիր և մատուցվել ծառայություն ինչպես «ՀՀԿ», այնպես էլ «Սասնա Ծռեր» կուսակցություններին:
Նշեմ, որ գովազդային ծառայություն մատուցող ընկերությունը պատկանում է իմ ընտանիքին, և գովազդային վահանակի վրա տեղադրվել է ոչ միայն «ՀՀԿ», այլ նաև «Սասնա ծռեր» կուսակցության պաստառը: Հետևաբար, խնդրում եմ չտարածել ապատեղեկատվություն այն մասին, որ ես զբաղվում եմ որևէ կուսակցության քարոզարշավով և չվարկաբեկել «Արդշինբանկ» ՓԲԸ գործարար համբավը՝ անհիմն շոշափելով վերջինիս անունը:
Հավելեմ, որ ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում և երբևէ ներգրավված չեմ եղել որևէ քաղաքական գործընթացի մեջ, և իմ կողմից իրականացված բոլոր գործընթացներն եղել են բացառապես օրենքի շրջանակներում:
Խնդրում եմ հրապարակել սույն հերքումը և դադարեցնել ապատեղեկատվությունը այն մասին, որ ես զբաղվում եմ քարոզարշավով, ինչպես նաև դադարեցնել իմ գործատուի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ անվան հիշատակումը «Ժամանակ» թերթում հրապարակված և իրականությանը չհամապատասխանող լուրերում: