Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավորի թեկնածու, համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը խոսել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի մասին և նշել. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի»:
ArmLur.am-ը փորձեց Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների շուրջ զրուցել Սասուն Միքայելյանի հետ: Վերջինս նշեց, թե շուտով պատասխան կհրապարակվի, իսկ մինչ այդ էլ նշեց, որ ինքը մամուլում ընթերցելով Շահնազարյանի խոսքերը, անձամբ զանգահարել և փորձել է մեկնաբանություն ստանալ հենց նրանից: «Ես մի փոքր առաջ անձամբ զանգահարեցի Շահնազարյանին, որ ինքը պարզաբանում տա, թե այդ ինչ անհիմն հայտարարություններ է արել: Նա վերցրեց հեռախոսը, իմացավ, որ ես եմ և միանգամից անջատեց: Ինքը դրա համար պետք է պատասխան տա, դա արդեն լուրջ հարց է», – նշեց նա: