ՀՀ ոստիկանության պետը շարունակում է աշխատանքային այցեր կատարել Հայաստանի մարզեր։ Դեկտեմբերի 4-ին Վալերիյ Օսիպյանը Արարատում էր՝ հանդիպելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին։ Ոստիկանության պետը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, կարևորեց դրանց թափանցիկ ու ազատ անցկացումն ապահովելու գործում համատեղ ջանքը։
Այդ համատեքստում Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց նախընտրական շրջանում ոստիկանության կատարած աշխատանքը՝ ընտրացուցակների ճշգրտումից՝ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ։
Ոստիկանության պետը ներկաներին վստահեցրեց, որ նույն վճռականությամբ ու պատրաստակամությամբ համակարգը ծառայելու է նաև ընտրությունների օրը՝ հանուն քաղաքացիների ընտրական իրավունքի անխափան իրացման։ «Ոստիկանությունը լիովին տիրապետում է իրավիճակին և օրենքի տառին համարժեք արձագանքելու է ցանկացած ապօրինության»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ընտրություններին առնչվող այլ հարցեր ևս։
Վալերիյ Օսիպյանը Արարատ կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ նաև մարզը սպասարկող ոստիկանների հետ։ Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նրանք կանեն ամեն ինչ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը միջադեպերը բացառելու ուղղությամբ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հրահանգեց ակտիվացնել կանխարգելիչ բնույթի աշխատանքները և սերտ համագործակցային դաշտ ձևավորել բնակչության հետ։ Վալերիյ Օսիպյանն անձնակազմից պահանջեց՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնեն արտաքին տեսքին, լինեն աչալուրջ՝ արագ արձագանքելով բոլոր ահազանգերին։
Ոստիկանության պետը հրահանգեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների անթերի կատարմանը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Արարատի մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործությունների թարմ հետքերով բացահայտմանը վերաբերող հարցեր։