ՉԵՄ ԵԿԵԼ ՃԱՇ ԵՓԵԼՈՒ ԿԱՄ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրամարգ Ղազարյանը Ծովագյուղ համայնքի ավագանու անդամ է, բացի ուսուցչությունից զբաղվում է հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեությամբ: Ղազարյանի հետ զրուցեցինք քաղաքական դաշտ մտնելու բարդ ու մարտահրավերներով լի ուղու մասին։

Մուտքը քաղաքական դաշտ. սպասելիքներ եւ իրականություն

Դեռ 2001 թ.-ին Սիրամարգ Ղազարյանը դրեց գյուղապետի իր թեկնածությունը։ Ինչպես ինքն է նշում, բնավորությամբ «տարբերվող» Ծովագյուղի համար դա աննախադեպ որոշում էր։ Թեպետ գիտեր, որ չի հաղթելու` մի շարք գործոններով պայմանավորված, բայց որոշեց փորձել։ Դա այն ժամանակն էր, երբ գենդերային հավասարության վերաբերյալ մոտեցումները նոր-նոր էին մտնում հայկական իրականություն, ինքն էլ փորձեց իրենց գյուղ «մտցնել»։ Ասում է՝ նպատակն էր հասկանալը, թե կինը ինչ ներդրում կարող է ունենալ քաղաքական դաշտում։ Հասկացավ ու բախվեց մի ուրիշ իրողության. քաղաքական ուժերն են որոշողը, ոչ թե ժողովուրդը։

Առաջին ընտրություններ, առաջին դասեր

Առաջին ընտրությունների ժամանակ թեեւ չհաղթեց, բայց հաղթահարեց 5%-ի շեմը։ Գյուղական միջավայրում ապրող կնոջ համար սա յուրովի հաղթանակ էր։ 2005 թ. նորից դրեց թեկնածությունը՝ նորից առնչվելով քաղաքական եւ կուսակցական խնդիրների։ Ամենաշատ ձայներ հավաքածներից երրորդն էր։ Հետո եկավ ավագանու ընտրությունների ժամանակը, դրեց թեկնածությունը ու անցավ՝ լինելով միակ կինը ավագանու անդամների շարքում։ Կարծում է՝ տարիների ընթացքում գաղափարապես համայնքը բավականին հասունացել էր, որ իրեն տեսներ տղամարդկանց կողքին։ Ինը անդամներից միակ կինը լինելով՝ սովորեցնողի դերում էր՝ հակված ամեն ինչ ըստ կանոնակարգի անելու։ Բայց քանի որ այս «հակումը» միայն ինքն ուներ, ավագանու անդամ լինելը եւս մարտահրավեր էր։

Ամուր հենարան՝ ի դեմս ընտանիքի

Ընտանիքում քաղաքական դաշտ մտնելու որոշումը շատ լավ է ընդունվել։ Անգամ հայրն է իր հետ քարոզարշավի դուրս եկել։ «Չլսված-չտեսնված բան էր գյուղական միջավայրում դուրս գալ, հանդիպել հասարակության անդամների հետ»,- պատմում է նա։

«Ինքը կին է, կկարողանա՞». բախում կարծրատիպերի պատին

Միջին տարիքի մարդիկ եւ մեծահասակները շատ լավ էին ընդունում իմ նախաձեռնությունը։ Մեծահասակները կարծես զրուցելու կարիք ունեին։ Անմիջապես հավաքվում էին, հարցեր էին տալիս։ Հայրիկիս ասում էին՝ «ինքը կին է, կկարողանա՞», այնուամենայնիվ, անվստահությունը կար, հատկապես, որ մեր գյուղը գաղափարական առումով տարբերվում է մյուս գյուղերից։ Քարոզարշավներից մեկի ժամանակ մի երիտասարդ, մի քանի բառ լսելով իր եւ համագյուղացիների զրույցից, ասել էր՝ «ինչի էս գյուղում տղամարդ չկա՞, որ կնիկը պիտի լինի ղեկավար»։ Մի այլ բան էլ էր լսել իր մասին, թե «հավն աքլորից առաջ չի ընկնի»։ Հիմա այդ ամենը ժպիտով է հիշում տղամարդկանց կողքին վստահորեն կանգնող Սիրամարգ Ղազարյանը։ Իսկ վստահ ու ինքնավստահ լինելու առիթներ շատ կան։ Մանավանդ որ ունի լեյտենանտի կոչում։

Գյուղի կանայք, քաղաքի կանայք

«Քաղաքի կնոջ համար ավելի հեշտ է հաղթահարել գենդերային անհավասարությունը»,-կարծում է զրուցակիցս։ Քաղաքում միջավայրը մեծ է, գյուղական միջավայրում բոլորը «հազար կապերով կապված են», ու ցանկացած տեղեկություն, թեկուզ` բամբասանք, արագ տարածվում է` դառնալով խոչընդոտ, ընդգծում է նա՝ ելնելով սեփական փորձից։ Հենց այդ առումով էլ գյուղը թիրախային է. «Հայրենի գյուղում եւ մայրաքաղաքում ապրող հարազատներս տեսնում էին իմ պայքարը եւ իմ դեմ պայքարը»։

Կանայք կանանց չե՞ն ընտրում

Կարծրատիպերի ստեղծման գործում կանանց անմիջական ներդրումն էլ կա։ Նույնիսկ այն հարցերում, երբ դու հօգուտ իրենց ինչ-որ լավ բան ես անում, իրեն փրկում- ազատում ես զուտ կին մնալու կարգավիճակից, նրանք էլի կասկածանքով են նայում։ Անգամ նման պայմաններում փորձել է կանանց համար դառնալ լավ օրինակ. «Ի վերջո, հատկապես գյուղաբնակ կանայք են բռնությունների ենթարկվում։ Հաճախ նրանք ձայնի ազատություն չունեն, ամուսինների առաջ խոսելու իրավունք չունեն, խոնարհ հարսներ պիտի լինեն։ Էլի թող խոնարհ ու պարկեշտ լինեն, բայց դա չի նշանակում, որ կինը ղեկավարողի դերում չի կարող լինել»։

Պայքարի անմասշտաբ ծիրը

«Երբեք չեմ հոգնել պայքարելուց, մինչեւ վերջ համառորեն պայքարել եմ»,-հպարտությամբ շեշտում է ԵԿՄ անդամ Սիրամարգ Ղազարյանը։ Ապացուցել է, որ ինքը հաճախ ճիշտ է, ոչ թե սեփական շահերից ելնելով , այլ օրենքի, արդարության պահանջով։ Ինքն իրեն համոզել եւ համոզվել է, որ կինը շատ բաներ կարող է անել ու շատ խոչընդոտներ ավելի հեշտությամբ կարող է հաղթահարել։ «Սեփական մաշկիս վրա զգացի, երբ առաջնագծում էի, երբ զինվոր էի»։ Քառօրյա պատերազմին Թումանյանի ջոկատի հետ հասել է Արցախի զորամասերից մեկը։ Թռուցիկ հաճախ էր նկատում, թե տղամարդիկ ինչպես էին նայում իրեն, «իրար մեջ խոսում», թե ով է այդ կինը եւ ինչու է այդտեղ։ Զգում-տեսնում էր, բայց չէր արձագանքում. «Ուղղակի ժամանակը կպատասխաներ՝ ով եմ։ Երբ ասացին` առաջնագիծ մի՛ գնա, մնա՛ գրագրություն անելու, ասացի՝ ես չեմ եկել ճաշ եփելու կամ գրագրություն անելու։ Ես պետք է լինեմ սահմանապահ, ես պետք է զգամ, թե այնտեղ ինչ է կատարվում»։ Եվ հասել է նպատակին, պայման էր դրել՝ կա՛մ տղամարդկանց հետ բարձրանում է դիրքեր, կա՛մ էլ ոտքով վերադառնում է Ծովագյուղ։ Պայման է դնում ու բարձրանում դիրքեր:

ՄԱՐԻԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
4-րդ կուրս




Լրահոս