ՀՅԴ-ական կարկառուն գործիչը` Նիկոլ Փաշինյանի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՅԴ-ական կարկառուն գործիչ Հրայր Կարապետյանը 2013 թվականից զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսի պաշտոնը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր դեռ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր էր եւ սկսել էր հանդես գալ «հրաշալի քառյակի» շրջանակներում: Այդ նշանակմամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, նպատակ ուներ կամաց-կամաց իր կողմը գրավել ՀՅԴ-ին, ինչը վերջապես հաջողվեց ու համագործակցության հուշագրով փաստաթղթավորվեց 2016թ. փետրվարին:

Այժմ, երբ մայիսից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, եւ բազմաթիվ կադրային փոփոխություններ են եղել նաեւ դիվանագիտական ճակատում, Հրայր Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել: ՀՅԴ-ական գործիչը պաշտոնանկ չեղավ անգամ այն ժամանակ, երբ հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմկահարույց փոփոխություններին կողմ քվեարկելուց հետո տարաձայնությունների պատճառով Փաշինյանը հայտարարեց ՀՅԴ-ին տրված պորտֆելները ետ վերցնելու եւ ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին. միաժամանակ, իրենց հերթին կառավարությունից դուրս գալու մասին հայտարարել էր ՀՅԴ-ն:

Ու, փաստորեն, այդքանից հետո Հրայր Կարապետյանը դեռ պաշտոնավարում է, ավելին` երեկ նա ներկա էր Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հետ հայ համայնքի հետ հանդիպմանը: Չնայած, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հնարավոր է` առաջիկայում Կարապետյանը եւս պաշտոնանկ արվի:




Լրահոս