Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կկարճվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջադեպի արդյունքում ծեծի, սեռական բռնության ենթարկված Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմել է նախաքննական մարմին եւ իր տված բոլոր ցուցմունքները հետ է վերցրել:
Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես, վերջիններս կոյուղաջուրը լցրել էին տարայի մեջ եւ փորձել էին մոտեցնել արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն նրա հրահանգը՝ «դեմն առե՛ք, շուտ, շուտ», լուրջ միջադեպի պատճառ դարձավ: ՀՀԿ ավագանու անդամները գործի դրեցին բռունցքները. ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին ԵԾ խմբակցության կին անդամներին: Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով: Ի դեպ, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են ինչպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, այնպես էլ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաեւ մի շարք վկաներ: Այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչություն: Ավելին` հիշեցնենք, որ Մարինա Խաչատրյանը Էդմոն Կիրակոսյանին մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ` պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին:
Այսպիսով, 9 ամիս տեւած քննությունից հետո իրավիճակ է փոխվել: Մասնավորապես, Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը միջադեպի օրը պաշտպանել է իրեն: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Մարինա Խաչատրյանի հետ
-Տիկի՛ն Խաչատրյան, Ձեզ համոզե՞լ են կամ վախեցրե՞լ են, որ ասեք` օրինակ, Գոռ Վարդանյանը Ձեզ պաշտպանել է:
-Այդ օրը եղել է բռնություն, բայց եղել են մարդիկ, որ պաշտպանել են ինձ: Հասկանում եք, այդ խառնաշփոթի մեջ բոլորի գործողությունը ճիշտ նկատել, եւ հետագայում ես բազմիցս նայել եմ վիդեոները տարբեր ռակուրսներից եւ տվել եմ իմ գնահատականը: Առաջին հերթին ես նշել եմ, որ բռնություն կիրառվել է այնտեղ մի քանի ՀՀԿ-ական անդամների, ավագանու անդամների, Տարոն Մարգարյանի օգնականների կողմից եւ ինքս դատապարտել եմ Տարոն Մարգարյանի վարքը, որը չկանգնեցրեց իր թիմակիցներին եւ թույլ տվեց, որ պրոցեսը տեղի ունենա: Մի քանի հրապարակումներ կարդացի, որտեղ մարդիկ աղավաղում են ճշմարտությունը, իրականությունը եւ ասում են, որ իբր ես ասել եմ, որ Գոռ Վարդանյանը ինձ հարվածեց: Գոռ Վարդանյանի պահով այդպես չի եղել, ես ասել եմ, որ նա ինձ դուրս է հանել այդ նախադահլիճից, եւ դա կա նաեւ ցուցմունքում: Նաեւ ցանկանում եմ նշել այն մարդկանց անունները, որոնք ինձ պաշտպանել են, երկու հոգու անուն եմ ես այն ժամանակ նշել, բայց ցանկանում եմ ավելացնել եւս երկու հոգու, այդ մարդիկ են Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, որի մասին ես խոսել էի, չէի խոսել Դավիթ Խաժակյանի մասին: Նա ինձ օգնում էր այն պահին, երբ մի խայտառակ խառնաշփոթ էր, եւ ես այդ պահին չէի տեսել, որ նա ինձ պաշտպանում էր: Գոռ Վարդանյանն էլ է ինձ պաշտպանել, ես պետք է խոստովանեմ, որ ինքս չէի հեռանա եւ եթե ես չհեռանայի կամ Գոռ Վարդանյանը չհեռացներ, ի՞նչ կլիներ այդ ժամանակ:
-Ինչո՞ւ 9 ամիս անց հիշեցիք Ձեզ պաշտպանողներին:
-Հիմա ասեմ, որ ես հետագայում իմացա, որ նախադահլիճի պատուհանները, որ ծածկված են վարագույրներով, այնտեղ մի ձող կար, որը լավ ամրացված չէր, եթե հանկարծ ինձ հրեին, ես իրոք կընկնեի բարձրությունից ու կմահանայի կամ կմնայի հաշմանդամ, ամեն դեպքում լուրջ վնասվածքներ կստանայի: Կային մարդիկ, որ այդ ամենից տեղյակ էին, եւ փաստացի Գոռ Վարդանյանը եւս գիտեր եւ ինձ այդ մասին ասեց, բացատրեց: Այո, ես շնորհակալ եմ, որ նա թույլ չի տվել, որ ես այնտեղից ընկնեմ: Ցանկանում եմ, որ մարդիկ ուշադրություն դարձնեն մեկ այլ անձի վրա, որը փաստացի իմ թիմակիցն էր, նայում էր, թե ինչպես են ինձ ծեծում ու ջարդում:
-Ո՞վ:
-Տիկին Փոստանջյանը… հասկանում եք, պետք է այդ կադրերը մի քանի անգամ նայես եւ կընկալես ողջ ճշմարտությունը:
-Ինչո՞ւ նախկինում այդ մասին չէիք ասում: Երբ կուսակցությունից դուրս եկաք, անցաք հանրապետակաների կողմը, նոր եք այդ մասին խոսում:
-Պարզապես առիթ չէր եղել: Ես այդ մասին այնպես չէ, որ լռել եմ, իմ ցուցմունքներում եմ գրել: Ես ասել եմ այն, ինչ ճշմարիտ է: Ինչ վերաբերում է իմ մոտեցման փոփոխությանը, ես կարծրատիպերով ապրող մարդ չեմ եւ գտնում եմ, որ մենք դինամիկ պետք է լինենք, եւ դինամիկ լինենք մեր ապրելակերպում եւ քաղաքականության մեջ, եւ չպետք է թշնամի դարձնենք մեր հայրենակիցներին, սա իմ անձնական մոտեցումն է եղել, եւ որեւէ մեկը ինձ չի խնդրել, որ նման հայտարարություն անեմ : Շատ լավ հասկանում էի, որ կլինեն նման արձագանքներ, բայց ճիշտ հասկացեք. լինելով բժիշկ` ես հաճախ եմ իմ կյանքը, իմ ժամանակը զոհաբերել դիմացինի առողջության համար: Ես տեսա, որ մարդիկ, որոնք իրականում բռնություն էին ցուցաբերել, մնացին ստվերում, եւ լավ է, որ դեռ մյուս պաշտպանողներիս չեն քարկոծել:
-Հիմա մոռացել եք նաեւ, որ սեռական բռնություն էին կիրառել Ձեր դեմ: Նման բան էլ չի՞ եղել:
-Այդ ամենը եղել է, դա եղել է իմ ապտակից առաջ, դա է եղել պատճառը, որ ես ապտակեցի, որից հետո իրենք հասկացան, թե ում հետ գործ ունեն: Դա ինձ համար անընդունելի էր, այն, ինչ տեղի էր ունենում այնտեղ: Հիմա հայերիս իրար դեմ են հանել, եւ մեր ժողովուրդը պետք է կողքից նայի այն ամենին, ինչ կատարվում է, եւ պետք է մտածել` ինչու են մեզ իրար դեմ հանել, ինչու են մեզ պառակտում, հիմա ես պայքարում եմ, որ մեր երկրում լինի համերաշխություն:
-9 ամիս է, ինչ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում քննություն է ընթանում: Ձեր նախկինում եղած ցուցմունքները պնդելո՞ւ եք, թե՞ այլեւս բողոք չունեք:
-Ձեզ համար անակնկալ կլինի, բայց ես իմ բողոքը մեկուկես ամիս առաջ հետ եմ վերցրել, եւ արդեն խոսք է գնում համաներման մասին:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ 250 ԱՇԽԱՏԱՏԵՂ ԿՓԱԿՎԻ
Մի քանի ՀԷԿ-երի սեփականատերեր՝ «Ֆենհալ», «Էրստեդ» եւ «Լայթէկա» ընկերությունները, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ կանգնած են սնանկացման եզրին: Ի դեպ, այս ամենի արդյունքում հնարավոր է առաջիկայում շուրջ 250 աշխատատեղ փակվի:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ երեք ընկերությունները, որոնք շահագործում են Ախուրյան գետի ձախ ափին երեք ՓՀԷԿ-երը` «Ամասիա»-ն, «Փարոս»-ը, «Կասկադ»-ը, 4 մլրդ դրամի չափով ներդրում են կատարել: Սակայն շահագործման ժամանակ պարզվել է, որ արտոնյալ պայմաններում ՀԷԿ է գործում, որը իր գործունեությամբ խոչընդոտում է մյուսներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի անվան հետ կապ ունեցող «Ջրաձոր» ՀԷԿ-ի մասին է:
«Երբ երեք ՀԷԿ-երի արդեն տրվել էր կառուցման թույլտվություն, եւ նախաձեռնողներս վարկային միջոցներով ձեռնամուխ էինք եղել կառուցման աշխատանքներին, հանկարծակի փոխվում է հիշյալ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը` արտոնելով ՓՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին»,- ասված է նրանց բաց նամակում: Հիդրոկայանների բաց նամակում նշված է նաեւ, որ երբ ավարտին են մոտեցել «Փարոս», «Ամասիա» ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները, պարզվել է, որ փոխվել է «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը: Այսինքն` արտոնություն է տրվել նշված ՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին (365 օր 24 ժամ): Ասել է թե` ՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին: Եւ այս դեպքում մյուս երեք ՀԷԿ-երը, որոնք պետք է աշխատեին այն ժամանակ, երբ ոռոգման ամիսներին չի աշխատում «Ջրաձոր»-ը, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Քանի որ Ախուրյան գետում ՓՀէԿ-երի համար անհրաժեշտ ջրաքանակ չկա: Այս ամենի արդյունքում վերոնշյալ երեք ընկերությունները զգալի վնասներ են կրել. միլիոնավոր դրամներ, ժամկետանց վարկային պարտավորություններ, չվճարված տոկոսագումարներ եւ ահռելի տույժեր:
Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀԷԿ-ին արտոնություններ տալու պատճառով տուժել է նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի որդուն՝ Գարուշ Մինասյանին պատկանող «Ամասիա» ՀԷԿ-ը եւս: Ասել է թե` նախկին իշխանությունների օրոք նաեւ թիմակիցներն են միմյանց վնասել:
Ս. Հ.
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Գյումրիում նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ստեղծած «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը դեռ չի հասցրել գրանցվել ու չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին: Ըստ Հովհաննես Մարգարյանի` պատճառը օպերատիվ աշխատանքի բացակայությունն է: «Կուսակցությունների գրանցման պայմանները շատ խստացված են, պահանջները շատ են: Նախկինում անգամ մեկ ընտանիքով հնարավոր էր կուսակցություն ստեղծել, իսկ այժմ պահանջն այն է, որ թղթերը ներկայացնելու ժամանակ պետք է նվազագույնը 800 կուսակցական լինի` ներկայացված մարզերի մեկ երրորդում: Երբ թղթերը ներկայացրինք, որ 1340 կուսակցական ունեինք, այսօրվա դրությամբ ունենք 2000 կուսակցական, ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում, այդ թվում Երեւանում, բոլոր տվյալները կային: Թե ինչն է պատճառը, չեմ կարող ասել, չեմ էլ կարող մտածել, որ միտում կա, քանի որ ապացույցներ չունեմ: Ես օբյեկտիվ մարդ եմ, մինչեւ փաստեր չունենամ չեմ կարող մեղադրել: Ընդամենը պետք էր օպերատիվ աշխատել»,-ասաց «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանը: Նա պնդում է, որ այլ առաջարկներ եղել են, սակայն բոլոր առաջարկները մեժվել են: ԱԺ ընտրություններին այլ դաշինքով չմասնակցելու որոշումը կուսակցությունում եղել է միաձայն. «Աշխարհը փուլ չեկավ, մեծ ողբերգություն չէ: Նորաբաց կուսակցություն ենք: Վստահ եմ, որ սա եւս լինելու է ժամանակավոր խորհրդարան: Գերխնդիրը եղել է ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության փոփոխությունը, ինչը, կարծում եմ, կլինի առաջիկայում»:
Հովհաննես Մարգարյանն ավելի շատ կենտրոնացած է Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրությունների դեպքում այդ պաշտոնը զբաղեցնելու գաղափարի վրա: Հիշեցնենք, որ նա 2016թ. ՏԻՄ ընտրություններում ՕԵԿ ցուցակն էր գլխավորում, եւ զբաղեցրին երրորդ տեղը: «Ես անպայման մասնակցելու եմ ՏԻՄ ընտրություններին: Մեր ծրագիրն էլ հիմնականում Գյումրուն էր վերաբերում: Մենք անպայման կմասնակցենք, եւ սա առաջին քաղաքական քննությունը կլինի «Արժանապատիվ ուղու»: Եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, կարծում եմ, խոշոր քաղաքներում կկազմակերպվեն քաղաքապետի ընտրություններ: Մենք լինելու ենք ակտիվ, ունենալու ենք մեր լրատվամիջոցը, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, պահանջատեր ենք լինելու: Կառաջնորդվենք «լավին` լավ, վատին` վատ» կարգախոսով, մի միլիմիտր անգամ մեր անվանումից չենք շեղվի»,-ասում է նա:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի