Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը, այդ թվում` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ: Մասնավորապես, ուժերի համար նման հայտարարությունների եւ կարծիքի հիմք է հանդիսացել վարչապետի պաշտոնակատարի` Գեղարքունիքի մարզ կատարած այցը:
Անձամբ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ինքը որպես վարչապետի պաշտոնակատար է գնացել մարզ, այլ ոչ թե որպես ուժի առաջնորդ: «Ես Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ, եւ նաեւ վարչապետը քաղաքական կարգավիճակ է, եւ քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում», – նշել էր նա եւ պարզաբանել, որ տեղի համայնքապետերի հետ հանդիպումներ տեղի են ունեցել նաեւ իր վարչապետության ամբողջ ընթացքում։ Նա նաեւ նշել է, թե որեւէ քաղաքական ուժ կաշկանդված չէ այցելել եւ հանդիպումներ ունենալ մարզերում: Ըստ այդմ, վարչական ռեսուրսի կիրառում կլիներ, եթե ինքն ի պաշտոնե օգտվեր այնպիսի հնարավորություններից, որոնցից մյուսները զրկված են: Այս տրամաբանությամբ` մարզեր այցելելը վարչական ռեսուրսի կիրառում չէ, քանի որ բոլորն էլ կարող են անել դա:
ՀՀԿ-ն ծավալուն հայտարարությամբ էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի` Գեղարքունիք կատարած այցին: Նրանք ընդգծել էին, թե միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսեւորում է եղել. «Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին, պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով, այլ գործով»:
Հետաքրքիր է, որ վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգում է մի ուժ, որին մշտապես են մեղադրել այդպես վարվելու մեջ եւ առավել եւս ֆինանսական լծակներ օգտագործելու մեջ: Ընդ որում, ՀՀԿ-ն մեղադրանքները հնչեցնելիս հղում է անում ոչ թե ՀՀ ընտրական օրենսգրքին, այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցներին, որոնցում առկա ձեւակերպումները հենց նույն ՀՀԿ-ականների համար է գրված եղել որպես ցուցում: Ավելին, գործող ԸՕ-ն էլ ընդունվել է հենց ՀՀԿ իշխանության ժամանակ, եւ ՀՀԿ-ն վերջերս մերժեց ԸՕ փոփոխությունների` Նիկոլ Փաշինյանի կառավարության բերած նախագիծը:
Իսկ ո՞րն է ՀՀԿ-ականների կողմից ԸՕ-ն անտեսելու պատճառը: Նախ նշենք` ՀՀ Ընտրական օրենսգրքի Գլուխ 4-ի հոդված 19-ում նշված է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն»: Ասել է թե` նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ արված քայլերը չեն դիտվում որպես քարոզչություն:
Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման եւ կանխարգելման համատեղ ցուցումներում», ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցում ասված է. «Վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցություններիի կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնական դիրքը օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:
Իսկ 2013 թվականի զեկույցում սահմանված է, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը: Այն ներառում է նաեւ կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը»:
Միեւնույն ժամանակ այդ փաստաթղթերում որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, եւ այլն: Նիկոլ Փաշինյանի այցի համատեքստում ինստիտուցիոնալ ռեսուրսներ ասելով դիտարկվում է մարզպետարանի աշխատակազմը, համայնքի ղեկավարները, նախարարները: Միայն թե, նկատենք, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում անգամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է առաջադրվելու իրավունք ունենան, իսկ առաջադրվելիս պետական ողջ ապարատը պետք է ընտրությունների ժամանակ ուղղակի պարապուրդի մատնվի կամ մնա առանց ղեկավար, այլապես սա կփորձեն որակել որպես վարչական ռեսուրսի կիրառում. մի հանգամանք, որը տրամաբանությունից դուրս է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել` որքանով է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խախտում թույլ տվել: «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է գրանցման համար սահմանված ժամկետի յոթերորդ օրը եւ ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ: Սա նշանակում է, որ Ազգային ժողովի ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետեւաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, դրանք միայն կիրառելի են նշված ժամանակահատվածի շրջանակում», – նշեց նա: Հարցին` ՀՀԿ-ն ասում է, որ ԿԸՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի, Մուկուչյանն ակնարկեց, թե, ըստ էության, իրենք պատասխանատու են միայն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ի համար: «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար», – նշեց նա:
Ստացվում է` ինչպես շատ այլ պարագաներում, ազգային օրենսգիրքը այլ բան է ասում, միջազգային չափանիշները` այլ: Ընդ որում, խոսքը ՀՀԿ-ականների ընդունած ընտրական օրենսգրքի մասին է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ այս ընտրություններում ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն հրաժարվել են նախկինում գործող պրակտիկայից, երբ պատգամավորի թեկնածուներին նախապես պարտադրում էին նաեւ ինքնաբացարկի դիմումներ գրել: Գաղտնիք չէ, որ պատգամավորների թեկնածուները ընդգրկվում էին այդ ուժերի ցուցակներում ինքնաբացարկի մասին դիմումները նախապես գրելուց եւ ստորագրելուց հետո միայն. բաց էր թողնվում միայն ամսաթիվը: Եւ հարկ եղած դեպքում կուսակցության ղեկավար կազմը հաճախ առանց անձի իմացության ԿԸՀ կամ ԱԺ նախագահին էին ներկայացնում մանդատից հրաժարվելու մասին նախապես ստորագրած դիմումը` պարզապես ավելացնելով ամսաթիվը: Նման մի սկանդալ եղավ 2017 թվականի ընտրություններից հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից մի քանիսի անունից ԿԸՀ ներկայացվեց ինքնաբացարկի դիմումներ, սակայն թեկնածուներն ասել էին, թե իրենք ոչնչից տեղյակ չեն: Մի մասն ինքնաբացարկի դիմումը ետ վերցրեց, մի մասը` ոչ: Պարզվեց` ԲՀԿ-ում բոլոր թեկնածուներին պարտադրել էին ինքնաբացարկի դիմումներ գրել, վավերացրել էին դրանք նոտարով, որպեսզի Ծառուկյանն իր հայեցողությամբ բաշխի պատգամավորի մանդատները՝ անկախ ստացած քվեներից:
3 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ
Կառավարությունը պատրաստվում է 3000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին: Նշենք, որ Ոսկերչյանին մեղադրանք էր առաջադրվել 2008-ի մարտի 1 ցույցերի ժամանակ զանգվածային անկարգություններ հրահրելու եւ պետական իշխանությունը բռնազավթելու փորձի համար: Նա յոթի գործով անցնող քաղբանտարկյալներից մեկն էր, առանց հիմնավոր ապացույցների, դատապարտել 2 տարվա ազատազրկման, բայց հետո համաներմամբ ազատ էր արձակվել: Ոսկերչյանը բողոքարկել էր վճիռը` պատճառաբանելով, որ նախաքննական մարմինը նրան ձերբակալելու որեւէ հիմնավորում չի ներկայացրել, ներպետական ատյաններում հայցը մերժել էին: ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով սահմանված պատշաճ քրեական դատավարություն իրականացնելու իրավունքը:
ՏԱՔՍԻՆԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Սահակյանն իր եղբոր` Նաիրի Սահակյանի հետ հանդիպումներ է ունենում համայնքապետերի հետ` փորձելով ուղղորդել, որ նրանք ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց համար աշխատեն: Ուշագրավն այն է, որ Սահակյաններն ավելորդ խոսակցություններից խուսափելու համար մարզում շրջում են ոչ թե սեփական մեքենայով, այլ օգտվում տաքսիներից։ Լուրը փորձեցինք ճշտել Սարգիս Սահակյանից, սակայն վերջինս հրաժարվեց. «ես ժամանակ չունեմ»,- հարցը լսելուց հետո ասաց նա եւ անջատեց հեռախոսը։
ԱՍՏՎԱԾ ՄԻ՛ ԱՐԱՍՑԵ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, թե պետք է բացառել ընտրողների կամքի վրա որեւէ ապօրինի ներգործություն, եւ իրավապահ մարմինները հստակ հանձնարարական են ստացել, որ որեւէ ընտրակաշառքի փորձ ստանա կոշտ հակազդեցություն: «Աստված մի՛ արասցե, որ հանկարծ որեւէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, եւ այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, ընդհանրապես, Հայաստանում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, երբ սեփականատերերը իրենց պատկանող ընկերություններում աշխատողներին, համայնքի ղեկավարները բնակիչներին հրավիրում եւ փորձում են նրանց ուղղորդել կոնկրետ քվեարկության ինչ-ինչ լծակներով: Նա ասաց, որ այս երեւույթը եւս պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից:
ՊԱՏԱՍԽԱՆ
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է ՀՀԿ-ի քննադատությանը, թե իշխանություն դառնալուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն խոստումները չի կատարել, չի բարձրացրել աշխատավարձերը: Նա պնդել է, որ աշխատավարձերի բարձրացում եղել է եւ կլինի նաեւ պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց դեպքում. «Ոչ բոլոր պետական մարմիններում, բայց, մասնավորապես, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում եղել է»: Պատգամավորը շեշտել է, որ չեն կարող բոլոր տեսախցիկները հանել, քանի որ դրանք անվտանգության համար անհրաժեշտ են, այլ բան է, որ պետք է վերանայել տուգանքների շեմերը եւ տեղադիրքերը, հատկապես նրանք, որոնք դիտավորյալ որսում են վարորդներին, որ տուգանեն: