ՀԷԿ-ԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին քսան տարիներին Հայաստանի ջրային ռեսուրսներն օգտագործվել, ավելի ճիշտ, մսխվել են անխնա, ամենավայրագ ձեւով: Ու այդ ամենը նախկին իշխանության ներկայացուցիչների հարստացման համար: Այդ մասին շատ է խոսվել, այդ խնդրին մամուլը շատ է անդրադարձել, բայց ապարդյուն: Միանգամայն հասկանալի պատճառներով: Նախկին իշխանությունները չէին կտրի ճյուղը, որի վրա իրենք նստած էին տարիներ շարունակ: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո ականատես ենք լինում ուշագրավ բացահայտումների. ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Արդյունքում հարուցվել է քրեական գործ: Այս խնդրին երեկ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ կառավարության նիստում: Եւ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բավական կտրուկ է արտահայտվել. «Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել,- ասել է նա ու հավելել,- Ենթադրենք` թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որեւէ ձեւով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում, կորչում է: Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման եւ իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը պատկանում են ՀՀԿ իշխանության առանցքային դեմքերին եւ այդ պատճառով էլ արտոնյալ կարգավիճակ են ունեցել` իրենց գործունեութունը ծավալելիս անարգել արհամարհելով օրենսդրությունը: Իսկ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ԺՊ Էդգար Փիրումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է. «Հայաստանում կա գործող 188 հատ փոքր ՀԷԿ, բոլորին որպես նախապայման տրվում է ջրօգտագործման թույլտվություն: Մեր նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են բոլոր ՀԷԿ-երը եւ հայտնաբերել են, որ այդ 188-ից 152-ը ունեն ջրօգտագործման թույլտվության առնվազն մեկ պայմանի խախտում, դա է` ջրառի կետում բացակայում է ջրաչափը: Մինչդեռ իրենք պարտավոր են ունենալ ջրառի կետում ջրաչափ: Այսինքն` պարտավոր են իրենց միջոցների հաշվին ջրառի կետը ապահովել ջրաչափով: Իսկ 152 ՀԷԿ-ի մոտ դա բացակայում էր»:

 

 

ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017թ.: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ ընտրութուններում 8 քաղաքական ուժ էր, իսկ այս անգամ՝ 11-ը, ապա թվի ավելացումը հասկանալի է դառնում: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ ԿԸՀ հրապարակած ընտրացուցակներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի 11 ուժերի կողմից որպես վարկանիշային թեկնածուներ առաջադրվել է 1300 անձ: 2017 թվականի ընտրությունների ժամանակ 8 ուժի դեպքում այդ թիվը 1146-ն է: Ընդ որում, ամենաշատ վարկանիշային ընտրակարգով թեկնածու առաջադրած ուժը ոչ թե «Իմ քայլը» դաշինքն է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ԲՀԿ-ն եւ «Սասնա Ծռեր»-ը: Մասնավորապես, իշխող ուժի դաշինքը ներկայացրել է 149 թեկնածու, ԲՀԿ-ն` 154, իսկ «Սասնա Ծռեր»-ը` 155: ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուները 125-ն է, «Մենք» դաշինքինը` 123, ԼՀԿ-ինը` 142: Ամենաքիչ թեկնածուն ներկայացրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ բոլոր ընտրատարածքներում առաջադրել է 5-ական թեկնածու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի: Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եւ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանին սպանելուց հետո ինքնասպան էր եղել, ավազակային հարձակման պատվիրատուի ուղղությամբ որեւէ բան չի արվի: Թե որքանով են Ղարագոզյանի մասին տրված ցուցմունքները ճիշտ, դժվար է ասել: Ամեն դեպքում, ԱԺ նախկին պատգամավորն այլեւս ողջ չէ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս պատմությունը լսելով` հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել` չհավատալով ներկայացվածին:

 

 

 

ԱԺ-ն 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մինչեւ քվեարկությունը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, թե պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ, սակայն իրենք ընդունել են դրանցից չորսը։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների առաջարկների ամփոփաթերթը, ուշագրավ իրողություն արձանագրեց. բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել խորհրդարանական խմբակցությունները, ոչ էլ քաղաքական թեւի պատգամավորները: Ընդամենը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մի քանի պատգամավոր է հիմնականում առաջարկ ներկայացրել, այն էլ՝ իրենց տարածաշրջանի հետ կապված: Իսկ խմբակցությունների այս «լռությունը» պատահական չէ. խորհրդարանական խմբակցությունները կարծես կառավարությունից նեղացածի կեցվածք են ընդունել ցույց տալու, թե հարկ չեն համարում որեւէ առաջարկ ներկայացնել: Բայց դե նոյեմբերի 1-ից իրավունքի ուժով արձակված ԱԺ-ի դեպքում սա բնական է:

 

 

 

ԿԵՂԾԻՔԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին: Իսկ սա նշանակում է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ միայն պոպուլիզմի պակաս չի լինի, այլեւ դրա քանակն աներեւակայելի չափերով կաճի: Նախանշաններն արդեն երեւում են: Երեկ Արթուր Բաղդասարյանն ասուլիս էր հրավիրել: Խոսքի հնչերանգը մի փոքր այլ էր: Եթե նախկինում պնդում էր, որ իրենք մեղավոր չեն 2008թ. մարտի 1-ի ոճրագործության համար, իրենց ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, ապա հիմա փորձում է ՀՀ քաղաքացիների ներողամտությունը հայցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ կոալիցիա կազմելու համար: «Արել ենք սխալ, ներողություն ենք խնդրել, եթե դա սխալ է: Անսխալական մարդ չկա»,- երեկ հայտարարել է նա: Հետո Բաղդասարյանը հիշեցրել է, որ ՕԵԿ-ը 2008թ. ԱԺ-ում միացել է իշխանական կոալիցիային, որի մասն էին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: «Մենք դուրս եկանք այդ կոալիցիայից` ի տարբերություն մեր որոշ գործընկերների, որոնք մինչեւ հեղափոխությունը մնացել էին իշխանության կողքին: Եղավ տարաձայնություն, հեռացանք կոալիցիայից: Բերե՛ք մեկ այլ օրինակ, երբ ԱԱԽ քարտուղարը, չհամաձայնելով նախագահի հետ, դուրս է գալիս կոալիցիայից»:
Արթուր Բաղդասարյանի ասածներից ստացվում է՝ մարտի 1-ի եւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մեջ միայն իրենք չեն մեղավոր, այլ նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Անշուշտ, այս հարցում նրա հետ համակարծիք ենք:
Իսկ ահա դրանից հետո նա փորձում է իրականությունը խեղաթյուրել` ասելով, թե իբր իրենք դուրս եկան կոալիցիայից` ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք մինչեւ հեղափոխությունը մնացել էին իշխանության կողքին: Եթե նկատի ունի ՀՅԴ-ին, հիշեցնենք` ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ 2009թ. հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Այլ հարց, որ արդեն 2016թ. նրանք վերադարձան ՀՀԿ-ի գիրկը եւ այդպես մինչեւ թավշյա հեղափոխությունը: ԲՀԿ-ն էլ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո կոալիցիա չկազմեց ՀՀԿ-ի հետ: Իսկ ահա Բաղդասարյանը 2008-2014թթ եղել է կոալիցիայի մեջ, ընդ որում՝ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո բավական նվաստացուցիչ պայմաններով: ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ, որովհետեւ լինելով ԱԺ-ում ամենափոքր խմբակցությունը` ցանկանում էր` Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ նշանակվի հենց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին: Այսինքն՝ եթե Բաղդասարյանը նախկին նախագահի հետ ունեցել է տարաձայնություն, ապա միայն այն պատճառով, որ ուզել է դառնալ վարչապետ, իսկ Սարգսյանը չի համաձայնել:




Լրահոս