Երեկ ՀՀ առաջին փոխվարչապետի ԺՊ Արարատ Միրզոյանը անդրադարձել է ՀԷԿ-երի ոլորտին: Նրա խոսքերով` այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել:
«Ենթադրենք` թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որեւէ ձեւով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում, կորչում է: Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման եւ իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»,- հայտարարել է Միրզոյանը:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Արդյունքում մեկ քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է նախաքննության փուլում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքերով` քրեական գործով կպարզվեն բոլոր այն պատասխանատու անձինք, ովքեր պետք է հետեւեին, որպեսզի լիցենզիային համապատասխան լիներ ջրօգտագործումը, բայց դա չի իրականացվել:
Արարատ Միրզոյանի մատնանշած Եղեգիս գետի վրա կառուցված են ավելի քան 8 ՀԷԿ: Այսպես, «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ-ը շահագործող «Սուրբ աղբյուր» ընկերության հիմնադիրն է Արշավիր Սարգսյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` Արշավիր Սարգսյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի եւ մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է: Պետռեգիստրի տվյալներով` «Ալնարս» ՓՀԷԿ-ը շահագործող «Ալնարս» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Արսեն Գաբրիելյանը, Նարեկ Մնացականյանը, Ալբերտ Մարգարյանը: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:
Իսկ «Գողթանիկ» ՓՀԷԿ շահագործող «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ընկերության հիմնադիրն է Հայկ Սուվարյանը, «Եղեգիս-3» ՓՀԷԿ կառուցած «Սյունյաց Վոթ»-ինը` Նաիրա Սարգսյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` նշված անձինք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու փեսան են: «Եղեգիս-1» ՓՀԷԿ կառուցած «Բազենք» ՓԲԸ-ի հիմնադիրները 4-ն են` Մելս, Հակոբ, Պարթեւ եւ Արմեն Հակոբյանները: Ի դեպ, այս ընկերությունը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Վերջինիս է պատկանում նաեւ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն, «Բազալտ» ՓԲԸ-ն եւ այլն: Ըստ որոշ տեղեկությունների` «Էլեգիս Հ.Է.Կ.» ընկերությունը նույնպես պատկանում է Հակոբյանների ընտանիքին: Սակայն պետռեգիստրում նշված է, որ ընկերության հիմնադիրն է Սյունիքի հասարակական բարեգործական կենտրոնը: Ահա այս անձանց մեղքով է Եղեգիս գետի էկոհամակարգը վտանգվել: Նույն վիճակն է նաեւ Ախուրյան գետում, որտեղ եւս ՀԷԿ-երի սեփականատերերը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ են:
Բայց չնայած սրան` ՀՀ բնապահպանության նախարարությունը միայն օգոստոսին է սկսել ուսումնասիրել ՀԷԿ-ը: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ԺՊ Էդգար Փիրումյանի հետ:
-Պարո՛ն Փիրումյան, օգոստոսին ուսումնասիրություններ եք անցկացրել ՀԷԿ-երում: Ի՞նչ խախտումներ եք հայտնաբերել:
-Հայաստանում կա գործող 188 հատ փոքր ՀԷԿ, բոլորին որպես նախապայման տրվում է ջրօգտագործման թույլտվություն: Մեր նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են բոլոր ՀԷԿ-երը եւ հայտնաբերել են, որ այդ 188-ից 152-ը ունեն ջրօգտագործման թույլտվության առնվազն մեկ պայմանի խախտում, դա է` ջրառի կետում բացակայում է ջրաչափը, մինչդեռ իրենք պարտավոր են ունենալ ջրառի կետում ջրաչափ: Այսինքն` պարտավոր են իրենց միջոցների հաշվին ջրառի կետը ապահովել ջրաչափով: Իսկ 152 ՀԷԿ-ի մոտ դա բացակայում էր: Մենք սահմանված կարգով բոլոր ուսումնասիրությունների վերաբերյալ գրությունները ուղարկել ենք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին: Այսինքն` մենք ասել ենք, որ կատարել ենք ուսումնասիրություններ այսքան ՀԷԿ-երում, եւ դրա արդյունքում արձանագրվել են այս տեսակի չարաշահումներ եւ խախտումներ, խնդրում ենք ձեզ կատարել ստուգումներ:
-Իսկ փոխվարչապետի ԺՊ-ի այն հայտարարությո՞ւնը, որ ՀԷԿ-երն ունեցել են իքս քանակի ջրօգտագործման թույլտվություն, բայց օգտագործել են սահմանվածից 3-4 անգամ ավելի ջուր…
-Առաջին հերթին որպեսզի մենք կարողանանք արձանագրել, որ ՀԷԿ-ը ջրօգտագործման թույլտվությունից ավել է ջրառ իրականացրել, ինքը պետք է ունենար ջրաչափ: Եթե ինքը ջրաչափ չունի, դա արդեն կասկած է հարուցում` ինչու ինքը չի տեղադրել ջրաչափ: Երկրորդը` մենք ամեն ամիս հաշվարկային կենտրոն ընկերությունից ստանում ենք տեղեկություն, թե ՀԷԿ-երը տվյալ ամսվա կտրվածքով ինչքան էլէներգիա են արտադրել եւ տեղափոխել էլեկտրացանց:
-Այսինքն` հնարավոր չէ՞ պարզել ջրօգտագործումը ըստ արտադրած էլեկտրաէներգիայի:
-Գոյություն ունի ընդհանուր հաշվարկային բանաձեւ եւ այն ամեն ՀԷԿ-ի համար չէ, ընդհանուր հաշվարկային է: Համաձայն այդ բանաձեւի` զգալի թվով ՀԷԿ-եր իրականացրել են ավելի ջրառ, բայց դա հստակ իմանալու համար մենք նախ պետք է իմանանք ՀԷԿ-ի օգտակար գործողության կամ անկման գործակիցը եւ այլն: Եթե մենք դա ընդհանրացնում ենք, ապա այդ տեսանկյունից զգալի թվով ՀԷԿ-եր իրականացնում են ավելի ջրառ: Բայց որպեսզի հստակ իմանանք, պետք է իրականացվեն ստուգումներ արդեն համապատասխան ջրաչափիչ սարքավորումներով եւ այլն:
-Պարո՛ն Փիրումյան, ՀԷԿ-երի սեփականատերերը ջրաչափ չտեղադրելը ինչպե՞ս են հիմնավորել:
-Ոչ մի բան չեն ասել: Մենք իրենց տվել ենք ողջամիտ ժամանակ, տեղեկացրել ենք տեսչական մարմնին: Նշեմ, որ երկու ամիսների ընթացքում 32 ՀԷԿ արդեն տեղադրել է ջրաչափ:
-Մե՞ծ ծախսեր են պահանջվում ջրաչափ տեղադրելու համար:
-Մոտավոր թվեր կարող եմ ասել` 1-1.5 մլն դրամ: Դա կախված է ջրաչափի մակնիշից:
-Արդյոք ՀԷկ-երի սեփականատերերը, ջրաչափ չտեղադրելով, փորձե՞լ են թաքցնել ջրօգտագործման իրական չափը:
-Չեմ կարող ասել, միգուցե: Կամ էլ չեն ցանկացել ավել գումար ծախսել: Դա մեր պարտականությունը չէ` ճշտել իրենց կատարած հանցանքի պատճառները: Դա թող համապատասխան մարմինները իրականացնեն: ՀԷԿ-երի մեծամասնությունը խախտումներով է աշխատում:
-Պարո՛ն Փիրումյան, նախարարությունը ի՞նչ հաճախականությամբ է ՀԷԿ-երում ուսումնասիրություններ անցկացնում:
-Նման հաճախականություն ֆիքսված չէ: Դա իրականացնում է օրենսդրության համաձայն: Ֆիքսված ժամկետ չկա: Մենք ՀԷԿ-երին տուգանելու, նախազգուշացում տալու լիազորություններ չունենք: Դա պետք է տեսչական մարմինը անի: Բայց ՀԷԿ-եր կան, որ մեզ գրություններ են ուղարկել եւ բացատրել, որ պայմանագիր են կնքել ջրաչափի ձեռքբերման այսինչ ընկերության հետ, բայց պահեստում առկա չէ, եւ պատվիրել են: Ապա խնդրել են ջրաչափ տեղադրելու համար տալ իրենց ողջամիտ ժամանակ: Սա նշանակում է, որ ՀԷԿ-երը արձագանքել են մեր պահանջին:
Հ.Գ. Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ունեն հաստատված ստուգաթերթ ՀԷԿ-երում ստուգում իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Վրույր Արծրունին հայտնեց. «Սակայն այն կարծիքին ենք, որ այդ ստուգաթերթում առկա հարցերը բավարար չեն ոլորտում առկա խնդիրները ամբողջությամբ եւ իր ողջ խորքայնությամբ վեր հանելու եւ լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար, ուստի նախատեսում ենք ստուգաթերթում անհրաժեշտ լրամշակումներ իրականացնել: Այս առումով համագործակցում ենք նաեւ հասարակական սպեկտրում գործող ոլորտի տարբեր մասնագետների եւ մասնագիտական խմբերի հետ ի մի բերելու նաեւ նրանց ոսումնասիրությունների արդյունքները եւ առաջարկները, ինչից հետո մեր վերահսկողության շրջանակում ստուգումներ կսկսվեն ոլորտում գործող ընկերություններում»:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Գյումրիում գործում է 21 համատիրություն։ Դեռ 5 տարի առաջ դրանց թիվը 26-ն էր։ Ժամանակի ընթացքում համատիրությունները միավորվեցին, նպատակն էր աշխատանքն առավել էֆեկտիվ դարձնելը։ Սակայն վերամիավորումը որակի վրա չանդրադարձավ։ Բնակչությունը շարունակում է դժգոհել: «Ամեն ամիս պարտաճանաչորեն վճարում ենք։ Արդեն մի քանի տարի դռները վնասված են, պատուհանները կոտրված։ Ոչ մի լումա չի ծախսվում շենքերի պահպանման ու շքամուտքերի վերանորոգման համար»,-ասաց Գյումրու բնակիչներից մեկը։
«Ես վճարում եմ, հարեւանս չի վճարում։ Ես պարտավոր եմ մյուսների փոխարեն էլ վճարել վարձը։ Ստացվում է` ես նաեւ մյուսների համար եմ գումար տալիս, գործն էլ սրտովս չէ»,-ավելացրեց Մուշ թաղամասի բնակիչներից մեկը։
Գյումրիում մեկ քառակուսի մետրի դիմաց ամսական սահմանված վարձավճարը 6-11 դրամ է, այսինքն` մեկ բնակարանի համար միջին հաշվով քաղաքացին վճարում է 450-700 դրամ։ Համատիրությունների նախագահներն էլ դժգոհում են, որ բնակիչները հրաժարվում են վարձավճարները տալ, արդյունքում համատիրությունները կանգնում են ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։
Օրինակ` Գյումրու Կարին համատիրությունը սպասարկում է 52 շենք։ Համատիրության բյուջեն կազմում է 900 հազար դրամ, որի մոտ 35 տոկոսն ուղղվում է աշխատավարձերի տրամադրմանը։ Ստացվում է` շենքերի սպասարկման համար գրեթե գումար չի մնում. «Համատիրությունը միշտ ժողովրդի պահանջները չի բավարարում, միշտ չի հերիքում, ժողովուրդը հրաժարվում է մուծել գումարները, ունեցողները չեն մուծում։ Հենց այս պահին շենքերից մեկում ջրագծերի վթար կա, ստիպված ենք գնալ ու վերացնել»,- ասաց Կարին համատիրության նախագահ Սենիկ Եսայանը։
Բնակիչներն էլ չեն վճարում, քանի որ ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրիում աշխատանքներից դժգոհ են: «Մենք տեսնում ենք, որ համատիրությունն ահագին ջանքեր է թափում, բայց եթե ոչ ոք չի տալիս, ես էլ ինչո՞ւ պետք է վճարեմ։ Արդեն մի քանի տարի չեմ վճարել, չեմ էլ վճարում։ Միեւնույնն է, շենքերի վիճակը նույնն է»,-ասաց գյումրեցիներից մեկը։ Արդյունքում քաղաքացիներն իրենց չվճարելով ավելի են բարդացնում համատիրությունների վիճակը: Չնայած մյուս կողմից էլ նկատենք, որ համատիրությունները նախորդ իշխանութունների օրոք եղել են ձայն բերող, այլ ոչ թե շենքի խնդիրները լուծող կառույց:
Գյումրիում համատիրությունները համայնքի բյուջեից դրամական աջակցություն ընդհանուր ստանում են 22-25 միլիոն դրամ։ Գումարը հիմնականում ծախսում են շենքերի կտուրների, մուտքերի վերանորոգման նպատակով: Սակայն այդ գումարն էլ չի բավարարում լուծել խնդիրները։ Գյումրիում մեծ է վթարային շենքերի թիվը, որոնց խնդիրները մասնակի նորոգումներով չի լուծվում։
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի