ՀՀԿ-ԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ Է` ԶՐՈ ՁԱՅՆ ՏԱԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Տիկի՛ն Թանդիլյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը ինչպե՞ս կազմվեց: Տարաձայնություններ եղե՞լ են:
-Մենք բավական քննարկել ենք: Հետաքրքրական է, որ կարծեք թե առաջին առաջնորդող թիմի հետ կապված հարցեր չեն ծագել: Դուք կտեսնեք, որ մեր տասնյակի մեջ մեր կուսակցական ակտիվն է, որը կուսակցության հիմնադրման օրից մեզ հետ է, մեր ընկերներն են հանրային ոլորտից եւ մարդիկ են, որոնք սատարել են կուսակցությանը: Իհարկե, կան ակնկալիքների անհամապատասխանություն, դա նորմալ է, որովհետեւ բոլորը ցանկություն ունեն ներգրավվել, լինել առաջիններում, որպեսզի կարողանան իրացնել իրենց տաղանդները, բայց, միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ շատ արդարացի ցուցակ է կազմվել: Առաջին տասնյակում ունենք մարզային ներգրավվածություն: Մեր վարկանիշային թեկնածուները բավական վառ անհատականություններ են, նոր քաղաքական գործիչներ են, որոնք ցանկություն են հայտնել մեր ցուցակով առաջադրվել: Սա մի հրաշալի ցուցակ է, որտեղ չկան նախկին իշխանավորներ եւ նրանց հետ կապ ունեցողներ. կա լուսավոր, պայծառ ցուցակ, որը փոփոխություն է բերելու քաղաքական ներկապնակում:
-Կարծում եք` Ձեր ցուցակը մրցակցայի՞ն է ռեյտինգային ցուցակի առումով:
-Այո, շատ: Եղել են թեկնածուներ, որոնք, տեսնելով մեկ այլ թեկնածուի իրենց վայրում, մտածում էին չառաջադրվել այդ պարագայում, բայց մենք բոլորին ասում ենք, որ դուք` յուրաքանչյուրդ, ունեք հավասար հնարավորություններ: Ես ռեյտինգային ընտրված պատգամավոր եմ եղել: Իմ օրինակը, որ նախկինում չեմ եղել քաղաքական ասպարեզում, ունեցել եմ հավասար հնարավորություններ բոլորի հետ եւ բավականին լուրջ ձայներով ընտրվել եմ: Ես մեր վարկանիշային թեկնածուներին միշտ ասում եմ, որ իրենք պետք է անեն մաքսիմալը, եւ դա փոխհատուցվում է: Հույս ունեմ` հրաշալի քարոզարշավ են իրականացնելու:
-Դուք ասում եք, որ հավակնում եք լինել երկրորդ ուժը խորհրդարանում, սակայն երբ «Լույս» դաշինքը բաժանվեց, «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց, թե քննարկվել է կուսակցությունով մասնակցելու տարբերակը, եւ դա է եղել փլուզման պատճառը: Այսինքն` 7 տոկոսի շեմը չհաղթահարելու մտավախություն է եղել: Այս պարագայում չե՞ք վախենում երկրորդ ուժը լինելու համար ոչ բավարար ձայներ ստանալուց:
-Մենք ասում ենք` երկրորդ ուժ եւ տոկոսների մասին չենք խոսել: Երբ որ մենք ասում ենք` երկրորդ ուժ, նկատի ունենք, որ այսօրվա քաղաքական դաշտը անկանխատեսելի է, եւ քաղաքացիների որոշում կայացնելու մեխանիզմները կարծեք թե փոխվել են: Սա հետհեղափոխական առաջին համապետական ընտրությունն է, եւ հետեւաբար ինձ համար զրոյական է յուրաքանչյուր քաղաքական ուժի դիրքը: Այլ բան են տվյալ ուժի քաղաքական գործիչները, ովքեր իրենց պատմությունը իրենց հետ բերել են եւ դրանով ձեւավորելու են այն ընտրազանգվածը, որը հետագայում իսկապես լինելու է տվյալ ուժի սոցիալական հենարանը: Մենք քննարկումներ ունեցել ենք «Հանրապետություն» կուսակցության հետ: Նրանք ընտրել են այլ ճանապարհ, որը ես բացարձակ հարգում եմ:
-Այսինքն` դուք կանխատեսում եք, որ առաջին ուժը լինելու է «Իմ քայլը» դաշինքը, իսկ երկրորդ ուժը շատ ձայներ չի հավաքելու:
-Երկրորդ ուժը լինելու է նոր, կառուցող քաղաքական ուժ: Եւ այդ բնութագիրը ունի միայն ԼՀԿ-ն:
-ՀՀԿ կարգախոսով, ի՞նչ եք կարծում, փորձ է արվում հանրության այն հատվածին, որը իսկապես մտահոգ է, իրենց կողմը տանե՞լ:
-Մտահոգ է ինչո՞վ: Որ նախորդ ամբողջ կառավարման տարիների ձախողած ուժին պետք է ընտրել, եթե մտահոգ ես: Կարծում եմ` կարգախոսից հետո արդեն ձախողած է Հանրապետականը, եւ իրենց մասին պետք է մոռանալ` որպես վատ մղձավանջ, որը այլեւս չպետք է վերադառնա քաղաքական դաշտ: Մենք պետք է բերենք նոր մշակույթ, նոր որակի ընդդիմություն եւ իշխանություն: Այն ուժը, որը պետք է լինի ընդդիմություն, իր քննադատական խոսքով այնպիսի լուծումներ պիտի տա եւ օգնի դրանք իրականացնել, որ շահի մեր պետությունը: Ընդդիմությունը պետք է լեգիտիմություն ունենա: Այն ուժը, որը ձախողել է հնարավոր ամեն ինչ, լեգիտիմ ընդդիմություն լինել չի կարող: Վստահ եմ` ժողովուրդը պատասխանելու է ՀՀԿ-ին 0 ձայնով:
-Դուք հրաժարական տվեցիք եւ ասացիք, որ նման բան եք անում, որ նախարարի պաշտոնը Ձեզ չկաշկանդի, եւ կարողանաք կուսակցության գաղափարախոսությունը առաջ տանել: Այդ պարագայում դուք անհավասար վիճակ տեսնո՞ւմ եք:
-Ինձ համար ամենասկզբունքայինն է, որ քաղաքացիները հասկանան` այս քաղաքական գործիչը կառավարության անդա՞մ է, թե՞ ներկայացնում է իր կուսակցությունը: Անկախ նրանից, որ ես, կառավարության անդամ էլ լինելով, ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստանը», բայց այնտեղ դու զբաղված ես նախարարական աշխատանքով եւ դու ուզում ես կառավարության հաջողությունը, հիմա էլ եմ ուզում, բայց արդեն այլ ռակուրսից եմ նայում: Այո, նախարարական ստատուսով շատ ավելի ձայն կարող էի հավաքել, բայց ես չեմ ուզում քաղաքացիների մոտ խաբկանք լինի, թե ես անպայման վերադառնալու եմ գործադիր պաշտոնի: Քաղաքացիների համար այս գործողությունները պետք է կապվեն նախարարի կամ քաղաքական գործչի աշխատանքի հետ:
-Ասացիք, որ անպայման չէ, որ նորից լինեք գործադիրում: Այսինքն` եթե «Իմ քայլը» դաշինքը ունենա կոալիցիայի կարիք, չե՞ք լինի գործադիրում:
-Այո: Եթե մեծամասնություն լինի, ես գտնում եմ, որ իր վրա պիտի վերցնի ղեկավարման ողջ պատասխանատվությունը:

 

 

 

ԻՐԵՆՑ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՎՐԱ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Մխիթար Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է քաղաքական դաշտը սեւերի եւ սպիտակների բաժանելու համար: Սակայն ՀՀԿ նախընտրական պաստառը սեւ ու սպիտակ է: Ըստ Ձեզ` սա ի՞նչ ակնարկ է:
-Ճիշտն ասած` չեմ վերլուծել ՀՀԿ-ի PR քաղաքականությունը: Ամեն դեպքում, կարող եմ մեր գույներից խոսել, որոնք շատ վառ են ու պոզիտիվ, որովհետեւ մենք հիմնական շեշտադրումը արել ենք ավելի դրական էմոցիաներ արտահայտող, դեպի ապագան միտված. հանուն ինչի ենք մենք պատրաստվում ստանձնել երկրի կառավարումը ժողովրդի վստահության մանդատը ստանալու պարագայում: ՀՀԿ-ի կարգախոսը հիմնականում ենթատեքստով մատնանշում է կառավարության հնարավոր ձախողումը. այսինքն` նրանք ավելի շատ խոսում են մեր մասին, եւ իրենց հույսը դրել են ուրիշների ձախողման, այլ ոչ թե իրենց ծրագրերի, ժողովրդի մոտ ունեցած իրենց վստահության վրա: Ահա եւս մեկ տարբերություն մեր եւ ՀՀԿ-ի միջեւ: Մենք հանդես ենք գալիս ավելի դրական կոչերով ու PR քաղաքականությամբ եւ հանրությանը ասում ենք, թե հանուն ինչի կարող են մեզ ընտրել: Դա բացառապես մեր մասին է, մենք գործ չունենք մյուս քաղաքական ուժերի հետ, նրանց հնարավոր ձախողումների հետ: Երեւի ավելի ճիշտ կլինի Վիգեն Սարգսյանին հարցնել գույների ընտրության մասով:
-Ավագանու ընտրությունների ժամանակ պայքարը սուր ընթացք ստացավ: Այս ընտրություններում ինչպիսի՞ն կլինի պայքարը:
-Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները բոլորվին այլ քաղաքական երկխոսության եւ բանավեճերի մշակույթ են բերելու: Թեեւ կրկնում եմ` ռեյտինգային ընտրակարգը դրա տրամաբանությունը որոշակիորեն խախտում է, բայց այնուամենայնիվ, կոնկրետ մեզնից` թեկնածուներից, շատ բան է կախված: Հիմա պահը հասունացել է, որ ընտրությունները ավելի քան քաղաքականացվեն, եւ հանրությունն իր քվեն տա` լսելով եւ տեսնելով այդ դեբատները ու քաղաքական նոր մշակույթը: Ոչնչից ապահովագրված չենք, բայց առնվազն ես ու իմ թիմը մեզնից հասնող ամեն բան անելու ենք բոլորովին նոր մշակույթով հանդես գալու համար:
-Ռեյտինգային ընտրակարգը իրենից նաեւ ենթադրում է պայքար թիմակիցների մեջ: Ի՞նչ եք անելու հնարավոր կռիվներն ու կոնֆլիկտները կանխելու համար:
-Մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, որ թեկնածուներով միասին ենք գնալու տարբեր ընտրողների հետ հանդիպումների եւ ներկայանալու ենք որպես թիմ: Այս իմաստով ինձ համար իմ որեւէ թիմակցի որեւէ քանակությամբ ձայն ստանալը բացառապես բխում է «Իմ քայլը» քաղաքական թիմի շահերից, եւ ես միայն ուրախ կլինեմ, որ բոլոր 13 էլ հնարավորինս շատ ձայներ ապահովեն մեր քաղաքական թիմի համար: Գոնե մեր թիմի ներսում մրցակցային տրամադրություններ չկան, եւ մեր մրցակիցները մյուս բոլոր 10 ուժերն են:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ
«Իմ քայլը» դաշինքով որպես վարկանիշային թեկնածու առաջադրված մարզպետներն արձակուրդում կլինեն: Նոյեմբերի 21-ի հրամանով` բոլոր մարզպետներին, բացի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից եւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանից, ովքեր առաջադրված չեն, մյուսներին արձակուրդ է տրամադրվել: Չնայած ժամկետները 1-2 օր տատանվում են, սակայն հիմնականում արձակուրդային շրջանը սկսվում է նոյեմերի 26-ից, ավարտվում դեկտեմբերի 7-ին կամ 10-ին: Նիկոլ Փաշինյանի օգնական Արփի Դավոյանին եւս արձակուրդ է տրամադրվել կրկին քարոզարշավին մասնակցելու նպատակով: Արձակուրդի կմեկնեն նաեւ փոխվարչապետների գրասենյակների աշխատակիցները: Օրինակ` արձակուրդում կլինեն Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, խորհրդական Գեորգի Մուրադյանը, արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը եւ Արարատ Միրզոյանի օգնական Քրիստինե Պողոսյանը:

 

 

ՀԱՐՍՏԱՑՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի դրամական միջոցները անհասկանալի պայմաններում ավելացել են: Այսպես, եթե 2016 թվականին դատավորն ունեցել է 9 մլն դրամ, ապա 2017-ին այն դարձել է 14 մլն դրամ, 150 հազար ռուսական ռուբլին` 350 հազար: Իսկ 28 հազար դոլարը մնացել է նույնը: Որպես եկամուտ նա հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 609 հազար դրամ: Բացի այս, դատավոր Եսոյանը անցած տարում 220 հազար ռուսական ռուբլու չափով «նվեր» է ստացել: Թե ով է տվել այդ «նվերը» եւ ինչու, դեռեւս հայտնի չէ: Նաեւ նա ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ: Անցած տարվա ընթացքում դատավորը 3 մլն 152 հազար դրամով վաճառել է Nissan Altima 2.5 մակնիշի ավտոմեքենա: Իսկ կնոջ` Լիլիթ Թազայանի անցած տարվա եկամուտը կազմել է 112 հազար դրամ, բայց չնայած սրան` ունի 5 մլն դրամի, 37 հազար դոլարի չափով դրամական միջոց: Համաձայնեք, որ կասկածելի է` այդքան քիչ եկամուտով ինչպես է հաջողացրել դրամական միջոցներ կուտակել:

 

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զինաիդա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար: Բանն այն է, որ նա, ներկայանալով որպես «Զորեղ ապագա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն, ամուսնու՝ Արամ Մարտիրոսյանի հետ 2018թ. հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում «Տիգրան Ապրալեան» ԱՁ-ին պատկանող, Երեւան քաղաքի Պռոշյան փող. 2/1 հասցեում գտնվող «Հալեպ» ռեստորանում գումարը հետագայում փոխանցելու պատրվակով չարաշահելով ռեստորանի սեփականատիրոջ՝ Տիգրան Ապրալեանի վստահությունը, կազմակերպել են հյուրասիրություններ, սակայն խոստացած գումարը հետագայում չեն փոխանցել: Իսկ ռեստորանի տիրոջը պատճառված վնասը բավական մեծ է՝ 1.1 մլն դրամ: Ու հիմա` ռեստորանատիրոջ բողոքից հետո, քրեական գործ է հարուցվել:




Լրահոս