Դեռ հասցրած չլինելով ներկայանալ որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծամասնություն` ԱՄՆ դեմոկրատների ներսում խլրտումներ են առաջացել: Պատճառը պալատի խոսնակի պաշտոնն է, որին կրկին հավակնում է Նենսի Փելոսին: Վերջինիս թեկնածությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել կուսակցության ներսում, որտեղ փոփոխություններ են պահանջում` կարեւոր համարելով ամերիկյան ընտրողների առաջ նոր դեմքերով ներկայանալը:
Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու տարիներին ղեկավարել է հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Ռայընը, որը դեռ 2008թ. նախագահական ընտրություններում հանրապետականների փոխնախագահի թեկնածուն էր: Նա համարվում է չափավոր հանրապետական եւ Թրամփի վերաբերությամբ հրապարակային դժգոհությամբ հանդերձ` նախագահական ընտրություններում սատարեց նրան եւ պահպանեց կուսակցական կարգապահությունը: Սակայն Ռայընը ավելի հակված է կուսակցության ավանդական ղեկավարության կողմը, ուստի Թրամփի քաղաքականության հանդեպ մշտապես վերապահումներ է ունեցել` երբեմն անգամ դրանց մասին բարձրաձայն խոսելով: Ուշագրավ է, որ նա դեռեւս ամռանն էր հայտարարել, որ լքելու է խոսնակի պաշտոնը` անկախ նոյեմբերի ընտրությունների արդյունքներից: Ռայընը շատ լավ էր հասկանում, որ Կոնգրեսի առաջին պալատը պահպանելն անհնար էր լինելու, ուստի կանխավ իր համար քաղաքական հարթակ ստեղծեց պարտության բեռը հրապարակավ չկրելու համար: Նա, ինչպես մի շարք երեւելի հանրապետականներ, կարծես հակված են ակտիվ քաղաքականությունից դադար վերցնելու` քաջ գիտակցելով, որ հիմա Դոնալդ Թրամփի աստեղային ժամն է, որը կարող են խլել միայն դեմոկրատները: Հետեւաբար գաղափարական հանրապետականների համար գործունեության ոլորտն առանձնապես մեծ ու հարմար չէ:
Եթե Ռայընի պես գործիչները հեռանում են ասպարեզից, ապա նախկին հայտնի դեմոկրատները վերադառնալու ակտիվ քայլեր են ձեռնարկում: Այս առումով անգերազանցելի է թվում Նենսի Փելոսին, որը 2011թ. ի վեր Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդն է, իսկ 2007-2011թթ. զբաղեցրել է պալատի խոսնակի պաշտոնը: Ներկայումս Փելոսին ակտիվորեն աշխատում է իր համախոհներին միավորելու ուղղությամբ` փորձելով կրկին դառնալ խոսնակ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` նա բավականին ինքնավստահ է ներկայացուցիչների հետ բանակցություններում եւ քիչ հավանական է համարում, որ չի ընտրվի այդ պաշտոնում: Սակայն Փելոսիի նկրտումները էականորեն խաթարվեցին նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 16 դեմոկրատների հրապարակային նամակի պատճառով: Դեմոկրատները, արտահայտելով իրենց հարգանքը Փելոսիի հանդեպ եւ նրան անվանելով «պատմական կերպար», միեւնույն ժամանակ պնդում են, որ եկել է վերնախավի փոփոխության ժամանակը: Նրանց համոզմամբ` հասարակությունն իր քվեն տվել է դեմոկրատներին նախ եւ առաջ վերնախավում փոփոխություններ կատարելու համար, իսկ այսօր Փելոսիին ընտրելը չի կատարում հանրության սպասելիքները: Խոստանալով իրերի դրությունը փոխել` նշյալ դեմոկրատները հավաստիացնում են, որ կատարելու են հասարակության պահանջն ու թույլ չեն տալու, որ Փելոսին ընտրվի խոսնակ: 16 դեմոկրատներին կարծես միացել են նաեւ երեքը, որոնք մասնավոր զրույցներում պատրաստակամություն են հայտնել միանալ Փելոսիի դեմ պայքարին:
Սակայն դեմոկրատների ներքին պայքարը, ինչպես եւ սպասվում էր, անմասն չմնաց ամերիկյան ընդհանուր քաղաքական կյանքից` ներգրավելով նախագահ Դոնալդ Թրամփին: Վերջինս որսացել է դեմոկրատների շարքերում հնարավոր պառակտման պահը եւ արդեն իսկ քայլեր է ձեռնարկում իրավիճակից օգտվելու համար: Թրամփը հայտարարել է, որ դրականորեն է վերաբերվում Փելոսիի թեկնածությանը` վերջինիս անվանելով ուժեղ անհատականություն, որը արժանի է զբաղեցնելու այդ պաշտոնը: Նա միաժամանակ խոստացել է ապահովել համապատասխան ձայներ Փելոսիի համար, եթե հանկարծ նա չկարողանա ստանալ դեմոկրատների աջակցությունը: Թրամփը նշել է, որ Փելոսիի ընտրության համար կարող է ապահովել ինչպես 1-2, այնպես էլ 10-50 ձայն, եթե դրա կարիքը լինի: Նախագահը շտապել է հիասթափեցնել Փելոսիի թեկնածությանը դեմ արտահայտվող դեմոկրատներին` խնդրելով լրատվամիջոցներին փոխանցել նրանց, որ անտեղի վատնում են իրենց ժամանակը:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Թրամփը ձեռք է մեկնում դեմոկրատական կուսակցության ֆրակցիաներից մեկին մյուսի դեմ պայքարում: Թրամփն այստեղ իրեն դրսեւորում է օպորտունիստ քաղաքական գործիչ, ինչը լիովին տրամաբանական է: Այստեղ հատկանշական է, որ Թրամփն աջակցության պատրաստակամություն է հայտնել իր ոխերիմ հակառակորդներին, ինչը, նախագահի խառնվածքը հաշվի առնելով, անակնկալ էր շատերի համար: Բայց Թրամփն ամենեւին էլ չի դավաճանում իրեն, այլ նոր ինտրիգային իրավիճակի մեջ է հայտնվում այս անգամ արդեն դեմոկրատների ճամբարում: Ի դեպ, Փելոսին, անդրադառնալով հանրապետականների հնարավոր աջակցությանը խոսնակի պաշտոնը ստանալու հարցում, կտրականապես ժխտել է այդ տարբերակը: Սակայն հազիվ թե նախկին խոսնակը հրաժարվի կրկին այդ պաշտոնում հայտնվելու գայթակղությունից, ինչ է թե օժանդակություն ցուցաբերողը քննադատելի նախագահն է: Կարելի է ակնկալել, որ Թրամփը չի կորցնի դեմոկրատների առաջնորդին լավություն անելու հնարավորությունը, իսկ վերջինս էլ դժկամությամբ, բայց կընդունի այդ աջակցությունը` կրկին դառնալով ԱՄՆ-ում կարգավիճակով երրորդ մարդը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԵՐԿԱԹԵ ԼԻՆԳՈՎ
Նոյեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Հարություն Նուրբեկյանի դատավարությունը: Նա մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ գտնված վիճակում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչներ Արմեն Օհանյանի եւ Կարեն Ուլիխանյանի օրինական գործողությունները խոչընդոտելու մեջ: Ավելին, նա չի ենթարկվել ՃՈ տեսուչների օրինական պահանջներին եւ մետաղյա լինգով հարվածել է ոստիկաններից Ա. Օհանյանի ծոծրակին` առողջությանը պատճառելով վնաս: Հ. Նուրբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Հ. Նուրբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԲՈՅԿՈՏԵԼ
Իջեւան քաղաքի կենտրոնում` Աղստեւ գետի ափին, հառնում են խանութներ, ճաշարաններ, այլ օբյեկտներ: Բայց խնդիրը ոչ թե այդ շինություններն են, այլ դրանց աշխատակիցները, որոնք հաճախ գետի վրա կախված պատշգամբներից կենցաղային աղբը նետում են գետը: Արդյունքում գետի ափերին գոյանում են մեծ աղբակույտեր: Վերջերս գետափնյա մեծ խանութներից մեկի սեփականատերը մաքրել է տվել իր խանութից ներքեւ գտնվող գետափնյա հատվածը: Աշնանային անձրեւներից գոյացած հեղեղն աղբակույտերը քշել-տարել է, գետափնյա հատվածներն այժմ գեղեցիկ տեսք ունեն: Սակայն իջեւանցիներից շատերը պատրաստվում են, այսպես կոչված, «ֆլեշ-մոբ» կազմակերպել` մինչեւ դեկտեմբերի 9-ը` խորհրդարանական ընտրությունների օրը, գնումներ չկատարելով այն խանութներից ու մարդկանցից, որոնց տեսել են Աղստեւ աղբ նետելիս:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նոյեմբերի վերջին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենալու ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը, ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է: Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին Մինսկում: Վերջին շրջանում լարվածություն է նկատվում Հայաստան-Բելառուս հարաբերություններում՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ: Մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր ՀԱՊԿ` վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:
ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրողների համար սահմանել պետական տուրքի նույն դրույքաչափերը:
Բանն այն է, որ ներկայումս ՀՀ-ում տաքսի ծառայություն է մատուցում 190 ընկերություն, որոնցից 52-ը 1-4 ավտոմոբիլով, եւ վճարում են լիցենզիայի համար տարեկան 100 հազար դրամ պետական տուրք: Իսկ ահա 138-ը` 5 եւ ավելի ավտոմոբիլներով, վճարում են լիցենզիայի համար տարեկան 200 հազար դրամ պետական տուրք: Այսինքն՝ լիցենզավորման պետական տուրքի մասով անհավասար պայմաններ են ստեղծվում մեքենաների տարբեր քանակով նույն գործունեությունն իրականացնող ընկերությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լիցենզիայի պետական տուրքի չվճարման տուգանքներ կան կուտակված, որոնք անընդհատ աճում են լիցենզավորված անձանց կողմից լիցենզիաները չհանձնելու հետեւանքով: Անընդհատ աճող տուգանքներից խուսափելու համար նախարարությունը առաջարկում է այս տարվա հունվարի 1-ից դադարեցնել 3 ամսից ավելի պետական տուրքը չվճարած անձանց լիցենզիաների գործողությունը: Ի դեպ, այն կտարածվի նաեւ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Ինչպես հայտնի է, այժմ Հայաստանում գոյություն չունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տաքսի ավտոմոբիլներ, ինչը խախտում է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը առաջիկայում պարտադիր պայման կսահմանի, որ 30 եւ ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված առնվազն մեկ տրանսպորտային միջոց: Բայց դատելով այն հանգամանքից, որ 30 եւ ավելի տրանսպորտային միջոց հազվագյուտ ընկերություններ կարող են ունենալ` նախարարության սահմանած պայմանը մի տեսակ ձեւական կարող է լինել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ