Վեհափառը Մայր Աթոռում անցել է վենդետայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկություններով, Գարեգին Բ կաթողիկոսը մտավախություն ունի, որ շատ հոգևորականներ բռնել են «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» շարժման կողմը։ Վեհափառը Մայր Աթոռում անցել է վենդետայի։ Վերջինս վերհսկողություն է սահմանել Մայր Աթոռի ամբողջ տարածքով։ Օրինակ հսկվում է, թե Մայր Աթոռի որ աշխատիցը իր աշխատանքային համակարգչով ինչ կայքերից է օգտվում, ում հետ է նամակագրական կապի մեջ։ 
Նա «դավաճանության» մեջ է կասկածում Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանին, ում էլ ազատել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնից և պատրաստվում է նրան հեռացնել իրենից` որևէ այլ երկիր ուղարկելով։ Նշենք, որ Վարդան սրբազանը Մայր Աթոռի հովանու տակ գտնվող Էօրնեկեան դպրոցի տեսուչն է:
Ուշագրավն այն է, որ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ և գործադուլ են հայտարարել` պահանջով, որ վեհափառը փոխի իր որոշումը։ ArmLur.am-ի տեղեկություններով` աշակերտները հիմա վեհափառ հոր մոտ են, որն էլ փորձում է համոզել նրանց հետ կանգնել իրենց մտածածից։
Այս հարցի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Վահրամ Քահանա Մելիքյանից։ Սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։
Ավելի ուշ նա հայտնեց հետևյալը.
«Ես չէի պատասխանում զանգերին։ Բայց ծանոթացա հրապարակմանը։ Նախ նշեմ, որ բացարձակ անընկալելի է ձեզ ներկայացված նման զրպարտությունը։ Վարդան եպիսկոպոսը Հայ Եկեղեցու սիրված և հարգված եկեղեցականներից է, որի ծառայությունը միշտ էլ բարձր է գնահատվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։
Եկեղեցական անդաստանում վենդետա հասկացությամբ պատճառաբանելը հոգևորականի որևէ նշանակում բացարձակ անընդունելի է, որովհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եկեղեցու կարիքներից ելնելով, եկեղեցականներին, Մայր Աթոռի միաբաններին իրենց կարողությունների համեմատ նշանակում է տարբեր ծառայությունների։
Եկեղեցական կյանքին հետևողը կարող է փաստել, որ այդպիսի նշանակումներ հաճախ են լինում։ Ինչ վերաբերում է Վարդան Սրբազանի պարագային, ապա նշանակման առնչությամբ որևէ նման տնօրինություն դեռ չի եղել (Տեղեկատվական համակարգը մշտապես ծանուցում է նման նշանակումները)։
Սակայն նշեմ, որ Վարդան Սրբազանին այլ ծառայության կոչելու մտադրություն կա, որի վերաբերյալ մտահոգություն են արտահայտել Մայր Աթոռի հանրակրթական դպրոցի մի խումբ աշակերտներ՝ ցանկություն հայտնելով հանդիպել Վեհափառ Հայրապետի հետ։ Նորին Սրբությունը սիրով ընդառաջել է, լսել աշակերտներին, տվել անհրաժեշտ լուսաբանություններ։ Նշեմ նաև, որ դպրոցում որևէ դասադուլ ուսուցիչների և աշակերտների կողմից չի եղել։ Կարող եք ինքներդ դա ճշտել դպրոցից»։




Լրահոս