«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանի հետ:
-Պարո՛ն Գորգիսյան, նախ խոսենք քարոզարշավի ընթացքի մասին: Շատերը բողոքում են, ասում են` պայքարը ծրագրային չէր: Համակարծի՞ք եք:
-Մենք խոսում էինք մեր ծրագրերից եւ, հետեւաբար, չեմ կարող ասել որեւէ բան: Այդ մասին թող մյուսները մտածեն: Իհարկե, կար սեւի եւ սպիտակի բաժանումը, բայց այս անգամ դա այնքան ազդեցություն չունեցավ, ինչքան նախորդ անգամ: Այն, որ պայքարը ընթանում է նախկին եւ ներկա իշխող ուժերի միջեւ, դա ուղղակի իմիտացիա էր, որը ստեղծվել էր նախկին իշխանության կողմից: Բայց դա չէր կարող արդյունք տալ, եւ տեսանք, որ ՀՀԿ-ն ստացավ իր արժանի գնահատականը ժողովրդի կողմից:
-Արդյունքները սպասելի՞ էին Ձեզ համար:
-Ընդհանուր առմամբ, այո: Պետք է հստակ արձանագրել, որ մեզ մոտ ստացվեց փակել ՀՀԿ-ի ճանապարհը դեպի Աժ: Այսինքն` եթե ԼՀԿ-ն չլիներ, ՀՀԿ-ն երրորդ տեղով կանցներ խորհրդարան:
-Քարոզաշավի ժամանակ գրեթե բոլորը քննադատում էին ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն չհայտնվեց խորհրդարանում:
-Մենք որեւէ անգամ նման կերպ չենք վարվել: Մենք միշտ խոսել ենք մեր ծրագրերից եւ հիմա մենք գնում ենք խորհրդարան` լինելու այն ընդդիմությունը, որը պաշտպանելու է ժողովրդավարան արժեքները, հանուն որի տեղի ունեցավ հեղափոխություն: Թույլ չենք տալու, որ որեւէ կետում իշխանությունը շեղվի այդ արժեքներից:
-Շատ է խոսվում այն մասին, որ պարոն Փաշինյանը աջակցել է Ձեզ, եւ դրա համար էլ հայտնվել եք խորհրդարանում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ձախողված մարդիկ միշտ փորձում են իրենց ձոխողումները արդարացնել եւ հաջողվածներին ինչ-որ պիտակներ են կպցնում: Այդպես է եղել դեռ այն ժամանակ, երբ պարոն Մարուքյանը 2012 թվականին ԱԺ մտավ: Մարդիկ չէին ուզում ընդունել, որ կարող էր այն ժամանակ Վիկտոր Դալաքյանը պարտվել Էդմոն Մարուքյանին: Նույնը եղավ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, նույնը եղավ նաեւ «ԵԼՔ»-ի ժամանակ: Այդ ամենը հոգնեցուցիչ է եւ աբսուրդի է հասնում: Ինչքա՞ն կարելի է այդքան նվաստ լինել, որ չցանկանալ գիտակցել սեփական թերացումները, այլ անընդհատ հորինել ինչ-որ բաներ մյուսներին պախարակելու համար:
-Բանավեճի ժամանակ պարոն Մարուքյանի հարցը` ուղղված պարոն Ծառուկյանին, քննարկումների առիթ դարձավ: Պարոն Մարուքյանը նկատի ուներ, որ եթե ԲՀԿ-ն առաջադրված չլինի, «Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ-ում երկրորդ տեղո՞ւմ կլինի:
-Խոսքը ԲՀԿ-ի առաջադրվելու մասին չէ: Խոսքը բիզնեսի ռեսուրսների մասին է: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը տարել է մի քանի հազար ձայն. սա վկայում է այն մասին, որ ԲՀԿ չեն ընտրել գաղափարի համար: Շատ են եղել տարբեր ահազանգեր, որ մի տեղ ուսման վարձ են մուծում, մի տեղ վառելափայտ են բաժանում գյուղացիներին, սպառնում են, որ գարնանը մթերում չեն իրականացնի եւ այլն: Այս տարբեր լծակները օգտագործելով եւ անչափ գումարներ ծախսելով` այդ ամենը ինչը տեղի ունեցավ: Եթե լիներ բիզնեսի տարանջատում քաղաքականությունից, բնականաբար, այլ արդյունք կունենայինք:
-Պետք է նկատել , որ ԲՀԿ-ում կան նաեւ քաղաքական դեմքեր: Եվ այս իրավիճակում նայելով ԱԺ-ում հայտնված ընդդիմությանը` ի՞նչ կասեք: Լավ ընդդիմություն ունե՞նք:
-Այո, իհարկե, կան նաեւ քաղաքական դեմքեր, բայց իրենք բավականին քիչ են: Բացի դա էլ` այդ մարդիկ ավելի քիչ ձայն են հավաքել, քան մյուսները: Պետք է նշել, որ ԲՀԿ-ն չի ասել, որ ինքը ընդդիմություն է լինելու: Պարոն Ծառուկյանը ասել է, որ իրենք չեն կարող պարոն Փաշինյանին ընդդիմություն լինել: Պետք է աջակցեն իրեն: Հետեւաբար, ընդդիմության բեռը ամբողջությամբ դրված է մեր ուսերին: Վստահ եմ` պատվով ենք դուրս գալու դրա տակից:
-Ձեր կուսակցությունում 3-րդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն` Վահրամ Ավագյանը, չստացավ մանդատ, որովհետեւ կուսակցությունը Արագածոտնի մարզում բավականչափ ձայն չհավաքեց: Նրան առաջարկ չի՞ լինելու ԱԺ-ում աշխատելու:
-Դա օրենքի թերություն է: Ես ցավում եմ, որ նման բան եղավ: Վահրամը շատ խոստումնալից երիտասարդ է` շատ մեծ գիտելիքների ու փորձի տեր: Ես տեսնում եմ, որ նրան շատ մեծ ապագա է սպասվում: Ցավում եմ, որ նա չանցավ ԱԺ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Ես չեմ կարծում, որ նա հիմա որեւէ այլ աշխատանքի կարիք ունի ԱԺ-ում: Նա կայացած մարդ է: Դա նույնիսկ չի էլ քննարկվել: Մենք նրան տեսնում ենք քաղաքականության մեջ: Միասին դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու:
-Ունե՞նք լավ արտախորհրդարանական ընդդիմություն:
-Չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին. դա անարդար կլինի մյուսների նկատմամբ, բայց պետք է նկատենք, որ ունենք բազմամյա փորձով կուսակցություններ: Հիմա մի խնդիր ունենք. հկ սեկտորի ամբողջ ներկայացուցիչների մեծ մասը գնում է ԱԺ կամ քաղաքականացված է: Այդ ամբողջ դաշտը բաց է, ինչ-որ մեկը դա պետք է լրացնի, եւ ես կարծում եմ, որ արտախորհրդարանական ուժերը շատ լավ կարող են դա անել, եթե ճիշտ աշխատեն:
Լուսինե Մինասյան