Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր ընթացք ստացավ: Միջադեպի արդյունքում ծեծի ենթարկված Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը վերջերս դիմել է նախաքննական մարմին եւ հետ վերցրել դիմումը` ասելով, որ որեւէ բողոք չունի: Բանն այն է, որ Մարինա Խաչատրյանը հաշտվել է գործողությունների մասնակից հիմնական «հերոսներից» Գոռ Վարդանյանի հետ:
Չնայած սրան` գործը չի կարճվել: Պարզվում է` գործով տուժող մյուս երկուսը` Սոնա Աղեկյանը եւ Զարուհի Փոստանջյանը, հետ չեն վերցրել իրենց դիմումները: Այս մասին զրուցել ենq «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ:
-Տիկի՛ն Աղեկյան, կոյուղաջրերի վերաբերյալ գործը չի կարճվել: Ինչո՞ւ:
-Ես հետ չեմ վերցրել իմ դիմումը: Ասեմ ավելին` գնացել եմ քննչական կոմիտե, միջնորդություն եմ ներկայացրել եւ պահանջել եմ, որ գործի ընթացքը չդադարեցվի, որովհետեւ իրականում էնտեղ տեղի է ունեցել բռնություն:
-Տիկին Փոստանջյանի մասով ի՞նչ գիտեք:
-Ինքն էլ է միջնորդություն ներկայացրել: Մենք հիմա սպասում են հետագա գործողություններին հասկանալու` ինչպիսի ընթացք կտրվի: Ես էլ, տիկին Փաստանջյանն էլ տրամադրված ենք, որ գործը մինչեւ վերջ գնա, եւ այդ մարդիկ, որոնք որ բռնի ուժ են գործադրել մեզ վրա, պատասխանատվության ենթարկվեն:
-Մարինա Խաչատրյանը ինչո՞ւ նման կերպ վարվեց:
-Իրականում մենք բոլորս ականատես ենք եղել, որ հենց իր հանդեպ ե՛ւ բռնություն է կիրառվել, ե՛ւ ծեծի են ենթարկել, մազերն են քաշել: Ճիշտն ասած` ես հանկարծակիի եմ եկել: Չէի սպասում նման բան:
Լուսինե Մինասյան