Արդեն մի քանի օր է, համացանցում իսկական պատերազմ է ընթանում «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ: Խորհրդարանում ներկայացված այս երկու կուսակցությունները միմյանց հասցեին ամենավերջին մեղադրանքներ են հնչեցնում: Գժտության պատճառն ԱԺ ընտրություններին մասնակից 11 ուժերի ղեկավարների բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ փոքր լեզվակռիվն էր. Մարուքյանի պահվածքը Ծառուկյանի համար անակնկալ է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բանավեճից հետո Ծառուկյանը մի քանի լիդերի ներկայությամբ ասել է, որ Էդմոնը սխալ հարցադրումներ էր հնչեցնում, կտեսնեք նրա ապագան: Արդեն ընտրություններից հետո երկու կուսակցությունները թափով միմյանց դեմ են դուրս եկել: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ-ն կուսակցության մակարդակով հայտարարություն տարածեց, Էդմոն Մարուքյանն էլ տեսաուղերձով հանդես եկավ: Միաժամանակ մարտի են նետվել երկու թիմերը: Եւ հիմա մեծից փոքր յուրաքանչյուրն այս օրերին իր պարտքն է համարում ամենավերջին արտահայտություններով սեւացնել «հակառակորդի» ղեկավարին: Եթե անկեղծ, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ վեճը շատ ձանձրալի է, հնչեցված մեղադրանքներն էլ վաղուց ի վեր հայտնի են ամենքին:
Մինչ այդ նկատենք, ժամանակը ցույց է տվել, որ նման դեպքերում թիմերը, սովորաբար, անմնացորդ նետվում են մարտի, մտնում անձնական դաշտ՝ ամենավերջին խոսքերը շռայլելով դիմացինի հասցեին, բայց վերջում հայտնվում անհարմար դրության առաջ, չեն կարող պարզճակատ նայել մեկմեկու, երբ ղեկավարները որոշեն հանկարծ հաշտվել:
Այս պատմության մեջ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. քաղաքական դաշտում բոլորը դիտորդի դերում են՝ ընդամենը հետեւում են երկու կուսակցությունների մենամարտին, ու որեւէ մեկը չի փորձում նրանց հաշտեցնել՝ թողնելով, որ վեճն ավելի թեժանա՝ իր անցանկալի հետեւանքներով հանդերձ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: