ՁԱԽՈՂՎԱԾ ՈՒԺԸ ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, թե ինչի են փորձելու հասնել առաջիկա հինգ տարիներին, եթե ընտրությունների արդյունքում գան իշխանության: Մյուս կողմից, իհարկե, բացի «Իմ քայլը» դաշինքից մյուս կուսակցությունները պայքարում են երկրորդ տեղի համար:

Ինչեւէ, ընտրություններին մասնակից ուժերից մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը: Ընդամենը կես ամիս առաջ իշխանությունից հեռացված կուսակցությունը հիմա փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ` տալով տարատեսակ խոստումներ:
2017թ. ընտրությունների ժամանակ նրանց ներկայացրած ծրագիրը եւ այժմ արտահերթ ընտրությունների համար ներկայացված ծրագիրը համեմատելիս հետաքրքիր երեւույթների կարող ենք հանդիպել: Այս տարվա ՀՀԿ ծրագիրը բաղկացած է 7 գլխից, նախորդ տարվանը` 22: Եվ եթե հերթական ընտրությունների ժամանակ, երբ նրանք իշխանություն էին, մանրակրկիտ եւ ծավալուն ծրագիր էին ներկայացրել` տարբեր բաժիններ ընդգրկելով, ապա այս ծրագրում ՀՀԿ-ն շեշտը դրել է Արցախի, արժեքների, ազգ-բանակ հայեցակարգի եւ տնտեսության վրա: Եվ պատահական չէ, որ իրենց կարգախոսները եւս կուսակցության անդամները կառուցել են այս սկզբունքներից ելնելով: Նախ ինքն իրենով հետաքրքիր է ՀՀԿ ծրագրի հատկապես առաջին հատվածը: Ծրագրի սկզբում մասնավորապես ասվում է. «Մեր երկիրն ապրում է իր նորագույն պատմության ամենափոթորկալից եւ լարված ժամանակահատվածներից մեկը: Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, մեր հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլեւ իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում եւ սրում իրավիճակը Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ»:
Եվ հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացման մասին խոսում է մի ուժ, որի իշխանության տարիներին են հենց մեծացել արտագաղթի ծավալները, ավելացել աղքատության ցուցանիշները: Բավական է միայն նշել, որ ՀՀԿ իշխանության տարիներին արտագաղթել է տարեկան մոտ 40-50 հազար քաղաքացի: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2015 թվականին կազմել է 73.3 հազար, իսկ այժմ կազմում է 76.7 հազար:Եվ սա ընդամենը մեկ թիվ է, այնինչ այլ տվյալներ եւս խոսուն են: Օրինակ` «Ինչո՞ւ ընտրել մեզ» ենթավերնագրի ներքո գրված է. «Իհարկե, եղել են բացթողումներ, թերություններ եւ սխալներ: Բայց նաեւ մեր գործունեությունը հանիրավի սեւացրել են: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում, չի մրոտվում միայն շարժիչի այն մասը, որը չի աշխատում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը: Բայց դա չպետք է նշանակի մեր գիտելիքների ու փորձի օգտագործման հնարավորության կորուստ Հայաստանի քաղաքացու համար»:
Իսկապես, հետաքրքիր է ՀՀԿ-ի համարձակությունը. քսան տարի շարունակ «սխալվելուց» հետո հիմա փորձում են կրկին վստահության քվե խնդրել: Ու այս առումով հետաքրքիր է՝ ՀՀԿ-ն իր ո՞ր փորձի մասին է խոսում՝ թալանելո՞ւ, կոռուպցիայի՞, անարդյունավետ կառավարմա՞ն, տնտեսության փոշիացմա՞ն, թե՞ ինչ:
Իսկ ահա Արցախի հարցում ՀՀԿ-ն խոստանում է անզիջում լինել ու շարունակում է. «Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է»: Եվ սա ասում է մի իշխանություն, որի կառավարման տարիներին ունեցել ենք 2016թ. ապրիլյան պատերազմ եւ 800 հա կորուստ, եւ հետին պլան են մղվել ազատամարտի արժեքները:
Իհարկե 2017թ. ՀՀԿ-ի ծրագիրը եղել է խոստումներ, բարձրագոչ հայտարարություններ, որոնք նրանք խոստացել են կյանքի կոչել, սակայն ո՛չ մեկ տարվա ընթացքում, ո՛չ էլ հետագա տարիներին դժվար թե դա իրականացվեր: Իսկ հիմա ՀՀԿ-ն փորձում է խաղալ իշխող ուժի թույլ կողմերի, թերությունների վրա եւ այդպես ընտրողներին իր կողմը գրավել: Գաղտնիք չէ, որ իշխող ուժին ավելի շատ մեղադրում են տնտեսության զարգացման հայեցակարգ չունենալու մեջ, եւ ՀՀԿ-ն եւս իր նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացնում հենց տնտեսության զարգացմանը: Եվ հետաքրքիր է, որ ՀՀԿ-ի ծրագրում մի առանձին գլուխ անվանված է «Մարդը», եւ սա այն դեպքում, երբ ՀՀԿ-ի իշխանության տարիներին հենց մարդն է անտեսված եղել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ԱՂՔԱՏՆԵՐԸ
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Սա, թերեւս, պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք 20 տարի եղել են իշխանության ղեկին: Պաշտոնական հայտարարագրում այս կուսակցությունը ներկայացրել է միայն 55 շենք, որոնց մեծ մասն անհատույց օգտագործման են: Սակայն կան կուսակցություններ, որոնք ոչինչ չունեն, անգամ գրասենյակ: Այդ ուժերից են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ու «Ազգային առաջընթացը»: ՀՀԿ-ից պակաս հարուստ չէ նրա վաղեմի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը, ըստ հայտարարագրի, ունի 45 շենք-շինություն եւ 13 հողամաս, բոլորն էլ միանձնյա սեփականության են: Կուսակցության դրամական միջոցները կազմում են 6 մլն դրամ, իսկ եկամուտն էլ գոյանում է անդամավճարից, վարձակալությունից եւ բյուջետային ֆինանսավորումից: Միայն անդամավճարից գոյացել է 41 մլն դրամ: Նոր իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ունի մեկ գրասենյակային տարածք, այն էլ վարձակալական հիմունքներով: Կուսակցության դրամական միջոցներն անցնում են 1 մլն դրամը, իսկ եկամուտներն էլ գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից եւ բյուջետային ֆինանսավորումից: Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն ոչ մի անշարժ գույք չի ներկայացրել, կուսակցության դրամական միջոցներն էլ անցնում են 21 մլն դրամը: ՕԵԿ-ն ունի մեկ շինություն եւ երկու տրանսպորտային միջոց, դրամական միջոցներն էլ 193 հազար դրամ են: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 1 գրասենյակ եւ մոտ 2 մլն դրամ, իսկ ահա «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն 4 մլն դրամի հասնող եկամուտ, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` 1 բնակարան:

 

 

ՄՍԻ ԴԵՖԻՑԻՏ
Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.2 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 9 ամիսներին պակասել են նաեւ մսամթերքի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 5.6, խոզի մսինը` 5.7, իսկ ոչխարինը` 11.6 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են եղել մորթել իրենց անասունները: Բայց մյուս կողմից գումար չունենալու արդյունքում չեն կարողացել լրացնել մորթած անասունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը: Եւ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է ներկրված մսամթերք:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ
«Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե մեր իշխանությունը եկել է, որ Ղարաբաղը հանձնի»,- նոյեմբերի 27-ին Ստեփանավան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ես չեմ ուզում որեւէ էմոցիոնալ հայտարարություն անեմ, որովհետեւ Դավիթ Շահնազարյանն ու ՀՀԿ-ն որեւէ էմոցիա չեն շարժում: Բայց ես ուզում եմ՝ այդ հարցի պատասխանը ստանանք փաստերի վրա հենվելով: Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է՝ Հայաստանի ոչ մի ղեկավար կամ իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետեւ այդ հարցը լուծողը ժողովուրդն է: Եթե կլինի Ղարաբաղի հարցի լուծման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով, ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ես կգամ եւ այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, եւ ժողովուրդը կորոշի՝ ընդունել այդ առաջարկը, թե ոչ: Սա երաշխիքն է, որ որեւէ իշխանություն, ուզենա էլ չի կարող իրականացնել այն, ինչ կա ՀՀԿ-ականների մտքում: Երկրորդ, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ Ղարաբաղի բանակցային գործընթացում հստակ հայտարարել եմ, որ կարող եմ հանդես գալ ՀՀ-ի անունից, բայց չեմ բանակցում Ղարաբաղի եւ Ղարաբաղի ժողովրդի անունից, որ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը: Կար դիրքորոշում, որ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը հարցի լուծման համար կարեւոր է լինելու: Ես ասում եմ՝ ոչ, կարեւոր չի լինելու, վճռական է լինելու, որովհետեւ Արցախի ժողովուրդն է առաջին հերթին Արցախի հարցի լուծողը»,-հայտարարեց Փաշինյանը:

 

 

ՋՈՒՐԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
«Վեոլիա ջրի» եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված պայմանագրով՝ դեկտեմբերին պետք է խմելու ջուրը թանկանար 11 դրամով, բայց մենք բանակցել ենք ընկերության հետ, եւ մինչեւ 2024 թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ալավերդու ընտրողների հետ հանդիպմանը։ Նա շնորհակալություն է հայտնել «Վեոլիա ջրին» կառուցողական մոտեցման համար եւ հույս հայտնել, որ ֆրանսիական ընկերության հետ նոր հարաբերություններ կկառուցեն, որովհետեւ շահագրգիռ են, որ Ֆրանսիայից լուրջ ներդրումներ լինեն։

 

 

ՀԵՇՏ ՉԻ ԵՂԵԼ
ԲՀԿ նախընտրական քարոզարշավը երեկ մեկնարկեց Աբովյան քաղաքից: ԲՀԿ նախագահ, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե մեզ տնտեսական հեղափոխություն է անհրաժեշտ. «Մեզ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն։ Դա ես եմ ասել, դա զգում եմ ամեն օր։ Դրա հնարավորությունը կա»: Նա ասել է, թե մարդ պետք է իրեն դնի դիմացինի տեղը, որ կարողանա ծանրության տակ մտնել. «Դա հեշտ գործ չի, ես ձեզ ասեմ, տեսնելով պարոն Փաշինյանին՝ այդքան հեշտ չի իր վիճակը, ես ձեզ ասեմ, այսօր բոլորը արել է մարդը, հալալ ա իրան, ու մինչեւ վերջ էլ ուզում է անի»։ Գ. Ծառուկյանը նշել է, որ պետք է մտածել մեկ ընտանիքի ձեւով, եւ որ ժամանակն է փոխվելու, որ մարդիկ իրենց կյանքում օր օրի այդ փոփոխությունը զգան. «Պետք է բոլորն աջակից լինեն Փաշինյանին, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե նրա համար պրոբլեմներ սարքեն»:

 

 

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ
Վերջին անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մեկնելու է գործուղման` իր հետ պատվիրակության կազմում ներառելով միայն ՀՀԿ-ական պատգամավորների՝ Խոսրով Հարությունյան, Հերմինե Նաղդալյան, Կարեն Բեքարյան եւ Կորյուն Նահապետյան: Ասել է թե` Բաբլոյանը հոգացել է, որ իր կուսակից ընկերները վերջին անգամ վայելեն պատգամավորական մանդատների հնարավորությունը: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 48-րդ լիագումար նիստին:

 

 

ՀԱՊԿ-ՈՒՄ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչները նոյեմբերի 27-ից 29-ը Մոսկվայում` ՀԱՊԿ Միացյալ շտաբում, մասնակցում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերի քննարկմանը եւ ճշտմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը:




Լրահոս