ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԱԽ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՔԻՑ ԷԼ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այսօր դեռ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրոդ օրն է միայն, սակայն երեկվա դրությամբ քարոզարշավի ընթացքը կրկին լարված է: Այս անգամ իրադարձությունների կիզակետում նախկին եւ ներկա իշխանություններն են, չնայած հեռակա բանավեճեր եղան նաեւ ՀՅԴ-ի եւ «Սասնա Ծռեր»-ի միջեւ: Իսկ Հանրապետական կուսակցությունն էլ նույնիսկ հայտարարություն տարածեց, թե քարոզարշավը ընթանում է ատելության մթնոլորտում, եւ դրա կենտրոնում հենց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է:

Սակայն ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այդ ամենում խնդիր չի տեսնում եւ կարծում է, որ քարոզարշավները միշտ էլ լարված են ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթը նախընտրական քարոզարշավի շուրջ երեկ զրուցել է ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ:
-Պարո՛ն Միրզոյան, չնայած դեռ նախընտրական քարոզարշավի երրորդ օրն է, սակայն տեսնում ենք, որ կրկին լարված պայքար է ընթանում, եւ ծրագրային դրույթները, կարծես թե, մի կողմ են դրվել: Ինչպե՞ս կգնահատեք:
-Դե նախընտրական քարոզարշավը միշտ էլ պետք է լարված լինի: Քնած քարոզարշավ չի լինում:
-Սակայն հիմա Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ՀՀԿ-ի հանդեպ ատելություն տարածելու մեջ: Եվ բանավեճեր եղան նաեւ ՀՅԴ-ի եւ «Սասնա Ծռեր»-ի միջեւ:
-Հանրապետական կուսակցության մեջ մարդկանց մեծ մասը հանցագործներ են, ի՞նչ ատելություն սերմանելու մասին է խոսքը: Ընդհանրապես, ինձ թվում է` բոլոր երկրներում նախընտրական քարոզարշավներին հատուկ են այդպիսի հակադարձումները, այնպես որ նորմալ է:
-Օրինակ` ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն ասում է` քանի դեռ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, թող վարչապետի մտքով չանցնի խոսել կոռուպցիայի մասին: Ինչպե՞ս եք արձագանքում:
-Անկեղծ ասած` ես մեծ տարակուսանք ապրեցի` իմանալով, որ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ ցուցակում է: Հիմա էլ շարունակում եմ տարակուսանք ապրել, թե ժամանակին ընդդիմադիր գործիչն ինչպիսի ջերմեռանդությամբ է ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Նրա արդեն որերորդ ձեւակերպումն աղերս չունի ճշմարտության հետ: Ավելի մեկնաբանությունն ինձ այս պահին չեմ ցանկանում թույլ տալ:
-Այդ հարցը շատ է քննարկվել. «Իմ քայլը» դաշինքին խորհրդարանում ՀՀԿ-ն անհրաժե՞շտ է որպես ընդդիմություն:
-Դա մենք չպետք է որոշենք, դա մարդիկ պետք է որոշեն: Իմ անձնական կարծիքն այն է, որ ընդդիմություն միշտ անկախ իշխանության կամքից էլ կձեւավորվի: Հիմա մեզ պետք է իշխանություն, ոչ թե այդ ընդդիմությունը: Այսպես թե այնպես, լինելու են մարդիկ, ովքեր այդ ընդդիմությանը ընտրելու են, հուսամ` ոչ Հանրապետական կուսակցությանը: Ինձ որ մնար, ես կոչ կանեի զրո ձայն տալ Հանրապետական կուսակցությանը:
-Համատեղվո՞ւմ է քարոզարշավը, դուք արձակուրդ չե՞ք գնացել:
-Կառավարության անդամները կարող են չգնալ արձակուրդ: Իսկ ես ակտիվ քարոզարշավ չեմ վարում: Ես այս գիշեր եմ վերադարձել Մինսկից, որտեղ ներկայացնում էի Հայաստանը ԵԱՏՄ կառավարական խորհրդի նիստում եւ, ըստ էության, հենց երկու օր եմ այնտեղ եղել, իսկ քարոզարշավը 26-ին է սկսել, եւ ես հենց այդ օրն էլ այնտեղ եմ եղել: Իսկ հիմա գիշերը վերադարձել եմ, եկել եմ միջոցառման եւ կրկին չեմ զբաղվում քարոզարշավով:
-Այսինքն` Դուք ավելի շատ կառավարությա՞ն աշխատանքով եք զբաղվում:
-Այո, Նիկոլ Փաշինյանն արձակուրդից կարծեմ վերադառնում է դեկտեմբերի 6-ին եւ Գյումրիում տեղի ունենալիք արտագնա նիստը նա կվարի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԱՆԱՐԴԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ ընտրությունների քարոզարշավի մասին զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։
-Չգիտեմ՝ ինչ կլինի։ Փոխվել է ժողովրդի էլեկտորալ վարքագիծը, եւ չես կարող ասել, թե որ քայլը, որ ծրագիրը հավանության կարժանանա ժողովրդի կողմից։ Դրա փոխարեն կարող եմ ասել, որ քաղաքական ուժերը չեն ուզում հրաժարվել իրենց նախկին տրամաբանությունից եւ գործում են սեւ-սպիտակի, միմյանց վրա ցեխ շպրտելու, աղմկոտ պատմությունների մեջ հայտնվելու անիմաստ ապաքաղաքական տրամաբանությունից, եւ դա սպանում է քաղաքականությունը։ Ես դուրս եմ գալիս քարոզարշավի, մարդիկ ինձ հարցնում են աշխատավարձերից, որովհետեւ ի տարբերություն նրանց` ես փողոցում քայլում եմ։ Իսկ ամբողջ տեղեկատվական դաշտը նրա մասին է, թե ով է շշկռվել, ով ոչ:
-Ըստ Ձեզ` հասարակության մեջ պահանջ կա՞, որ ՔՈ կուսակցությունը հայտնվի ԱԺ-ում։
-Այո, իհարկե կա։ Գելլափը տվյալներ էր հրապարակել, որոնցից պարզ դարձավ, որ հարցվածների ընդամենը 4 տոկոսն է ճանաչում այս ուժին, եւ ես վստահ եմ, որ այդ ճանաչողների կեսը մեզ է ընտրելու։ Եթե մեզ ճանաչեին ու շարունակվեր նույն տրամաբանությունը, ապա եթե հասարակության 100 տոսկոսը ճանաչեր, 50 տոկոսը իր քվեն կտար մեզ։ Բայց ես չեմ ուզում այդ մանիպուլատիվ բաների մեջ մտնել։ 20 ուժ էլ մտնի պայքարի մեջ, ասելու է` ես առաջինն եմ ու վերջ։ Չգիտեմ՝ ոնց կդասավորվի ապագան։ Ուղղակի հույս ունեմ, որ մենք կհայտնվենք ԱԺ-ում։
-Ի՞նչ եք անում ճանաչելիություն ունենալու համար։
-Դե հիմա դա բնական է, որովհետեւ տեղեկատվական դաշտը խցանված է աղբով, իսկ մեր կուսակցությունը գրանցվել է ընդամենը փաստաթղթերը հանձնելուց մի օր առաջ։
Ի սկզբանե անհավասար պայմաններ են եղել. մի մարդու կամ մի ուժի որոշմամբ՝ ընտրությունները կազմակերպվել են մի ամսում։ Քանի որ ընտրությունների անցկացման մասով խոսվում էր ապրիլ-մայիս ամիսների մասին, մենք չշտապեցինք։ Եթե ընտրությունները դրել են մի ամսվա մեջ, ապա հասարակութունը պետք է պահանջ դնի սահմանադրական իրավունքների իրացման։ Ի՞նչ են այդ իրավունքները. հավասար լուսաբանում եւ օբյեկտիվ տեղեկությունների ստացում։ Իսկ ի՞նչ են անում։ Ստեղծում են երկրորդ լիգա, առաջին լիգա, եւ ի սկզբանե անարդարության հավասար պայմանները, որոնք բարենպաստ են առաջին լիգայի համար եւ անբարենպաստ են երկրորդ լիգայի համար, ավելի են խորացնում` նրանց քիչ եթերաժամանակ տրամադրելով, իսկ առաջին լիգային՝ շատ։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Արտահերթ ընտրությունների կարճ քարոզարշավը հանգեցրել է նրան, որ քաղաքական ուժերի ճանապարհները միեւնույն վայրում հաճախ խաչվում են: Երեկ այդպես եղավ նաեւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում, որտեղ ժամերի տարբերությամբ եկել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ միեւնույն վայրում կլինեն վարչապետ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Նրանք երկու ուժերով այսօր լինելու են Գեղարքունիքի մարզում: Նկատենք, որ չնայած այսօր քարոզարշավի արդեն չորրորդ օրն է, սակայն անցած երեք օրերի արդյունքները ցույց են տալիս, որ շատ ուժեր, այդ թվում` ՀՀԿ-ն, բակային հանդիպումներ չեն ունենում. նրանք գերադասում են քարոզարշավ իրականացնել հարցազրույցների, ուղիղ եթերների եւ ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Եթե հատկապես Երեւանում ՀՀԿ-ականների այս զգուշավորությունը հասկանալի է. նախկին իշխանության ներկայացուցիչները վախենում են հրապարակավ «թուք ու մուր ուտելուց», ապա մյուս կուսակցությունների դեպքում պարզ չէ՝ ինչից են խուսափում:

 

 

ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներից: Նրանց պատմելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «հրահանգել եւ պարտադրել է» նրանց իրենց աշխատավարձից Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել: Ընդ որում` առաջին եւ երկրորդ կարգի մասնագետները պետք է հիմնադրամի հաշվեհամարին վճարեն 5000 դրամ, իսկ գլխավոր մասնագետները`12 հազար դրամ: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են վճարել, «աշխատանքային խոչընդոտների» են հանդիպում: Այս խնդրի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից հայտնեցին հետեւյալը. «Հայաստան համահայկական հիմնադրամին հատկացումներ ՊԵԿ-ն իրականացնում է ամեն տարի` կամավորության սկզբունքով: ՊԵԿ աշխատակիցները, ովքեր ցանկանում են մասնակցել հիմնադրամի զարգացման ծրագրերին, տեղեկացվել են այն մասին, որ կարող են դիմել հաշվապահություն` տալով իրենց համաձայնությունը առաջիկա ամսվա աշխատավարձից փոխանցում իրականացնելու հիմնադրամի հաշվեհամարին»: Բայց մեզ զանգահարողները հակառակն են պնդում: Այս տարիներին, թերեւս, տեսել ենք, թե ինչպես էին պետական համակարգի աշխատակիցները վերադասի ակնարկով «կամավոր» նվիրատվություններ անում զանազան հիմնադրամների: Ու եթե նախկին իշխանությունների այդ քայլերը սովորական էին ընկալվում, ապա նման հարցերում պարտադրանքը նոր իշխանությունների օրոք այնքան էլ լավ չի նայվում:




Լրահոս