Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարության բացահայտումները. քառօրյա պատերազմից տարիներ անց նոր հանգամանքները քրեական գործ հարուցելու հրամայական ունեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին իր խորհրդականի պաշտոնում նշանակելու որոշումը կայացնելիս ուշագրավ հայտարարություն է արել: Ինչպես հայտնի է, 2016թ. Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը եւ ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով` ազատվեց աշխատանքից, քանի որ շատերը նաեւ նրան էին համարում հիմնական պատասխանատուներից:

Եւ, ահա, Փաշինյանը երեկ հայտարարել է. «Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկ պատասխանատու չէ… Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:

Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ հայկական հետախուզությունն ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զինուժի տեղաշարժի մասին ժամանակին ներկայացրել է զեկույցներ, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընթացք չեն տվել՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն կամ անտարբերություն: Ի դեպ, պատերազմից հետո այս մասին շատ-շատ է խոսվել, նման կասկածներ մշտապես եղել են:

Ու հիմա տրամաբանությունը ենթադրում է, որ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետեւեն իրավական գործողությունները: Պետք է քրեական գործ հարուցել պարզելու` եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել` ռազմական լայնածավալ գործողություններին պատրաստվելու եւ դիմակայելու կամ այդ գործողությունները կանխելու ուղղությամբ:

Հիշո՞ւմ եք՝ ժամանակին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարել էր, թե անորակ վառելիքի պատճառով զրահատեխնիկան ապրիլյան պատերազմի ժամանակ չէր աշխատել: Նախկին իշխանությունները պնդում էին, որ նման բան չկա: Հիմա սա առիթ է նաեւ այդ հայտարարությունների ճշմարտացիությունը պարզելու համար:

Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ, եթե այս բոլոր հարցերի պատասխանը տար ինքը՝ Արշակ Կարապետյանը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս