Սկիզբը՝ էջ 5
Դժվարություններից ու խոչընդոտներից բացի` աշխատանքային գործունեության ընթացքում Թագուհի Թովմասյանի hիմնադրած օրաթերթն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ. արժանացել մոտ հարյուր շնորհակալագրերի:
Լրագրողական բարեխիղճ աշխատանքի եւ համագործակցության համար հայաստանյան մի շարք պետական մարմիններից ու բարձրաստիճան պաշտոնյաներից արժանացել է տարբեր պարգեւների:
Այս ամենից բացի` Թագուհի Թովմասյանը մասնակցել է միջազգային կարեւոր դասընթացների:
2004թ. ավարտել է IWPR դասընթացները Երեւանում, որը ներկայացնում էր լրագրության միջազգային ստանդարտները, հարցազրույցների տեխնոլոգիաներն ու ռեպորտաժներ պատրաստելու մեթոդները:
2005թ. հաջողությամբ ավարտել է թրեյնինգ ծրագիր «Դատական լրագրություն» անվամբ, որը կազմակերպել էր Եվրոպական լրագրողների ասոցիացիան:
2014թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը` YSPS:
2014-2015թթ մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կողմից կազմակերպված 3-րդ եւ 4-րդ աշխարհի ֆորումներին` նվիրված ժողովրդավարությանը:
Ձեռքբերումներ
Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես եղել է ժողովրդի խոսափողը: Այն իր հիմնադրման օրվանից ունեցել է բազում ձեռքբերումներ: Եղել են դեպքեր, երբ խմբագրության միջամտությամբ (ոչ հրապարակային) լուծվել են շարքային քաղաքացիների խնդիրները: Մեր զանգերի եւ դիմումների արդյունքում օգնել ենք մի շարք կարիքավոր մարդկանց: Ահա դրանցից մի քանիսը.
– 2013 թվականի մարտի 22-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել մի թոշակառու տատիկ` Լարիսա Խաչատրյանը, ում թոռնիկները սովորում էին ԵՊՀ-ում: Նա դիմել էր խմբագրություն ուսանողների վարձավճարի զեղչի ակնկալիքով: Խմբագրությունը դիմեց ԿԳՆ, որտեղից տեղեկացրին, որ նրանք կարող են ուսման վարձը վճարել 20% զեղչով:
– 2015 թվականի օգոստոսի 12-ին «Ժողովուրդ»-ն ահազանգ էր ստացել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում գտնվող անտառում արդեն երեք օր է, ինչ ծառեր են հատվում: Նշենք, որ այդ անտառը պատկանում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: «Ժողովուրդ»-ը գնաց ահազանգի հետքերով. կապ հաստատեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրեն Վահե Գուլանյանի հետ: Պարզվեց` այստեղ տեղյակ են ծառահատումների մասին: Մեր հրապարակումից հետո ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը գնացել էր դեպքի վայր:
– 2013 թվականի սեպտեմբերի 26-ին «Ժողովուրդ»-ին դիմել էր մի քանի ծնող` իրենց վրդովմունքը հայտնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում տիրող իրավիճակից: Ըստ նրանց` դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը տարվա մեջ երեք օր դրամահավաք է կազմակերպում` 3000-ական դրամ: Թեեւ «Ժողովուրդ»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում տնօրենը հերքել էր տեղեկությունը, սակայն մեր հրապարակման հաջորդ օրն իսկ մեծ աղմուկ էր բարձրացել դպրոցում, որից հետո ծնողներին կանչել էին եւ հավաքած 3000 դրամները հետ բաժանել:
– 2018 թվականի մայիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ: Մարդիկ մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով: Մեր հրապարակումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից խոստացան զբաղվել գյուղացիների հարցով:
– 2013 թվականի օգոստոսի 8-ին «Ժողովուրդ»-ին դիմել էր ԼՂՀ զորամասերից մեկում ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը` Հովսեփ Մուրադյանը, եւ հավաստիացրել, որ իր որդու ծառայած զորամասում եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել: Զինվորի հայրն ամեն կերպ ցանկանում էր հանդիպել ՊՆ Սեյրան Օհանյանի հետ եւ ստանալ իր հարցերի պատասխանը: «Ժողովուրդ»-ի միջամտությամբ կայացավ վերջինիս հանդիպումը նախարարի հետ:
– 2014 թվականի հունվարի 25-ին «Ժողովուրդ»-ին դիմել էր 51-ամյա Ռուզաննա Բունիաթյան, որի 5-ամյա որդին առողջական խնդիրներ ուներ, եւ անհրաժեշտ էր պլանային կարգով սրտի էխո կատարել: Սակայն ընտանիքն անհրաժեշտ գումար չուներ: «Ժողովուրդ»-ն անդրադարձավ այս թեմային, որից հետո առողջապահության նախարարությունն արձագանքեց քաղաքացու խնդրին: Կնոջն ուղեգիր տրամադրեցին, որպեսզի փոքրիկը կարողանա հանձնել անհրաժեշտ հետազոտությունները:
– 2015 թվականի դեկտեմբերի 8-ին «Ժողովուրդ»-ին դիմել էին ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականները, որոնք հայտնվել էին անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` զինվորականները չէին կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձի վերջնահաշվարկը: Խմբագրություն դիմած քաղաքացու փոխանցմամբ` իրենց պետք է վերջնահաշվարկ տային, բայց այդպես էլ չէին տալիս: Մեր հրապարակումից հետո զինվորականների վերջնահաշվարկը վճարել էին:
– 2013 թվականի հուլիսի 16-ին «Ժողովուրդ»-ը մի քանի հրապարակումներ է ունեցել «Արդշինինվեստբանկ»-ի Վարդենիս քաղաքի մասնաճյուղում տիրող խայտառակ իրավիճակի մասին. մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել են, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն. բանկը պատճառաբանում էր, թե կտրոնները կեղծ են: Մեր հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Վարդենիսի բաժնում սկսել են նյութեր նախապատրաստել: Արդյունքում մեծ աղմուկ էր բարձրացել բանկի գործունեության շուրջ: Այնուհետեւ «Արդշինինվեստբանկ»-ը սառեցրել էր տուժած վարդենիսցիների տոկոսները:
շարունակությունը՝ էջ 7