ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, պատերազմ է հայտարարված: Բայց ոչ թե օտարերկրյա որեւէ պետության, այլ ներքին ինչ-որ խմբավորումների կողմից: Այլկերպ, թերեւս, դժվար է որակել համացանցում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակումը: Բանը հասել է նրան, որ այս անգամ հրապարակվել է պետության փաստացի ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցներից հատվածներ:
Դատելով բովանդակությունից՝ գաղտնալսումներն արվել են դեռ ամիսներ առաջ, երբ նախաքննական մարմինը մեղադրանքներ էր հարուցում ու խափանման միջոց ընտրում մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաների նկատմամբ: Պարզապես համացանցում հայտնվեցին մոնտաժված տարբերակի հերթական հատվածներն ընտրություններից առաջ, երբ սպասվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Թե ովքեր են այս գաղտնալսումների թիկունքում, կարելի է միայն ենթադրել. վարկածներն այնքան էլ շատ չեն: Եւ կասկածների սլաքն ուղղված է անձանց նկատմամբ, որոնց «ոտքը» տրորել է ներկա իշխանությունը: Այնպես որ, գաղնալսված հեռախոսազրույցի հերթական մասի հրապարակումը միանգամայն սպասելի էր: Պարզապես հիմա արձանագրենք՝ քանի դեռ չի բացահայտվել նախորդ դեպքը, քանի դեռ չեն հայտնաբերվել ու չեն պատժվել գաղտնալսման հեղինակներն ու տարածողները, համացանցում նման հրապարակումներ պարբերաբար կարող են հայտնվել:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հրապարակված նոր գաղտնալսումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվելու, որն ուղարկվելու է նախաքննության Քննչական կոմիտե: Արդյոք նոր քրեական գործն առանձին կքննվի՞, թե՞ որպես նոր դրվագ կմիացվի արդեն իսկ հարուցված նախորդ գործին, դեռ պարզ չէ. որոշումը կկայացնի ՔԿ-ն:

 

 

 

ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել: Եվ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայինների: Եւ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում: Միաժամանակ Վ.Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, եւ հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երեւա, ով չերեւա: Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տանում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան: Միաժամանակ, ըստ մեր աղբուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկավարել բոլորին. նրան դեռեւս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ:

 

 

 

Արցախյան ազատամարտի օրերին՝ 1993թ. դեկտեմբերի 27-ին, Օմարի լեռնանցքում տեղի ունեցած մարտերը դարձել են ներքաղաքական քննարկումների թեմա: Մասնավորապես, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված անձանցից Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու համար: Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր: Այս դեպքերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով. «Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետեւ միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ»: Ըստ Բաբայանի` այդ օրը եղել է անակնկալ լայնածավալ հարձակում, եւ հայկական զինուժը նահանջել է ողջ ճակատով: Սակայն նաեւ, ըստ նրա, այդ նահանջից հետո եղել է հակահարձակում, եւ ամեն ինչ ավարտվել է հայկական կողմի հաղթանակով, երբ Ադրբեջանը ծնկաչոք զինադադար է խնդրել:

 

 

 

Հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ` մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով: Եւ այս առումով ամենացցուն օրինակը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի քաղաքապետ Վազգեն Ադամյանն է, որ այս տարիներին անցել է քրեական ամենատարբեր գործերով, այդ թվում՝ դատապարտվել ընտրակեղծարարության համար: 2017թ. ԱԺ ընտրություններում Ադամյանը քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Ու ժամանակին ընտրակեղծարարության համար դատապարտված քաղաքապետը հիմա էլ փորձում է ներքին կարգով միջամտել ընտրական գործընթացներին` չմոռանալով իրեն հռչակել անկուսակցական ու պատրանք ստեղծել, թե ոչնչի հետ գործ չունի: Նաեւ խուլիգանության համար է Ճամբարակի քաղաքապետին մեղադրանք առաջադրվել: Ու զարմանալին այն է, որ նոր իշխանությունները հանդուրժում են ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին, փոխանակ զբաղվեն նրա կատարած արարքներով:

 

 

ՍՐԱՑՈՒՄՆԵՐ
ՀՀԿ ընտրացուցակի երրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի` այս օրերի պահվածքը գնալով մտահոգիչ է դառնում: Մտահոգիչ, որովհետեւ Շահնազարյանը կերպարանափոխվել է անճանաչելիորեն` հասցնելով ընդամենը մի քանի օրում մսխել տարիների իր վաստակն ու հեղինակությունը:
Հիշում եք Դավիթ Շահնազարյանին 1998թ. պետական հեղաշրջումից հետո, երբ հանդես էր գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Նաեւ 2008թ. մարտի 1-ին, երբ փորձում էր առաջնորդել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին: Հիշում եք նրան նաեւ մարտիմեկյան իրադարձություններից հետո` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնելու համար ստորագրահավաք իրականացնելիս: Հիշում եք նրան Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, նաեւ ՀԱԿ-ից հեռանալուց հետո, երբ անխնա քննադատում էր ՀՀԿ իշխանություններին` անձամբ Սերժ Սարգսյանին մեղադրելով ամենատարբեր մեղքերի, այդ թվում` սեփական իշխանությունը պահպանելու, անձնական անվտանգության դիմաց երկրի ինքնիշխանությունը ՌԴ-ին զիջելու համար: Այսօր, սակայն, նույն Շահնազարյանը հանգրվանել է ՀՀԿ համամասնական ցուցակում, ու զարմանալի զուգադիպությամբ ճիշտ նույն տոնայնությամբ նույն մեղադրանքները հնչեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին` իհարկե, առանց որեւէ փաստարկ ներկայացնելու, ընդամենը իր խոսքերը համեմելով խորհրդավորության կեղծ շղարշով:
Ի դեպ, հանուն արդարության նշենք, որ Դավիթ Շահնազարյանը մի հարցում այնուամենայնիվ ճիշտ էր, երբ 2008թ. նախագահական ընտրարշավի օրերի մասին խոսելիս հայտարարել էր. «Ողջ նախընտրական շրջանում եւ այդ օրերին էլ ես ընդդիմադիր թեկնածուների որեւէ նախընտրական շտաբում ընդգրկված չեմ եղել»: Իսկապես այդպես է եղել: Ու վերջին օրերին Շահնազարյանի պահվածքից կարելի է ենթադրել` ինչու 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա օտարված էր այն ժամանակ խնամու` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքներից: ԵՒ Շահնազարյանն առաջին շարքերում հայտնվեց միայն այն ժամանակ, երբ արդեն մարտի 1-ի առավոտյան ձերբակալված կամ ընդհատակում էին հայտնվել Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները: Նաեւ կարելի է ենթադրել, թե ինչու էր Շահնազարյանն ակտիվ 2011թ.` Սերժ Սարգսյանի իշխանության հետ ՀԱԿ-ի այդպես էլ չստացված երկխոսության ժամանակ, եւ ինչու այդ երկխոսության տապալումից հետո` 2012թ. ԱԺ ընտրություններին, նա չընդգրկվեց ՀԱԿ ընտրացուցակում: Հենց դրանից նեղացած էլ Շահնազարյանը վերջնականապես խզեց կապերը ՀԱԿ-ի հետ: Նաեւ կարելի է ենթադրել, թե ինչու շատ ավելի վաղ Տեր-Պետրոսյանը նրան թույլ չտվեց դառնալ ՀՀՇ վարչության նախագահ:




Լրահոս