Լուսանկարն արվել է Արաբկիր վարչական շրջանում
Բազկաթոռը կարող էր դրսում հայտնվել մի քանի հանգամանքներով պայմանավորված. օրինակ` կա՛մ տանը վերանորոգման աշխատանքներ են, եւ բազկաթոռը «դուրս է եկել տնից», կա՛մ որոշել են դրսում սրճել` բազմելով փափուկ աթոռին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող անհատ ձեռներեցները:
Էմմա Հակոբյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 16 հոդվածի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար` բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի 12-ապատիկի չափով.
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 6-ապատիկի չափով.
գ) կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Յունիսոն» հկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե նման կարգավիճակ ունեցող մարդկանց համար դեռ գործում են որոշակի արտոնություններ:
ՀԱՐՑ. Ես ավանդ ունեմ իմ անունով, դիմում եմ սոցիալական տարածքային բաժին, որպեսզի հաշվառվեմ, աշխատակիցները չեն հաշվառում, ինձ ասում են` գնա՛ պոչտա: Կարո՞ղ եք ասել` ես վերջապես ուր պետք է դիմեմ, որպեսզի ինձ հաշվառեն որպես ավանդատու, եւ կարողանամ ստանալ իմ գումարը:
Անուշ Քալանթարյան (ք. Երեւան, 85 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այուսհետ` փոխհատուցում) ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի 9 հոդվածի 12-րդ կետի համաձայն, Կառավարության 23.04.2014թ. N 460-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված նորմերին համապատասխան:
Սամանված է, որ փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1932թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքերում բնակչության պետական ռեգիստրում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Ա. Քալանթարյանը 1933թ. ծնված կենսաթոշակառու է եւ չի պատկանում նշված սոցիալական խմբերից որեւէ մեկին. փոխհատուցման ծրագրում ընդգրկվել չի կարող:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկասկած, պետք է գործել միայն օրենքի սահմաններում, բայց համաձայնեք, որ ավանդատուներն արդեն իսկ կանգնել են մեծ խնդրի առաջ. նրանց հաշված տարիներ են մնացել, որ կարողանան ստանալ իրենց գումարները, շատերը նույնիսկ չեն էլ հասցրել ծանոթանալ ավանդների փախհատուցման տրամադրման ու գումար ստանալու կարգին: