Երեկ գործարար Սամվել Մայրապետյանին է վերադարձվել նրա անձնագիրըը, սակայն չնայած այդ հանգամանքին, նա չի կարող լքել ՀՀ տարածքը: ՀՔԾ-ից տեղեկացանք, որ նման փորձը կդիտվի որպես խափանման միջոցի պայմանի խախտում և կարող է կրկին նրան կալանավորելու հիմք հանդիսանալ:
Չնայած դրան «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Սամվել Մայրապետյանը այժմ բուժում է ստանում «Աստղիկ» բժշկական կենտրոնում, սակայն նրա ընտանիքի անդամները ցանկանում են, որ նա բուժում ստանա արտերկրում, մասնավորապես՝ Գերմանիայում: Այդ մասին պարբերաբար բարձրաձայնել է նաև նրա պաշտխանական կողմը:
Սակայն փաստացի նա իրավունք չունի լքել երկիրը: Եվ հիմա փաստաբանական խումբը կրկին ահազանգում է, որ ՀՔԾ-ն մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն: Ավելի վաղ էլ Մայրապետյանի պաշտպանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել էր Սամվել Մայրապետյանի պաշտպաններիսներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համարառանցքային նշանակություն էր ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վատթարացումն արձանագրվել էր դեռ կալանքից նրա ազատումից օրեր առաջ, երբ դատաբժշկական փորձաքննության շրջանակում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով Մայրապետյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Կալանքից ազատվելուց հետո առ այսօր Սամվել Մայրապետյանը շարունակում է մնալ հիվանդանոցում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ պաշտպանական կողմն էլ շարունակում է բարձրաձայնել նրա բուժման կարևորության մասին: