ՀՀԿ-Ն ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ԶԻՋՈՒՄ ԷՐ ՆՈՐԱՀԱՅՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անցնող ընտրությունների եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը: Պայքարը գաղափարակա՞ն էր:
-Մենք ականատես եղանք միմյանց սեւացնելու եւ բոլորը միասին ՀՀԿ-ին սեւացնելու գնով ընտրապայքարի քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու պրոցեսին: Հանրային կյանքով պայմանավորված նախընտրական ծրագրերի ներկայացում եւ ծրագրերի առավելությունների համեմատություն ընտրողը չունեցավ: Փոխարենը ամբողջ ընտրական գործընթացը կառուցված էր սեւի ու սպիտակի տրամաբանությամբ: Տպավորությունն այնպիսին էր, որ բոլորը ոչ թե մրցակցում են իրար հետ, այլ բոլորը փորձում էին ցեխ շպրտել ՀՀԿ-ի վրա: Թեպետ պետք է ասեմ, որ այս ընտրություններով մենք որոշ դրական տեղաշարժեր պետք է արձանագրենք: Արդեն երկրորդ ընտրություններն են, որ ընտրակաշառքը, որպես էդպիսին, գործոն չէ, խոշոր տնտեսական կապիտալը ներկայացված չէ ԱԺ-ում: Սա ես դրական եմ համարում: Բայց, այնուհանդերձ, ասել, որ ընտրարշավը անցավ քաղաքական մրցակցության պայմաններում, սխալ կլինի: Քաղաքական լեքսիկոնը այս գործընթացում համեմված էր փողոցային բոլոր տեսակի դարձվածքներով. Այսպիսի ընտրական պայքար ես չեմ հիշում: Սա լուրջ քաղաքական պրոցեսին հարիր չէ:
-ՀՀԿ-ի հայտարարության մեջ նշված էր, որ վարչական լծակներ են կիրառվել: Ինչի՞ մասին է խոսքը:
-Վարչական ռեսուրսի կիրառման մասով չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ փաստեր չունեմ: Միգուցե ՀՀԿ-ի իմ գործընկերներն ունեն: Հավանաբար նկատի են ունեցել, որ ամեն առիթը օգտագործվում էր ՀՀԿ-ին սեւացնելու համար, եւ բնական է, որ նման հռետորաբանությունը կարող է իր ազդեցությունը թողնել ընդհուպ մինչեւ գյուղապետեր: Համաձայնեք` որեւէ մեկը «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը կասկածի տակ չէր դնում: Այսինքն` նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառումը էական նշանակություն չէր կարող ունենալ:
-ՀՀԿ-ն լավ արտախորհրդարանական ընդդիմություն կլինի՞: Կկարողանա՞ հակազդել ներկայիս իշխանություններին:
-Հանրապետական կուսակցությունը մրցաշարի մեկնարկում նույնիսկ նորահայտ կուսակցություններին իր վարկանիշով զիջում էր: Ձեւավորված էր մի մթնոլորտ, որ եթե դու ՀՀԿ-ական ես, ուրեմն առնվազն սրիկա ես: Հանրապետականը ներկայացավ իր երիտասարդ կազմով, որոնք շատ պրոֆեսիոնալ են: Եւ ընդամենը 12 օրվա ընթացքում ՀՀԿ-ին հաջողվեց մինուսից իր վարկանիշը հասցնել 4,7 տոկոսի: Այսինքն` կարող են փաստել, որ ՀՀԿ-ն կենսունակ կառույց է, հանրության մի հատվածի համար պահանջված է: Կարող ենք փաստել, որ ՀՀԿ-ն ունակ է լինել քաղաքական պրոցեսում պատասխանատու դերակատար: ՀՀԿ-ն կլինի ամենահաջողված ընդդիմությունը:
-Լուկաշենկոն հայտարարեց, որ ինքն ու Վ. Պուտինը Ղարաբաղի հարցում կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել եւ Սերժ Սարգսյանին ասել, որ տա 5 շրջան, սակայն Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Այնուամենայնիվ, փաստորեն տարածքներ հանձնելու մասին քննարկումներ եղել ենք: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես չեմ էլ կարծում, որ տարածքներ հանձնելու մասին խոսակցություն չի եղել: Ուզում եմ հիշեցնել` կար նաեւ Լավրովի պլանը, որի ամբողջ իմաստը կայանում էր հետեւյալում. այդ պլանը ձեւավորված էր այն գործոնով պայմանավորված, որ Ադրբեջանը անհաշտ էր բանակցային գործընթացում թեկուզ փոքր-ինչ դրական փոխզիջումների գնալուն, քանի դեռ, նրանց գնահատմամբ, գրավյալ տարածքները իրենց չեն վերադարձվում: Հետեւաբար, Լավրովը առաջարկում էր` օգտվելով Մադրիդյան սկզբունքներից` եկե՛ք գնանք հետեւյալ ճանապարհով. այդ տարածքները հանձնել միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակի դիմաց եւ հավասարությունը պահպանելու համար բաժանման գծով տեղավորել բաժանարար ուժեր` հիմնականում ռուսական զորքեր: Այսինքն` այս քննարկումները միշտ են եղել: Երբեք չի եղել տարածքներ` խաղաղության դիմաց: Հեռացող դեսպան Միլսը այս թեզը պատահաբար չդրեց շրջանառության մեջ: Ուրեմն տարածքների հարցը միշտ է եղել: Խոսքը գնում է նրա մասին, թե արդյոք մենք ունենք շանս այդ կերպ փորձել երաշխավորել թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի անվտանգությունը: Կարծում եմ` ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ բոլոր նախագահները այդ հարցում եղել են բծախնդիր:
-Սերժ Սարգսյանի չհամաձայնելը զարմանալի է եղել Լուկաշենկոյի համար: Ինչո՞ւ:
-Լուկաշենկոյին պետք է հարցնել: Իր համար ցանկացած բան, որը չի համապատասխանում Ալիեւի քիմքին, զարմանալի է: Ես, օրինակ, չեմ զարմանում, դուք չեք զարմանում` որեւէ բանական մարդ, թող ների ինձ Լուկաշենկոն, չի զարմանա հայկական կողմի այս պահվածքից, որովհետեւ համաձայնել նշանակում է քո տարածքը եւ քո բնակչությանը դնել սպառնալիքի տակ:
-Բեռալուսի նախագահը ինչո՞ւ հիմա նման հայտարարություն արեց:
-Ձեռնպահ կմնամ մեկնաբանել այդ հարաբերությունները: Կարծում եմ, որ պետք է թողնել, որ իրադարձությունները ինքնըստինքյան զարգանան: Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները, ունենալով այսպիսի աջակցություն հանրության կողմից, կգտնեն բանաձեւը լավ հարաբերություններ ունենալու բոլոր գործընկերների հետ: Լուկաշենկոն ունի իր ընկալումները, մենք` մերը: Մենք երբեք կտրուկ հայտարարություններ չենք անում Բելառուսի արեւմտյան սահմաններում ՆԱՏՕ-ի առաջխաղացման հետեւանքով առաջացած խնդիրների վերաբերյալ: Այսինքն` գործընկերային այդ միջավայրը, մթնոլորտը պետք է լինի գերակա: Ուրեմն ինչ-որ մի բան այն չէ, որ մարդիկ չեն ուզում գնալ այդ լուծումներին, որովհետեւ չեմ կարծում, որ Բելառուսն ավելի շատ է շահագրգռված Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ, քան մենք` հայերս ու ղարաբաղցիներս: Հետեւաբար, պետք է հաշվի առնել, որ կան շատ լուրջ բանական հիմքեր, որ հայկական կողմերը խորշում են, չեն համաձայնում նման առաջարկի:

 

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆ, ՈՐ ԳՈՐԾԸ ՉԿԱՐՃՎԻ

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր ընթացք ստացավ: Միջադեպի արդյունքում ծեծի ենթարկված Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը վերջերս դիմել է նախաքննական մարմին եւ հետ վերցրել դիմումը` ասելով, որ որեւէ բողոք չունի: Բանն այն է, որ Մարինա Խաչատրյանը հաշտվել է գործողությունների մասնակից հիմնական «հերոսներից» Գոռ Վարդանյանի հետ:

Չնայած սրան` գործը չի կարճվել: Պարզվում է` գործով տուժող մյուս երկուսը` Սոնա Աղեկյանը եւ Զարուհի Փոստանջյանը, հետ չեն վերցրել իրենց դիմումները: Այս մասին զրուցել ենք «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ:
-Տիկի՛ն Աղեկյան, կոյուղաջրերի վերաբերյալ գործը չի կարճվել: Ինչո՞ւ:
-Ես հետ չեմ վերցրել իմ դիմումը: Ասեմ ավելին` գնացել եմ քննչական կոմիտե, միջնորդություն եմ ներկայացրել եւ պահանջել եմ, որ գործի ընթացքը չդադարեցվի, որովհետեւ իրականում էնտեղ տեղի է ունեցել բռնություն:
-Տիկին Փոստանջյանի մասով ի՞նչ գիտեք:
-Ինքն էլ է միջնորդություն ներկայացրել: Մենք հիմա սպասում են հետագա գործողություններին հասկանալու` ինչպիսի ընթացք կտրվի: Ես էլ, տիկին Փաստանջյանն էլ տրամադրված ենք, որ գործը մինչեւ վերջ գնա, եւ այդ մարդիկ, որոնք որ բռնի ուժ են գործադրել մեզ վրա, պատասխանատվության ենթարկվեն:
-Մարինա Խաչատրյանը ինչո՞ւ նման կերպ վարվեց:
-Իրականում մենք բոլորս ականատես ենք եղել, որ հենց իր հանդեպ ե՛ւ բռնություն է կիրառվել, ե՛ւ ծեծի են ենթարկել, մազերն են քաշել: Ճիշտն ասած` ես հանկարծակիի եմ եկել: Չէի սպասում նման բան:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

ԱՂՔԱՏԱՑԵԼ ԵՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ուժերի նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տվյալները, թե որ ուժը որքան գումար է ծախսել քարոզարշավի ընթացքում: Ըստ այդմ` քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: ՀՀԿ հիմնադրամ է մուտք արվել 128 մլն 7 հազար 200 դրամ, ծախսվել 127 մլն 342 հազար 492 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցված է եղել 393 միլիոն 163 հազար 800 դրամ, ծախսվել է 379 միլիոն 974 հազար դրամ: «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին մուտք է արվել 273 մլն 176 հազար 551 դրամ, ծախսվել է 268 մլն 590 հազար 708 դրամ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի «Ելք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցված է եղել 42 միլիոն 417 հազար 140 դրամ, ծախսվել է 41 միլիոն 663 հազար 109 դրամ: Իսկ այս տարի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրամին մուտք է արվել 52 մլն 943 հազար 555 դրամ, ծախսվել է 51 մլն 105 հազար 391 դրամ: Իսկ ԲՀԿ-ի հիմնադրամում էլ եղել է 104 մլն 392 հազար 269 դրամ, ծախսվել է 102 մլն 671 հազար 425 դրամ: Նախորդ տարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցվել է 157 միլիոն 392 հազար 686 դրամ, ծախսվել է 155 միլիոն 209 հազար 690 դրամ:

 

 

ԿՈՆՅԱԿԱՍԵՐՆԵՐԸ
Հայաստանի պետական գերատեսչությունները թավշյա հեղափոխությունից հետո էլ շարունակում են որոշ հարցերում նախորդների ավանդույթով շարժվել, մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով կոնյակ գնելը։ Ինչպես հայտնի է, պետբյուջեի հաշվին սովոր են կոնյակներ գնել Երեւանի քաղաքապետարանը, Արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ցանկում տեղ է գտել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Պարզվում է, որ ՊԵԿ-ը դեկտեմբերի 5-ին պայմանագիր է կնքել «Արբչեն» ընկերության հետ եւ ձեռք բերել 10 հատ կոնյակ՝ 0.7 եւ 0.75 լիտր տարողությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 հատ 0.7 լիտր «Դվին» կոնյակի համար ՊԵԿ վճարել է 238 հազար 750 դրամ։ Այսինքն` մեկ շիշ կոնյակի համար ծախսվել է 47 հազար 750 դրամ։ Իսկ մյուս 5 հատ 0.75 լ տարողությամբ «Արարատ. Շառլ Ազնավուր» կոնյակի համար ծախսվել է ընդհանուր 475 հազար դրամ՝ մեկ շիշը 95 հազար դրամ։ Մեզ հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը կոնյակ-հուշանվերները գնել է պատվիրակությունների համար։




Լրահոս