Նախօրեին ԱՄՆ-ում նախագահի նախկին թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավում ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը դաշնային դատարանում որոշ մանրամասներ է ներկայացրել քրեական գործի վերաբերյալ: Ըստ նրա` նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական, գեներալ Մայքլ Ֆլինը չպետք է դատապարտվի կալանքի, քանի որ էականորեն օժանդակել է հետաքննությանը: Ըստ տարբեր վերլուծաբանների` դատախազի հայտարարությունն ու Ֆլինի` քրեական պատասխանատվությունից ազատվելը նոր խնդիրներ է առաջադրում նախագահ Թրամփի համար:
Նախօրեին ԱՄՆ դաշնային դատարանում քննության ժամանակ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը ներկայացրել է քննչական մարմնի դիրքորոշումը Ֆլինի ազատազրկման հարցով: Թեպետ դատախազը խուսափել է ի լուր աշխարհի հայտնել, թե ինչպիսի ցուցմունքներ է տվել պաշտոնաթող գեներալը եւ կոնկրետ ինչպիսի աջակցություն է ցուցաբերել քննչական մարմնին, սակայն շեշտել է, որ դրանք էական ազդեցություն են ունեցել հետաքննության շարունակականության համար: Ըստ նրա` Ֆլինն «առարկայական աջակցություն է» ցուցաբերել հետաքննությանը, ինչով պայմանավորված` չպետք է ազատազրկման ենթարկվի ՀԴԲ-ին ստելու ու ռուսական շրջանակների հետ ապօրինի կապերի համար: Պարզվում է, որ Ֆլինը շուրջ 19 հարցաքննության է ենթարկվել, որոնց շրջանակներում նրա հայտնած տեղեկությունները թույլ են տվել իրավապահներին գծելու հետաքննության ճանապարհային քարտեզը, գործում ներգրավել այլ անձանց:
Ըստ հատուկ դատախազի` Ֆլինի ցուցմունքները օգնել են հետաքննությանը պարզելու Թրամփի նախընտրական քարոզարշավի ու ռուսական կառավարության միջեւ կապերն ու գործակցության մանրամասները: Նրա պնդմամբ` այդ համագործակցությունը եղել է երկու կողմի առանցքային անհատների մակարդակով, իսկ դրանց մանրամասները շարունակում են համարվել գաղտնի եւ հրապարակման ենթակա չեն: Պարզվում է, որ Ֆլինը օժանդակություն է ցուցաբերել ոչ միայն քննիչների համար հայտնի դրվագներով, այլեւ այլ հարցերով, որոնք հայտնի կամ պարզ չեն եղել նախկինում: Ստացվում է, որ Ֆլինի ցուցմունքները ոչ միայն իրավապահների համար լույս են սփռել իրականության վրա, այլեւ նրանց ուշադրությունն են հրավիրել այլ մանրամասնությունների ու դեպքերի վրա, որոնք անհայտ էին: Հատուկ դատախազը հայտնել է, որ Ֆլինի ցուցմունքների միջոցով գործում ներգրավվել են նաեւ այնպիսի անձինք, որոնք նախկինում չէին ցանկանում համագործակցել իրավապահների հետ: Մինչդեռ ներկայումս դա հնարավոր է դարձել` ընդլայնելով գործի շրջանակներն ու հարստացնելով ապացուցողական բազան:
Ամերիկյան քաղաքական մեկնաբաններն ու իրավաբանները արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով, ըստ որոնց` Ֆլինի հանդեպ Մյուլլերի զուսպ վերաբերմունքը թերեւս պատճառաբանված է ինչ-որ այլ հարցով: Խնդիրն այն է, որ Ֆլինի ստերը թե՛ ՀԴԲ-ին, թե՛ կառավարության անդամներին, բավականին շատ են եղել, եւ դժվար թե առանց առարկայական տեղեկատվություն կամ ապացույց կորզելու հատուկ դատախազը նման թեթեւությամբ համաձայներ մեղմ վերաբերմունք դրսեւորել պաշտոնաթող գեներալի հանդեպ: Ենթադրվում է, որ վերջինս իր տեղեկություններում առավել քան շռայլ է եղել եւ Մյուլերի հանձնախմբին շատ լուրջ աջակցություն է ցույց տվել: Ենթադրվում է, որ Ֆլինը մի այնպիսի դերակատարի մասին է տեղեկություններ հայտնել, որը, ի համեմատ պաշտոնաթող գեներալի ու նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդականի, կարգավիճակով շատ ավելի ազդեցիկ է ու կարեւոր: Այդպիսի անձինք, պարզվում է, այնքան էլ շատ չեն: Մամուլում շոշափվում է Թրամփի որդու եւ փեսայի անունները: Նման ենթադրության համար հիմք է հանդիսացել հատուկ դատախազի հեղինակած տեղեկանքի վերջին հատվածը, որտեղ շեշտվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց վարքուբարքով մնան բարձրության վրա: Ենթադրություն կա, որ նման նախադասությամբ դատախազը նաեւ փորձում է քաջալերել այն անձանց, ովքեր տեղեկություններ ունեն ու չեն ցանկանում կիսվել դրանցով իրավապահների հետ:
Նախագահ Թրամփն ու նրա իրավաբանական թիմը դեռեւս չի արձագանքել նոր իրողություններին: Սակայն ակնհայտ է, որ դա լուրջ խնդիր կարող է դառնալ Թրամփի համար, քանի որ սեփական մեղսակցությունն ընդունած մարդը խիստ կարեւոր ու, ըստ էության, կապավորի դեր է ունեցել իր քարոզչական թիմի ու ռուսական ինչ-ինչ շրջանակների միջեւ: Ավելին` Թրամփը Ֆլինի հանդեպ չափազանց դրական է տրամադրված եղել, անգամ ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին քանիցս խնդրել է հանգիստ թողնել Ֆլինին: Երբ Քոմին չտրվեց Թրամփի հորդորներին, վերջինս կոպիտ ձեւով պաշտոնանկ արեց նրան, ինչը, սակայն, չփրկեց ո՛չ իրեն, ո՛չ Ֆլինին: Եվ ահա դրանից հետո նշանակված հատուկ դատախազը հասավ նրան, որ Ֆլինը սկսեց համագործակցել հետաքննիչների հետ: Ենթադրելի է, որ հրապարակված տեղեկատվությունը Թրամփի իրավաբանական թիմը կօգտագործի նախկին պնդումներն անելու համար, ըստ որոնց` հատուկ դատախազի վարած հետաքննությունը առարկայական որեւէ հարցի պատասխան չի տվել: Եվ, հանուն արդարության, հարկ է նկատել, որ հրապարակային մակարդակում ավելի քան մեկ տարի շարունակվող հետաքննությունը դեռ հստակություն չի մտցրել հիմնական հարցում` արդյոք Թրամփի քարոզչական շտաբի ու ռուսական շրջանակների միջեւ կապը ապօրինի է եղել եւ ազդել է ընտրությունների ելքի վրա:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՁՄԵՌԸ` ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐՈՎ ՈՒ ԱՆՁՐԵՎԱՆՈՑՆԵՐՈՎ
Շիրակի մարզում 2 տասնյակից ավելի դպրոցներում աշակերտների համար նվազագույն պայմաններ անգամ ապահովված չեն: 70-ականներին կառուցված շենքերն այլեւս պիտանի չեն շահագործման, բայց այլընտրանք չկա: Այդպիսի դպրոցների շարքում է Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը: Այն կառուցվել է 1974 թվականին: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով դպրոցը վնասվել է, երկրորդ հարկը ապամոնտաժվել է.բայց դա խնդրի լուծում չի եղել: 30 տարիների ընթացքում կտուր չի կառուցվել, ինչի հետեւանքով առաջին հարկը հետզհետե սկսել է քայքայվել. «Շատ հին շենք է: Նախկինում տիպային դպրոց էր: Հետո որ մի հարկ դարձավ, պայմաններն էլ վատացան: 250 աշակերտ ունենք, հիմա կրճատվել է: 74 թվականի դրված պատուհաններն են, դռներն են, ամբողջը` քայքայված, վնասված»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը:
Հատկապես դժգոհում են ծնողները: Դասարանում նորմալ ջերմաստիճան չկա: Թեեւ լոկալ ջեռուցում ապահովված է, բայց պատուհաններից անվերջ փչող քամին թույլ չի տալիս, որ դասարանը տաքանա: Արդյունքում երեխաները հաճախ են հիվանդանում: Ծնողներից շատերն էլ գերադասում են երեխաներին հանել դպրոցից ու Գյումրի ուղարկել դասի. «Հնարավոր չէ էդ ցրտին դաս էնել: Մի օր որ չեն հիվանդանում, ուրախություն է: Ամիսներով հիվանդ պառկում է երեխաս: Լուսամուտները ջարդած են, հատակը քար է, երեխա են, իրանց ամբողջ մանկությունն անցել է այդ խարխուլ շենքում»,-ասաց ծնողներից մեկը:
Տարիներ առաջ դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 250 հազարի: Այժմ 90 երեխա է հաճախում Հացիկի միջնակարգ դպրոց: Հիմնականում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողները նախընտրում են տեղափոխել երեխաներին: Ուսուցիչներն էլ նման պայմաններում ցանկություն չունեն աշխատելու. «Այսքան տարի է անցել, ոչ մի ղեկավար էս հարցը չլուծեց, ախր Հացիկը Գյումրիին կպած է, ո՛չ ճամփա կա, ո՛չ մշակույթի տուն, դպրոցն էլ` քարուքանդ: Այս գյուղ միայն ընտրությունից ընտրություն են գալիս»,- ավելացրեց Հացիկի բնակիչներից մեկը:
Հացիկցիները մտահոգ են, որովհետեւ առջեւում խստաշունչ ձմեռ է: Ամբողջ աշուն դասերը անձրեւաջրերի տակ են կազմակերպվել: Երեխաները դասերին անձրեւանոցներով են նստել: Այժմ էլ երբ ձյունը գալիս ու մի փոքր հալվում է, դպրոցում փոքր լճակներ են գոյանում. «Անձրեւաջրերը սաղ կչռռան: Շենքը խոնավացած է: Ամբողջ դպրոցը ջրի մեջ է: Նոր տանիքը սխալներով են կառուցել, հիմա ամբողջ կտուրը անցքերով է պատված: Դիմային հատվածն էլ նորմալ չէ, ջրերը շենքի տակ են լցվում»,-ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը:
30 տարի անց կառավարությունը 70 միլիոն դրամ է հատկացրել խնդիրների լուծման հրատապ ծրագրի շրջանակում,բայց ուսուցչական կազմը մտահոգ է: Գումարը հազիվ է բավարարելու կտուրի վերականգնման, պատուհանների փոխարինման ու հատակի սալիկապատման համար: Դրանով դպրոցի շենքային խնդիրը չի լուծվի:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ՀՈՎՔՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ Է
Նոյեմբերի 22-ին նշանակված էր Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Ի սկզբանե այդ պաշտոնի 3 թեկնածու կար` Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը, կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մարզային մասնաճյուղի մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Վերջինս ինքնաբացարկ է տվել:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կայացած մրցույթի արդյունքում Ս. Սիմոնյանը եւ Ս. Ասիրյանը ստացել են հավասար` 4-ական քվե: Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնի համար նախորդ՝ նոյեմբերի 19-ի մրցույթը չէր կայացել: Գործող օրենքի համաձայն` 2 թեկնածուների փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին, որը Հովքի դպրոցի տնօրեն կնշանակի: Հովքի դպրոցի աշակերտների ծնողները հայտնեցին, որ դեկտեմբերի 12-ին գյուղի ծնողների մի խումբ՝ թվով 6 հոգի, ովքեր գյուղի դպրոցում ավելի քան երկու տասնյակ երեխաներ ունեն, 20 ծնողների դիմումով գնացել են Իջեւան` Տավուշի մարզպետարան, մարզպետ Վահե Ղալումյանին հայտնել, որ իրենք նպատակահարմար են տեսնում տնօրենի պաշտոնում տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանին: Դեկտեմբերի 12-ին` կեսօրից հետո, մարզպետ Վ. Ղալումյանն այցելել է Հովքի դպրոց, ուր հանդիպել է դպրոցի ուսուցիչների հետ: Հովքի դպրոցի աշակերտների ծնողները ցանկացել են հանդիպել մարզպետին, ներկայացնել իրենց նկատառումները, հայտնել, որ այդ դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, այդ դպրոցի տնօրենի թեկնածու Սեդա Ասիրյանը մասնակից է դպրոցում տեղի ունեցած բազմաթիվ օրինախախտումներին, սակայն դպրոցի ուսուցիչները նրանց թույլ չեն տվել հանդիպել մարզպետին: Դեկտեմբերի 14-ին Հովք գյուղի ծնողների մի խումբ գնացել է Իջեւան, Տավուշի մարզպետ Վ. Ղալումյանին հայտնել, որ Սեդա Ասիրյանին դպրոցի տնօրեն նշանակելու դեպքում իրենց երեխաներին գյուղի դպրոց չեն ուղարկելու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ