ՀԱՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԳԱՐԵՋՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գարեջրի որակի չափանիշները հնարավոր է փոխվեն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է փոփոխություններ իրականացնել ալկոհոլային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգում: Ըստ ԵԱՏՄ պաշտոնական կայքէջի` գարեջրի արտադրության մեջ կօգտագործվեն ավելի քիչ ածիկ եւ ավելի շատ շաքար պարունակող նյութեր, ինչի արդյունքում կփոխվի ոչ միայն գարեջրի համը, այլեւ որակը:

Նշենք, որ ներկայիս սահմանված նորմերով` ածիկի քանակը 80 տոկոսից ոչ պակաս է: Գարեջրում թույլատրվում է միայն 20 տոկոսը փոխարինել ոչ ածիկային հումքով եւ շաքարային ապրանքով: Վերջինիս ապրանքային ծավալը չպետք է գերազանցի 2 տոկոսը: Իսկ տեխնիկական նոր կանոնակարգով` ածիկի պարտադիր քանակը կնվազեցվի մինչեւ 50 տոկոս, ինչը նշանակում է, որ գարեջրի կեսն արդեն կարող է լինել այլ հացատեսակ եւ շաքարանյութ: Այսինքն` շաքար պարունակող նյութի թույլատրելի քանակը 2-ից կբարձրանա 5 տոկոս: Ի դեպ, այս նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Ի դեպ, այս պահանջները պարտադիր են դառնալու ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների` Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի համար: Նկատենք, որ այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հոկտեմբերի 1-ից:
Գարեջրի ոլորտում առաջիկայում սպասվող փոփոխությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը եղավ «Երեւան» գարեջրի գործարանում, զրուցեց ե՛ւ գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ե՛ւ գլխավոր գարեջրագործ Արայիկ Ղազարյանի, ե՛ւ կենտրոնական լաբորատորիայի վարիչ Արմեն Ավետիսյանի հետ: Գործարանի կենտրոնական լաբորատորիայի վարիչ Արմեն Ավետիսյանից տեղեկացանք, որ գարեջրի բաղադրության մեջ փոփոխություններ իրականացնելը քննարկվել են դեռեւս 2014 թվականից: Բաղադրությունը փոփոխելու մասին հերթական առաջարկը ընկերությունը ստացել է այս դեկտեմբերի 4-ին:
Իսկ ահա գործարանի գլխավոր գարեջրագործ Արայիկ Ղազարյանի խոսքերով` Գերմանիայում հարյուրավոր տարիներ առաջ ընդունված գարեջրագործության մաքրության մասին օրենք կա, ըստ որի` արգելվում է ընդհանրապես օգտագործել որեւէ այլ նյութեր բացի ածիկից: Ըստ այս կանոնակարգի` ցանկանում են ածիկի պարունակությունը իջեցնել մինչեւ 50 տոկոս, ինչի արդյունքում գարեջուրը կվերածվի գարեջրային ըմպելիքի: Կփոխվի համը, որակը, ինչը սպառողը անմիջապես կզգա:
«Բայց մեր ընկերությունն իր ավանդույթները պահպանում է, եւ մեր գարեջուրը գերմանական ու չեխական արտադրության գարեջրի հետ համարժեք է: Մենք չենք գնա այդ ուղղությամբ եւ, բնականաբար, ածիկի պարունակությունը մեր հումքի մեջ չենք իջեցնի` պահպանելով մեր դասական տեխնոլոգիան: Մենք, բնականաբար, այդ ուղղությամբ չենք գնա եւ մեր սպառողներին մոլորության մեջ չենք գցի»,- վստահեցրեց ընկերության գլխավոր գարեջրագործը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ տարիներ առաջ, երբ այս թեմայի շուրջ քննարկումներ են եղել, ընկերությունը իր հստակ դիրքորոշումը հայտնել է: «Մենք դեմ ենք, որ գարեջրի մեջ ածիկի պարունակությունը 80 տոկոսից ցածր լինի: Գարեջուր արտադրող դասական երկրներում նման կանոնակարգ չկա, չի գործում»,- ավելացրեց գարեջրագործ Ղազարյանը: Մասնագետը մեզ հետ զրույցում բարձրաձայնեց նաեւ, որ կանոնակարգում մեթոդիկան հաստատված չէ, որով հնարավոր կլինի որոշել, թե գարեջրի մեջ որքան տոկոս պետք է կազմի ածիկը, բրինձը կամ շաքարը: Նրա խոսքերով` այս հարցը դեռեւս բաց է: «Մեզ ոչ մեկ չի արգելելու 99 կամ 100 տոկոսով ածիկ օգտագործել, բայց կլինեն տնտեսվարողներ, ովքեր դրա քանակը կիջեցնեն»,- նկատեց գարեջրագործը:
Բայց մյուս կողմից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երեւան» գարջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը համոզված է, որ այս փոփոխությունները լուրջ խնդիրներ կառաջացնեն տեղական արտադրողի համար:
«Իհարկե, մենք չենք փոխվելու, շարունակելու ենք նույն ձեւով աշխատել: Բայց այստեղ վտանգ կա: Դրսում կարտադրվի նմանատիպ գարեջրային ըմպելիք, որի գինը համեմատաբար էժան կլինի, այն կողողի մեր շուկան: Բնականաբար այստեղ մենք կտուժենք, վաճառքի հետ կապված խնդիր կունենանք: Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցներին դժվար կլինի համոզել այլ համի գարեջուր օգտագործել: Ես հույս ունեմ, որ այս ամենը մեր արտադրության եւ սպառման ծավալների վրա չի ազդի: Օրը գա, բարին հետը»,- հույս հայտնեց պատգամավորը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Ալավերդիում. 16-ամյա անչափահասը մորը պաշտպանելու համար դանակահարել է նրա ընկերոջը: «Ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած, ծակած վերք, աջ ուսի դելտրիտ մկանի շրջանի ծակած, կտրած վերք եւ ձախ ձեռքի առաջին մատի մակերեսային կտրած վերք» վնասվածքներով «Ալավերդի» բկ բուժօգնության է դիմել նույն քաղաքի 34-ամյա բնակիչը: Պարզվել է, որ վերջինս ընկերուհու տանը վիճաբանել է նրա հետ, ինչին ականատես է դարձել նաեւ կնոջ որդին` ծնված 2002թ.: Մորը պաշտպանելու, նրա նկատմամբ բռնությունը կանխելու համար տղան միջամտել է ու դանակահարել մոր ընկերոջը: Անչափահասը հանձնվել է մոր հսկողությանը, ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:

 

 

9:00-ԻՑ 21:00-Ն
2018թ. արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ: Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը եւ հանգեցրել է հավելյալ հերթերի եւ կուտակումների: ՊԵԿ-ը քայլեր է ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Մինչեւ հարցի հիմնովին կարգավորումը ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն առանց բացառության կարող են իրականացվել բոլոր մաքսատներում եւ մաքսային կետերում: Հերթերից խուսափելու նպատակով մինչեւ 2018թ. դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ` 9:00-ից մինչեւ 21:00-ն:




Լրահոս