ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխատանքային հանդիպում՝ Սևանա լճում որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ:
Քննարկվեցին դեկտեմբերի 20-ից մեկնարկած Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումների արդյունքներն ու խնդիրները:
Թեև նշված կառույցներն արդեն տևական ժամանակ է պայքար են մղում ձկնատեսակի որսի, տեղափոխման ու վաճառքի դեմ, սակայն դեռ կան էական բացթողումներ:

Կողմերը կարևորեցին համագործակցությունն առավել սերտացնելու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումներին նոր թափ հաղորդելու և ծառայությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ հարցեր:
Կառույցների ղեկավարները միակարծիք էին, որ Սևանա լիճը մեր երկրի ազգային հարստությունն է, և իրականացվող միջոցառումներն ուղղված են ոչ միայն ձկնատեսակի պահպանմանը, այլև էկո և պարենային անվտանգության ապահովմանը:

Որոշվեց շարունակել Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառելու լողամիջոցների ու որսագործիքների մուտքը լիճ, ուժեղացնել ծառայությունը Սևանա լճի հարակից տարածքում տեղակայված պահակետերում ու հայտնաբերել հանրապետության բնակավայրերում սիգի վաճառքի դեպքերը:
Միջոցառումներից և Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարի գիտական վերագնահատումից հետո, ձկան բավարար քանակների հաստատման դեպքում, կքննարկվի արդյունագործական ձկնորսության թույլտվության հարցը:




Լրահոս