ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանում եղեւնիների եւ սոճիների հատումն ու վաճառքը արդեն մի քանի տարի է, արգելված է: Շուկայում վաճառվող բնական եղեւնիների կամ սոճիների մի մասը բերվում է ՀՀ մի քանի մարզերում երկար տարիներ գործող տնկարաններից, իսկ մի մասն էլ ներկրվում է Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից եւ Գերմանիայից: Սակայն օրեր առաջ՝ դեկտեմբերի 11-ին, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երեւան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղեւնու կոտրված ու թափված ճյուղեր:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Մեր ահազանգի հետքերով Գուլանյանը հանձնարարական է տվել, որպեսզի պարկի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանը եւ աշխատակիցները իրականացնեն հատված ծառերի որոնողական աշխատանքները:
Ավելի ուշ Վահե Գուլանյանը զանգահարեց խմբագրություն եւ տեղեկացրեց, որ մասնագետները եղեւնու հատված ծառեր չեն հայտնաբերել, միայն պոկված եւ թափված ճյուղեր: «Կոտրված թափված ճյուղեր են, ըստ երեւույթին, ձյան հետեւանքով է դա եղել: Իրենք տարածքը նորից նայում են, որպեսզի տեսնեն` հատված ծառ կա, թե ոչ»,- փոխանցեց Գուլանյանը: Նրա պատմելով` Արծվանիստ գյուղի ափամերձ հատվածում եւս կան թափված ճյուղեր, բայց պարկի տնօրենը դարձյալ սա կապեց թաց ձյան հետ: Ապա հիմնավորեց հետեւյալ կերպ. «Այս շրջանում ձյունը թաց է եւ երբ նստում է ճյուղերի վրա, դրանք կոտրվում են ու թափվում: Այսինքն` ծառերը խիտ են, դրա պատճառով ձյունը չի կարողանում իջնել գետնին եւ մնում է ծառերի վրա: Ծառերը բարակ են, նվազ. հենց քամին փչում է, դրանք պառկում են, իսկ թաց ձյան դեպքում անմիջապես կոտրվում ու թափվում են: Հավանաբար սա է խնդիրը»:


Բայց մյուս կողմից` մեր թղթակիցը տարածքում թափված, կոտրված ճյուղերը լուսանկարելիս արձանագրել է, որ ձյուն չկա, անգամ գետինը թաց ու խոնավ չի եղել: «Ինձ անհանգստացնում է մեկ հարց` հանկարծ հատում չլինի: Հիմա` այս պահին էլ, աշխատողները փոցխում են, ստուգում են, որ հանկարծ հատումներ չլինեն: Որոնողական աշխատանքները կշարունակվեն»,- վստահեցրեց պարկի տնօրենը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի ավարտին ՊՈԱԿ-ի տնօրեն Գուլանյանը հայտարարեց, որ իրենք բնական եղեւնիների հետ կապված ուժեղացված հսկողություն են իրականացնում:
Ի դեպ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետը Մխիթար Հարությունյանն է: Բայց տեղաբնակների խոսքերով` մարդիկ կարողանում են հանգիստ ելումուտ անել անտառ եւ Ամանորի համար եղեւնի տանել: Եթե հավատանք նրանց, ապա Մխիթար Հարությունյանը, մեղմ ասած, չի տիրապետում իրավիճակին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԽՃԱՔԱՐԸ ԳՆԵԼՈՒ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՑ
Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլատվություն, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում` հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ այն իրացրել: Այդ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում, գտնվում է հարկային դաշտում: Հայաստանում իշխանափոխությունից հետո արդեն 7 ամիս է, ինչ ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը մինչ այժմ չի լուծվել: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չունի, քանզի ընկերությանը խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդի քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին` Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ, «Լեւոն երկրորդ» ՍՊԸ տնօրեն Ֆլորա Անտոնյանը նամակ հանձնեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը:

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԶՈՐԱՄԱՍ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Վանիկ Սողոմոնյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2018թ. փետրվարի 19-ին կամ 20-ին հեռախոսազրույց ունենալով իր ընկեր, Տավուշի մարզում տեղակայված ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Արթուր Բունիաթյանի հետ` խոստացել է վերջինիս համար նրա ծառայության վայր թմրամիջոց ուղարկել: Ըստ մեղադրանքի` Սողոմոնյանն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել 0.03 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ 2018թ. փետրվարի 24-ին տաքսու վարորդ, Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Պավել Գյուրջինյանի հետ Երեւան քաղաքից ուղարկել է Պաշտպանության նախարարության զորամաս Ա. Բունիաթյանին հանձնելու համար: Վ. Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ  




Լրահոս