«ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ ԿԱԲԻՆԵՏԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄԻՆ ՆԵՐԿԱ ՉԻ ԵՂԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով` 6 ամիս ժամկետով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նա մոտ օրերս կնշանակի նաեւ գեղարվեստական ղեկավարին՝ Նարինե Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ թատրոնի անձնակազմն ավելի վաղ բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանին լքել թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Թատրոնի տնօրենի կարգավիճակում թատերախումբը տեսնում էր Արման Նավասարդյանին, գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում՝ դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Չալդրանյանը սկզբում չէր ցանկանում վայր դնել զենքերը. նա նախ հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ այն զիջելով ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին: Սակայն թատերախմբի ճնշումների ներքո Շահվերդյանը եւս հրաժարական տվեց: Իսկ արդեն Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո Չալդրանյանը նրա հրահանգով հրաժարականի դիմում ներկայացրեց՝ զիջելով նաեւ տնօրենի պաշտոնը: Ի վերջո, ի՞նչ մթնոլորտ է տիրում այժմ Համազգային թատրոնում, արդյոք թատերախմբի պահանջները վերջապես բավարարվեցի՞ն. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանի հետ:
-Պարո՛ն Նավասարդյան, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո Վիգեն Չալդրանյանի հետ հանդիպե՞լ եք, զրուցե՞լ եք:
-Ոչ, չենք հանդիպել, ես մի քանի անգամ փորձել եմ նրա հետ կապի դուրս գալ, սակայն հեռախոսն անջատված է: Դեկտեմբերի 19-ին եղել է նշանակումը, կաբինետի հանձնում-ընդունումն արել է փոխտնօրենը:
-Կարելի՞ է ասել, որ թատրոնում տարաձայնություններ այլեւս չկան, որ Ձեր պահանջները բավարարվեցին:
-Չէ, իհարկե, չկան: Ներքին բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է:
-Թերեւս այս հարցը տեղին կլիներ ուղղել գեղարվեստական ղեկավարին, բայց հետաքրքիր է լսել նաեւ Ձեր տեսակետը: Արդյոք պատրաստվո՞ւմ եք պահել եւ զարգացնել Համազգային թատերական գիծը, որ սահմանվել է Սոս Սարգսյանի օրոք, այն դիմագիծը, որ ունեցել եք, թե՞ այլ ուղով եք գնալու:
-Այդ եղած բազայի վրա պատրաստվում ենք ստեղծել նորը: Մենք չենք ուզում վերադառնալ հնին: Նույն գետը երկու անգամ մտնել չես կարող: Դա արդեն անցյալ է: Մենք ունենք նոր պատկերացումներ ներկայացումների, շրջագայությունների, թատրոնի տեսքի վերաբերյալ:
-Թատրոնի շենքի խնդիրը, փաստորեն, ժառանգվում է տնօրենից տնօրեն: Թերեւս այս խնդրի լուծումը պետք է լինի Ձեր առջեւ դրվելիք գլխավոր հանձնարարականներից մեկը:
-Այո, բայց քանի որ նոր եմ ստանձնել տնօրենի ԺՊ-ի լիազորությունները, դեռ պետք է մանրամասն ծանոթանամ խնդրին, թեեւ շատ բաներից տեղյակ եմ:
-Դուք ստեղծագործ մարդ եք, այդ խառնվածքով դժվար չէ՞ ադմինիստրատիվ բնույթի աշխատանք կատարելը:
-Դժվար է, բայց սովորելու հարց է: Եթե մարդ որոշակի ունակություններ ունի, ամեն բանի էլ կարող է տիրապետել: Իհարկե, պատրաստ եմ դրան, բաներ կան՝ նոր եմ սովորում: Բացի այդ՝ ծանոթ եմ թատրոնի ներքին խնդիրներին: Ես լավ գիտեմ՝ ինչից է հիվանդանում թատրոնը եւ ինչպես է հարկավոր այն ապաքինել:
-Լիլիթ Մակունցի հետ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել: Փաստորեն, գոհ եք նրա դիրքորոշումից, կայացրած որոշումներից:
-Դեկտեմբերի 19-ին եմ վերջին անգամ հանդիպել, ոչ անհատական բնույթի հանդիպում էր: Ես շնորհակալ եմ նրան անաչառ եւ օբյեկտիվ մոտեցման համար: Թեեւ հակառակ կողմը (նկատի ունի Վիգեն Չալդրանյանին-հեղ.) դժգոհ է, բայց, դատելով հանրային կարծիքից, թատերախմբի անդամների տեսակետներից՝ կարող եմ ասել, որ բոլորը բավարարված են: Նախարարը մեզ մեր ունակությունները ցույց տալու հնարավորություն տվեց, մնացածն արդեն մեր ապացուցելու խնդիրն է: Կապացուցենք՝ կմնանք մեր պաշտոններում, ոչ՝ ոչ: Իսկ տնօրենի վերջնական նշանակումը մրցութային ընթացակարգով է իրականացվելու: Մրցույթում հաղթելու է հայտ ներկայացրած թեկնածուներից մեկը: Սպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԲՈՒԴԸ, ԱՆՑՈՐԴՆԵՐԸ, ՕՂԻՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Նոր տարվա հրաշքին սպասում եմ, հավատում եմ, որ այն իր հետ բերելու է երազանքների իրականացում, սպասումների արդարացում: Որքան մեծանում եմ, այնքան ռեալիստ եմ դառնում, բայց չեմ դադարում հավատալ հրաշքին: Ձմեռ պապիկից բան չեմ խնդրում. մենք ինքներս պետք է կատարենք մեր առջեւ դրած նպատակները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան Արթուր Հակոբյանը` այնուամենայնիվ, երեխաներին հորդորելով անպայման նամակներ գրել Ձմեռ պապիկին:

Մենք հարցրինք՝ որն է եղել նրա կյանքի ամենատպավորիչ եւ հիշարժան Ամանորը. «Հիշում եմ՝ տարիներ առաջ երջանկահիշատակ մորս ասացի, որ բդի հարցը ես եմ լուծելու, ինքս եմ տանելու փուռ ու բերելու տուն: Իմ հարազատ Գյումրիում էինք, աննախադեպ չափով ձյուն էր եկել, հունվարի 1-ն էր, ես իմ մեքենայով շտապ գնացի փուռ բուդը բերելու: Ինձ ճանաչելով՝ հերթս առաջ էին գցել, ուրախ-ուրախ բուդը վերցրի ու զանգեցի ամենամոտ ընկերոջս, ասացի երկու բաժակ, օղի ու լավաշ վերցրու ու դուրս արի, դրսում քեզ եմ սպասում: Զարմացավ, որ տոնական օրով դուրս եմ հրավիրում, եկավ, տեսավ բուդը հանել եմ, դրել եմ մեքենայիս ու իրեն եմ սպասում: Այդպես հենց դրսում անցնող-դարձողի հետ խմում էինք ու ճաշակում անմահական բուդը: Իսկ երբ արդեն տուն էի գնում, որ բուդը տանեմ, 20 գրամ բան էր մնացել (ծիծաղում է): Հենց դա էր իմ ամենահիշարժան Ամանորը, իսկապես, երբեք չեմ մոռանա»,-պատմեց դերասանը:
Հարցին, թե որն էր 2018 թվականի ամենամեծ ձեռքբերումը, ինչ տվեց իրեն շան տարին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Անչափ ուրախ եմ, որ այս տարի ընդգրկվեցի մի նախագծում, որի մեկնարկը 2017-ին էր տրվել: Խոսքը «Անուղղելիների» մասին է: Իսկապես մեծ ձեռքբերում է աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ: Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, պետք է առանձնացնեմ դստերս պսակադրությունը: Դա ինձ համար հեքիաթի էր նման: Հիմա արդեն սպասում եմ որդուս հարսանիքին: Տա աստված, այդ հեքիաթն այցելի բոլորի տներ»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Ղազախական «Ակտոբե»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է ապագայի մասին: «Պայմանագրիս ժամկետը լրացել է այս տարվա դեկտեմբերի 1-ին: Ունեմ մտադրություն շարունակել աշխատել այստեղ, սակայն դա կախված է միայն ակումբից, որը պետք է լուծի խնդիրները ինձ պահպանելու համար: Սակայն մենք կապի մեջ ենք»,-ասել է 34-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում:
Ղազախստանի ավարտված առաջնությունում Մարկոսը 24 խաղում դարձել էր 18 գոլի հեղինակ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղը գրավեց նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով` դառնալով 9 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջնական որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին փոխարինողի հարցում:
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ կնշանակվի թիմի նախկին հարձակվող Ուլե-Գունար Շուլշերը, որը 2015 թվականից գլխավորում է նորվեգական «Մոլդեն»: 45-ամյա նորվեգացի մասնագետի օգնականը կլինի Մայք Ֆելանը, որն այդ պաշտոնում 14 տարի աշխատել է նաեւ Ալեքս Ֆերգյուսոնի օրոք: Նշվում է, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կգլխավորի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, իսկ ամռանը ակումբը կհրավիրի Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: Սուլշերը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:
Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորում էր 2016թ.-ից: Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020թ. հուլիսը: Պրեմյեր լիգայի 17 խաղերում թիմը խփել եւ բաց է թողել 29-ական գոլ: Չեմպիոնների լիգայում մանչեսթերցիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:




Լրահոս