Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը հանդիպե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել  գեներալ Մանվել Գրիգորյանին:

Եվ դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հրապարակվում այն մասին, որ Մանվել Գրիգորյանի առանձնատան դիմաց մշտապես հերթեր են գոյանում և մեծ թվով մարդիկ են ցանկանում հանդիպել նրան, այդ թվում` նրա մարտական ընկերները:

ArmLur.am-ը փորձեց պարզել` արդյոք նրանց թվում է նաև գեներալ Սեյրան Սարոյանը, ով շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ըստ էության ամենաշատը քննադատեց նրան` հունիսի 17-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութից հետո:

Սակայն մեզ հետ զրույցում Սեյրան Սարոյանի օգնական Գևորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն այժմ Հայաստանում չէ եւ հետևաբար Մանվել Գրիգորյանին չի հանդիպել, նաև չեն զրուցել: Ճշտող հարցին, թե որքան ժամանակ է` Հայաստանում չէ, նա նշեց. «Երկու ամիս առաջ է եկել Հայաստան, ապա կրկին բուժման նպատակով մեկնել: Բուժում է, որը երկար ժամանակ է պահանջվում»:

Հիշեցնենք, որ որ 2018թ. հունիսի 17-ին ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:




Լրահոս