Հարգելի՛ խմբագրություն, կարդալով «Ժողովուրդ»-ի մարտի 9-ի համարում տպագրված «Ֆիլմ-սարսափի ժանրից» հրապարակումը` կրկին վերապրեցի այն ողբերգական իրավիճակը, որն առնչվում է այդ հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հետ: Ամուսինս 2006 թ. հոկտեմբերի 19-ին «Արմենիա» հանրապետական հիվանդանոց էր տեղափոխվել կաթվածահար վիճակում: Ես համամիտ եմ այդ բաժանմունքի նախկին բուժքրոջ այն պնդումների հետ, որ այդտեղի բուժաշխատողները` հիմնականում բժիշկները, անասելի կոպիտ են: Նրանք հաշվի չեն առնում, որ գործ ունեն կենաց-մահու կռիվ տվող հիվանդների տերերի հետ եւ բացարձակ արհամարհանքով ու քամահրանքով են վերաբերում հիվանդատերերին, որոնք պատրաստ են բժիշկների ամենաանհնար պահանջն իսկ կատարել, միայն թե իրենց հիվանդին լավ վերաբերեն: Ես չեմ էլ հիշում ամուսնուս բժշկուհու անուն-ազգանունը (միայն հիշում եմ, որ շատ կարճ սանրվածք ուներ), բայց նրա կոպիտ, դժկամ վերաբերմունքը երբեք չեմ մոռանա: Իսկ եթե Հիպոկրատին երդում տված բժշկուհին արհամարհանքով է վերաբերում հիվանդատերերի հետ` հարկ չհամարելով պատասխանել իրեն ուղղված հարցերին, ապա դժվար չէ պատկերացնել նրա «հոգատար» վերաբերմունքը հիմնականում անգիտակից վիճակում գտնվող հիվանդների հանդեպ: Առանց քաշվելու, առանց երկմտելու, գիտենալով, որ ամուսնուս օրերը հաշվված են, նա ամենաթանկ դեղերն էր պահանջում: Ճի՛շտ հասկացեք, որդիներս պատրաստ էին ամեն ինչ անել իրենց հոր կյանքը փրկելու համար, բայց ներքին մի ձայն մեզ ասում էր, որ դեղերը նրան չեն հասնում: Կասկածն ավելի շատ խորացնում էր այն հանգամանքը, որ ստիպում էին դեղերը գնել հենց հիվանդանոցի դեղատնից` վճարելով կրկնակի: Սա կարող են հաստատել այն բոլոր մարդիկ, որոնք երբեւէ առնչվել են այդ տխրահռչակ բաժանմունքի հետ: Ասեմ ավելին, առկա է մի փաստ, որ նախկին բուժքույրը չի նշել: Որդիս գրիչով մի փոքրիկ կետ էր անում թանկարժեք դեղի տուփի վրա եւ այդ նույն դեղատուփը հաջորդ օրը գնում էր հիվանդանոցի դեղատնից: 2006 թ. նոյեմբերի 6-ին ամուսինս մահացավ այդ նույն հիվանդանոցում` այդպես էլ գիտակցության չգալով: Իհարկե ցավալի է, որ տեղյակ լինելով հիվանդանոցում տիրող այդ իրավիճակին` միայն աշխատանքից ազատվելուց հետո է այդ բաժնի անցուդարձին լավատեղյակ բուժքույրը հրապարակում այդ փաստերը: Հուսով եմ, որ գոնե Ձեր թերթում այդ փաստերի հրապարակումից հետո պատկան մարմինները համապատասխան հետեւություններ անեն: ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՆՈՒՅՆ ԴԵՂՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՎԱՃԱՌՈՒՄ ԷԻՆ ՄԵԶ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ