ԱԺ պատգամավոր դառնալուց հետո Կարեն Սարուխանյանը վայր է դրել Շիրակի մարզպետի լիազորությունները: Մարզպետի աթոռն այժմ ազատ է, իսկ պաշտոնը զբաղեցնելու համար տասնյակ անուններ են քննարկվում՝ Ֆելիքս Ցոլակյան, Ղարիբ Հարությունյան, Դավիթ Առուշանյան, Տիգրան Պետրոսյան, Վարդան Գրիգորյան: Թվարկված անձինք «Իմ քայլը» դաշինքի թիմից են, սակայն դեռեւս հատնի չէ, թե քաղաքական ինչպիսի որոշում է կայացվելու:
Մարզում այժմ մարզպետի ամենահավանական թեկնածուն Տիգրան Պետրոսյանն է: Ռեյտինգային թեկնածուին վստահության քվե էր տվել 4000-ից ավելի քաղաքացի: Նա գիտությունների թեկնածու է, հայտնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հնաբնակներից է: ԱԺ ընտրությունների ժամանակ Տիգրան Պետրոսյան, Կարեն Պետրոսյան եւ Ղարիբ Հարությունյան հայտնի եռյակը թիմով հանդես եկավ, այժմ էլ պատրաստակամ է մասնակցելու քաղաքական գործընթացների կրկին թիմային մոտեցմամբ:
«Ճիշտն ասած` անլուրջ եմ համարում մեկնաբանել այն, ինչը պաշտոնական չէ, այսինքն` այն, ինչ տարածվել է այս օրերի ընթացքում: Մեր թիմը, մտնելով քաղաքական գործընթացների մեջ, մասնակցելով ընտրություններին, մեր հայտը ներկայացրել ենք մասնակցելու քաղաքական տարբեր գործընթացների եւ կրելու պատասխանատվություն թե՛ Գյումրի քաղաքի, թե՛ Շիրակի մարզի, թե՛ Հայաստանի Հանրապետությունում դրական փոփոխություններ արձանագրելու ճանապարհին»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:
Այն, որ թիմին եղել է առաջարկ, Տիգրան Պետրոսյանը հրաժարվեց ներկայացնել, բայց նաեւ չբացառեց, որ առաջարկ լինելու պարագայում կտա իր համաձայնությունը. «Քննարկում է գնում, տարբեր կոմպոնենտներ պետք է հաշվի առնվեն, հենց առաջարկը եղավ, արդեն կմտածենք»:
Լարված վիճակ է նաեւ Շիրակի մարզպետարանում: Հայտնի է, որ կառույցում կրճատումներ են սպասվում: Ըստ շրջանառվող լուրերի` մոտ 60 աշխատակից գործազուրկ է դառնալու: Թե ինչպես է լուծվելու խնդիրը, հայտնի չէ, բայց աշխատակիցների շրջանում խուճապ է: Հայտնի է, որ առաջինը հարվածի տակ կընկնեն բաժնի պետերը:
Օդից կախված է նաեւ Կարեն Սարուխանյանի թիմի ճակատագիրը: Նրանք մարզպետարանում զբաղեցրել էին փոխմարզպետների, մարզպետների օգնականների պաշտոնները: Թե ով կլինի Շիրակի մարզպետը, ովքեր կպահպանեն իրենց աշխատատեղերը, հայտնի չէ:
Հեղինե Մանուկյան
Գյումրի