Պարգևավճարները տրվել են օրենքի խախտումներով. Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում բուռն քննարկման առիթ դարձավ պետական կառավարման համակարգի աշխատակիցներին պարգեւավճարներ, նաեւ 13-րդ աշխատավարձ տալու հարցը: Սա հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Այս թեմային երեկ անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս առումով զավեշտալի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգեւավճար են ստացել կամ տվել, չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին ստացել են էդ 13-րդ աշխատավարձը, ինչը, համենայնդեպս, վերջին տարիներին ավանդույթ է:… հիմա էլ ասուլիսներ են հրավիրում եւ ասում՝ ո՞նց կարելի է, չեն ասում, որ լուծարված խորհրդարանի պատգամավոր լինելով՝ ստացել են, բայց պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցների ստանալուց խոսում են։ Ես էլ պատգամավոր եղած ժամանակ միշտ էլ ստացել եմ, եւ բոլորն են ստացել, եւ երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ասել եմ՝ վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեք, մինչեւ աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք»:

Ի դեպ, հիմնական քննադատողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն էին, որոնց մի մասը, նախորդ խորհրդարանում լինելով պատգամավոր, ստացել է 13-րդ աշխատավարձ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ.

-Տիկի՛ն Սամսոնյան, Դուք շատ կոշտ դիրքորոշում եք որդեգրել պարգեւավճարների հարցի առումով, սակայն Ձեր կուսակիցները եւս ստացել են պարգեւավճարներ: Վարչապետը եւս խոսեց այդ մասին: Ի՞նչ կասեք:

-Ես կարծում եմ, որ այդ համեմատությունը տեղին չէ, որովհետեւ այդ հարցի մասին մեր հիմնավորումները լրիվ այլ են: Պարգեւավճարները տրվել են օրենքի խախտումներով, չեն ապահովում թափանցիկություն, թե ինչի համար են այդ ծառայողները պարգեւատրվում: Խոսվում է կոռուպցիոն ռիսկերի բացառման մասին, բայց դրա համար պետք է անել օպտիմալացում եւ բարձրացնել աշխատավարձերը: Պարգեւավճարները կամայական բնույթ են կրում, եւ, ըստ այդմ, կրկնվում է նախկին իշխանության այն պրակտիկան, որ տալիս են պարգեւավճարներ նրանց, ում պարզապես ուզում են տալ: Այսինքն՝ այստեղ նաեւ միջոցների արդար բաշխման խնդիր է առաջանում:
Օրինակ, Կոտայքի մարզպետը, որը տվել է պարգեւավճարներ իր մեկուկես ամիս կամ 3-4 ամիս աշխատած աշխատակիցներին, օրենք է խախտել, որովհետեւ պարգեւավճարներ տրվում են կիսամյակային գնահատման վրա, եւ, ըստ այդմ, մարզպետը գնահատում է, թե ինչպես են աշխատել աշխատակիցները եւ ինչպիսի արդյունք են գրանցել: Արարատի մարզպետը 104 տոկոսի չափով պարգեւավճարներ է տվել, եւ դա եւս օրենքի խախտում է: Պարգեւավճարներ տալը օրենքով սահմանված է, եւ մենք ամենեւին դեմ չենք դրան, որովհետեւ դա նաեւ անհրաժեշտություն է, բայց այս պահին կատարվողը շռայլություն է: Դրա միակ լուծումը օպտիմալացումն է: Մենք այս մասին խոսել էինք Երեւանի քաղաքապետարանում: Եվ երբ բերեցին հաստիքացուցակները, տեսանք, որ մեկ միլիարդ դրամով ավելացրել էին պարգեւավճարների բյուջեն: Մենք դա խիստ քննադատեցինք եւ նշեցինք, որ մենք դա չենք համարում աշխատողների մոտիվացիայի աղբյուր:

Լուսինե Մինասյան




Լրահոս