Ֆրանկլին Գոնսալեսի չեխական արկածները. ինչպես է իրականում հատնաբերվել Նարեկ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` չի բացառվում, որ Պրահայի ղեկավարությունը Նարեկ Սարգսյանին չհանձնի ՀՀ իրավապահներին:

2018 թ.-ի հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել էր քրեական գործ` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Այս գործով Նարեկ Սարգսյանը ներգրավվել էր մեղադրյալ, եւ հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին` միջազգային հետախուզում:

Արդյունքում 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն` Նարեկ Սարգսյանին, հայտնաբերեցին եւ ձերբակալեցին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Ուստի Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը նրա` Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

Եվ, ահա, հունվար 4-ի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր` Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա. «Հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը դեկտեմբերի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել»:

ՀՀ գլխավոր դատախազության Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, եւ եթե այս դեպքում Հայաստանն արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել: Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին:

ՀՀ գլխավոր դատախազությունը նախատեսված ժամկետներում դիմեց Պրահայի իշխանություններին` սպասելով նրանց արձագանքին: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ Պրահայի դատախազությունը ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր Պրահայի դատախազության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալան` նշելով. «Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը հանրապետական գլխավոր դատախազությունից ստացել է Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ:

Այժմ պետք է աշխատանքներ տարվեն համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման վերաբերյալ: Միայն դրանից հետո կհայտարարվի արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ»:

Համաձայն Չեխիայի օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերաբերյալ որոշում կայացնում է արդարադատության նախարարը: Ընդ որում, նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղական դատարանների վճիռներին:

Ու մինչ ՀՀ իրավապահները Պրահայի իշխանությունների հետ բանակցությունների մեջ են, «Ժողովուրդ» օրաթերթին Նարեկ Սարգսյանի հայտնաբերումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների` իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում:

Նարեկ Սարգսյանը ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել բավականին զարմանալի իրավիճակում: Սարգսյանի մտերիմների շրջանում տարածված են լուրեր, որ Նարեկ Սարգսյանը միայնակ չէր լքել Հայաստանը, եւ նրա հետ այլ անձ է եղել: Արդյունքում, Նարեկ Սարգսյանի հետ Հայաստանը լքած անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երեւան, եւ հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել: Եվ, ահա, այդ անձի հետքերով էլ իրավապահները որսացել են, թե որ երկրում է գտնվում Նարեկ Սարգսյանը: Դրանից հետո արդեն նախատեսված ընթացակարգով տեղյակ են պահել Պրահայի իրավապահներին:

Ի դեպ, լուրեր են պտտվում այն մասին, որ Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելը այդքան էլ հեշտ չի լինելու. չի բացառվում, որ անգամ չհանձնեն էլ, քանի որ նա միգուցե փորձի ներկայանալ որպես փախստական: Հայտնի է, որ նա այլ երկրի քաղաքացու անուն-ազգանուն է կրում եւ փորձելով ներկայանալ փախստական կամ քաղաքական հալածյալ` կասի, թե առհասարակ չի ցանկանում վերադառնալ Հայաստան:

Բայց այս դեպքում արդեն ՀՀ իրավապահ համակարգը պետք է միջամտի ու հիմնավորումներ ներկայացնի, որ նա ոչ թե փախստական է կամ քաղաքական հալածյալ, այլ լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող ու հետախուզման մեջ գտնվող անձ, եւ որ իրականում նման մեթոդներով փորձում է պարզապես թաքնվել նախաքննական մարմնից:

Որքանո՞վ է ՀՀ իրավապահ համակարգը վտանգ տեսնում, որ Պրահայի ղեկավարությունը Նարեկ Սարգսյանին չհանձնի Հայաստանին: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Մեղադրյալի կարգավիճակ ունեցող, այլ երկրում հայտնաբերված անձանց հանձնման գործընթացում գործում է այդ անձանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման բնականոն պրակտիկա: Չեխական կողմից ՀՀ դատախազությանն այս պահի դրությամբ նման հարցում չի ներկայացվել, եւ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու ՀՀ դատախազության դիմումի հիման վրա իրավական գործընթացը շարունակվում է»:

Քնար Մանուկյան




Լրահոս