Մենք փոքր ենք, բայց թվով շատ ներկայացումներ ենք խաղում, քան մի շարք մեծ թատրոններ. Լուսինե Երնջակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կամերային պետական թատրոնը պատրաստվում է ներկայացման պրեմիերայի՝ կանանց միամսյակին ընդառաջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նույն թատրոնի բեմադրիչ Լուսինե Երնջակյանը:

«Նախկինում մենք ունեինք ներկայացում, որի շրջանակում կանայք խոսում էին տղամարդկանց մասին եւ հումորով վատաբանում էին նրանց, հիմա արդեն կլինի հակառակը, սակայն տղամարդիկ կմնան իրենց բարձունքում եւ կգովաբանեն կանանց: Կլինի շատ գեղեցիկ ներկայացում՝ համեմված հումորով, հոռետեսական կատակերգության ժանրում»,- նշեց Լուսինեն: Ներկայացման հեղինակը Արա Երնջակյանն է, բեմադրիչը՝ Արշալույս Հարությունյանը:

Քանի որ Կամերային թատրոնի դահլիճը գողտրիկ է, հաճախ այդ հանգամանքին են վերագրում մշտապես լեփ-լեցուն հանդիսատես ունենալու փաստը: Լուսինեն, սակայն, համաձայն չէ. «Մենք փոքր ենք, բայց թվով շատ ներկայացումներ ենք խաղում, քան մի շարք մեծ թատրոններ: Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մեզ մոտ տոմսերի 98 տոկոսը մշտապես սպառվում է: Երեւանի ոչ մի թատրոն նման ցուցանիշ չի գրանցում»,- շեշտեց նա:

Մենք հետաքրքրվեցինք՝ այսօր որն է հայաստանյան թատրոնների առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը` բացի նյութական միջոցների սղությունից. «Ամենամեծ խնդիրներից մեկը մեր կապված է մշակութային կրթության հետ: Պետք է դեռ դպրոցից սերմանել հետաքրքրություն թատրոնի նկատմամբ, ձեւավորել թատրոն գնալու մշակույթ: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում թատրոն գնալը մի ամբողջ արարողություն է, պատիվ: Մարդիկ դրան օրերով պատրաստվում են: Ես տեսել եմ անգամ անօթեւանների, որոնք խնդրում են, որ թատրոնի տոմս տան իրենց, մտնեն, ներկայացում դիտեն: Բեմադրիչներն էլ չեն մտահոգվում, որ կարող է՝ չկարողանան լցնել դահլիճը. ամեն ժանր ունի իր սիրահարը: Ուզում եմ, որ Հայաստանը եւս հասնի այս մակարդակին»,-եզրափակեց Լուսինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս