Նախկին ընկերների կոռուպցիոն բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն արդեն մի քանի տարի զբաղվում է Գյումրիում անօթեւաններին բնակարաններ տրամադրելու գործունեությամբ: Հիմնադրամը ստեղծվել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Հետագայում ձեւավորվեց հոգաբարձուների խորհուրդը, որը սկսեց ղեկավարել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպ. Աջապահյանը: Սակայն արդեն մեկ տարի Շիրակի թեմի առաջնորդը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Սրբազան հոր հրաժարականից հետո հոգաբարձուների խորհուրդը սկսեց հետզհետե լուծարվել: Հրաժարական տվեց նաեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը: Նրան փոխարինեց տնակների հաշվառմամբ զբաղվող ընկերը՝ Մհեր Խաչատրյանը: Վերջինս հիմնադրամի գործունեության վրաբերյալ բացահայտումներ է կատարել:

Ըստ Մհեր Խաչատրյանի` 2017 թվականին Ղարիբ Հարությունյանը, լինելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, կեղծ հաշվետվություն է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որտեղ ֆինանսական չարաշահումներ կան: Վերջինս նաեւ պնդում է, որ նա կեղծ աշխատող է ձեւակերպել, ինչի մասին իր ձեռքի տակ փաստեր կան: Այս ամենը, ըստ նրա, ուսումնասիրված է, եւ առաջիկայում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է կայանալու, որի ժամանակ կստեղծվի ներքին վերահսկողական հանձնախումբ, եւ ուսումնասիրություններ կկատարվեն: «2017 թվականին կոնկրետ այն ժամանակվա տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից հոգաբարձուների նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն: Ֆինանսական չարաշահումներ կան այդտեղ ծախսերի հետ կապված. աշխատող չունենալու ժամանակահատվածում` աշխատավարձի ձեւակերպում, ու հիմա ամբողջ փաստերն իմ ձեռքի տակ կան, հետազոտությունները մինչեւ վերջ ավարտված են, առաջիկայում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, նիստի ժամանակ այդ հարցը կբարձրաձայնվի, կներկայացվի ու, ըստ կանոնադրության 17-րդ կետի, ներքին վերահսկողական հանձնախումբ կստեղծվի:

Բոլոր ուսումնասիրությունները կկատարվեն հիմնադրամի ներսում»,- ասաց Մհեր Խաչատրյանը:
Ըստ Մհեր Խաչատրյանի` Գյումրիից 300 քաղաքացիներ` հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներ, ամեն ամիս իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցում են հիմնադրամին: Ըստ Մհեր Խաչատրյանի` հիմնադրամը պետք է հաշվետվություններով հանդես գա կուռուցիոն ռիսկերից խույս տալու համար:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանն էլ հակառակն է պնդում: Վերջինս էլ ասում է, որ Մհեր Խաչատրյանը ինքնագործունեությամբ է զբաղվում, քանի որ հոգաբարձուների անդամները տեղյակ չեն վերջինիս ծավալած ուսումնասիրություններից: Ղարիբ Հարությունյանը նաեւ նշում է, որ նախկին եւ ներկա տնօրենների միջեւ ընդունում-հանձնում դեռ չի կատարվել, ուստի որեւէ տեղեկության հրապարակումն անօրինական է: «Կոչ եմ անում իրավապահ մարմիններին զբաղվել այս հայտարարությամբ: Եվ երկրորդը` քանի որ հայտարարություն է արվել հանցագործության մասին, հաղորդում վերցվել զրպարտության մասին, այս պահին տեղի է ունեցել զրպարտություն»,- ասաց Ղարիբ Հարությունյանը:

Ըստ Ղարիբ Հարությունյանի` հայտարարության հիմքում կա քաղաքական ենթատեքստ ու կան ուղղորդողներ: Թե ովքեր են նրանք, պարզ կդառնա առաջիկայում: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին Մհեր Խաչատրյանն ու Ղարիբ Հարությունյանը տարբեր քաղաքական ուժերի էին սատարում:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս