«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:
-Տիկի՛ն Փոստանջյան, Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը կոշտ քննադատության եք ենթարկում: Սակայն թավշյա հեղափոխության օրերին, երբ Փաշինյանին առեւանգեցին, Դուք ցանկանում էիք բեմից ելույթ ունենալ եւ, ըստ էության, Ձեր ձեռքը վերցնել առաջնորդի ղեկը: Հակասություն չե՞ք տեսնում:
-Չեմ կարծում, որ հակասություն կա, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանի շարժումը չէր, ոչ էլ իմ շարժումն էր, դա ժողովրդի շարժումն էր, եւ ժողովրդի ներկայացուցիչները պետք է հնարավարություն ունենային իրենց կարծիքները արտահայտելու, եւ եթե Նիկոլ Փաշինյանը իրապես բանտարկված էր, ապա ժողովուրդը չպետք է մնար առանց առաջնորդի: Բայց մենք հասկացանք, որ նա ոչ թե բանտարկված էր, այլ դա այդ շոուի մի մասն էր, եւ իր տիկինը շատ երջանիկ էր, խոսում էր այն մասին, որ իրենք խնդիր չունեն Նիկոլ Փաշինյանի բանտարկության հետ կապված: Երբ Նիկոլին բաց թողեցին, եւ այդ տեքստը հնչեց` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ապացուցում է, որ սա բեմադրություն էր, եւ բեմադրությունը ունի իր նպատակները: Դրա նպատակը ոչ թե ժողովրդի վիճակը բարելավելն էր, այլ տեղափոխություն իրականացնելը:
-Կարծում եք` եթե նման բան լիներ, Սերժ Սարգսյանը այդպիսի բաց տեքստ կասե՞ր:
-Իհարկե: Եթե նա նման բան չասեր, իշխանությունը կփոխանցվեր Կարեն Կարապետյանին, եւ ինքը արդեն այլեւս անելիք չէր ունենա այս քաղաքական գործընթացների մեջ: Ինքը այս ամենը իրականացնում է, որպեսզի հնարավորություն ունենա` ինքը եւ իր ընտանիքի անդամները պահեն իշխանությունը իրենց ձեռքում: Ըստ էության, իրենք են հանդիսանում իշխանության ստվերային տերը:
-Խոսելով տեղի ունեցած հեղափոխության մասին` հայտարարեցիք, որ հստակ օրակարգ կար Արցախի հարցի` հողերը հանձնելու հետ կապված: Ի՞նչ հիմնավորումներ ունեք: Եթե իսկապես ապացույցներ կան, դիմե՞լ եք իրավապահ մարմիններին կամ պատրաստվո՞ւմ եք դիմել:
-Ես իրավապահ մարմիններին դիմել եմ` կապված Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործությունների հետ: Դրան ընթացք չի տրվել, եւ դա ես բողոքարկել եմ դատական կարգով: Ցավալին այն է, որ անընդհատ այդ դատական նիստերը հետաձգվում էին:
-Միայն Սերժ Սարգսյանի մասո՞վ եք դիմել:
-Այո: Ազգային անվտանգության ծառայությունը դեռ ինձ չի հրավիրել: Կարո՞ղ ենք ասել, թե ինչի շուրջ է պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիեւի հետ:
-Դուք ապացույցներ ունե՞ք:
-Իր հայտարարությունն եմ ասում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք պայմանավորվել էին. նման հարթակներում եթե հանդիպում, իրար տեսնում են, կարող են նստել եւ զրուցել: Այդ մասին ինչո՞ւ հանրությանը նախապես չէր տեղեկացրել: Ասում է` մեկուկես ժամ քննարկել ենք արցախյան հիմնահարցի պատմությունը: Մինչ այդ էլ ասում էր, որ ինքը արցախյան հիմնահարցի հետ կապված տեղյակ է եւ գիտի ամբողջ բանակցային գործընթացի մասին: Ասում էր` գիտի, թե ով իրեն ինչպես է դրսեւորել` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, ավարտած Սերժ Սարգսյանով:
Դավաճանության համար մյուս փաստարկը. վերջ ի վերջո, ինչպե՞ս տեղի ունեցան միլիոնանոց ինժեներական աշխատանքները նախիջեւանյան սահմանին:
Այդ աշխատանքների նպատակն է թիրախ դարձնել մեր ստրատեգիական նշանակության մայրուղին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս ապրեց Նիկոլ Փաշինյանի հետ նույն տանիքի տակ: Ի՞նչ էին պայմանավորվում, ի՞նչ էին փոխանցում, վերջ ի վերջո այսօր ինչո՞ւ քրեական հետապնդման չի ենթարկվում Սերժ Սարգսյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: