ԵՆԹԱՐԿԵԼ, ԵՆԹԱՐԿՎԵԼ ԲԱՌԵՐԸ ԻՄ ԲԱՌԱՖՈՆԴՈՒՄ ՊԱՍԻՎ ԴԵՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նոր ձեւավորված ԱԺ-ի եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։

-Տիկի՛ն Մակունց, երկու օր է՝ նոր ԱԺ-ն անցել է աշխատանքի։ Ինչպիսի՞ ԱԺ եք տեսնում։
-Տեսնում եմ բավականին ակտիվ Ազգային ժողով, որտեղ միայն մի տեսակետ չէ, այլ առկա են տարբեր տեսակետներ, քննարկումներ եւ դրանց արդյունքում որոշումներ ընդունելու հանգամանք։ Ինձ նաեւ ուրախացնում է, որ, այնուամենայնիվ, այն կառուցողական մթնոլորտը, ինչի մասին խոսում ենք, առնվազն այս երկու օրերի ընթացքում կարողանում եմ նկատել։
-Ինչո՞վ է տարբերվում 7-րդ գումարման ԱԺ-ն նախորդներից։ Ամենակարեւոր տարբերությունը, որ նկատել եք։
-Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչով է տարբերվում։ Կարող եմ ասել, թե ինչով կուզենայի, որ տարբերվի, եւ կարծում եմ, որ պիտի տարբերվի։ 7-րդ գումարման Ազգային ժողովը պետք է տարբերվի շատ հստակ քաղաքական սկզբունքներով, պիտի տարբերվի կառուցողական գործելաոճով։
-Այս ԱԺ-ն աչքի է ընկնում երիտասարդների մեծ թվով։ Այս մասով կարծիքները շատ հակասական են։ Մտավախություն չկա՞, որ երիտասարդությունը իր անփորձության պատճառով կարող է շատ բաներ չհաջողել։
-Ընտրական օրենսգիրքը սահմանում է տարիքային շեմ, որը հաղթահարելու պարագայում քաղաքացին կարող է ընտրվել պատգամավոր։ Բոլորն այդ տարիքային շեմին համապատասխանում են։ Փորձառության մասին, իհարկե, պետական կառավարման համակարգում ոչ բոլորն է, որ ունեն փորձառություն, բայց ամեն ինչ ձեռքբերովի է։
-Արարատ Միրզոյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց 131 կողմ ձայնով։ Նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը միշտ շեշտում է իր ընդդիմություն լինելը, դեմ չքվեարկեց; Արդյոք սա ինչ-որ առումով մտահոգիչ չէ՞։
-Ես մտահոգող որեւէ բան չեմ տեսնում, որովհետեւ մարդիկ ազատ արտահայտել են իրենց կամքը, եւ չեմ կարծում, որ այդտեղ մտահոգող բան կա։
-«Իմ քայլը» դաշինքը հայտարարել էր, որ թիմը միասնական որոշում ունի կողմ քվեարկել Վահե Էնֆիաջյանին՝ որպես ընդդիմադիր փոխնախագահ։ Իհարկե, Էնֆիաջյանը ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը, բայց, այնուամենայնիվ, մեկը կողմ էր քվեարկել Մանե Թանդիլյանին, ով ստացավ 19 ձայն։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։
-Իսկ ո՞վ է քվեարկել։
-Այսինքն, կարծում եք, որ ԲՀԿ-ի՞ց է եղել քվեարկողը։
-Ես չգիտեմ՝ ով է քվեարկողը։ Գաղտնի քվեարկություն է տեղի ունեցել։ Այս պարագայում պարզապես հայտնում եմ համոզվածություն, որ մեր թիմի կոնսենսուսով որոշումը քաղաքական դիրքորոշման արտացոլվել է քվեարկության արդյունքում։
-Մշակույթի նախարար եղած ժամանակ դուք միշտ խուսափել եք որեւէ քաղաքական հայտարարություն անելուց։ Հիմա արդեն խմբակցության ղեկավար եք։ Այս առումով ինչպե՞ս եք հարմարվում քաղաքական թիմի ղեկավարի պաշտոնին։
-Մշակույթի նախարարի պաշտոնում արել եմ այն հայտարարությունները, այդ թվում եւ քաղաքական, որոնք վերաբերել են հենց մշակույթի տիրույթին։ Իսկ այժմ հիմնականում առնչվելու է օրենսդիրի աշխատանքներին, որտեղ կլինեն հիմնականում քաղաքական հարցադրումներ եւ շեշտադրումներ։
-Խմբակցության անդամները ինչ-որ առումով նաեւ պիտի ենթարկվեն խմբակցության ղեկավարին։ Ձեզ որքանո՞վ կհաջողվի այս գործը։
-Անկեղծ ասեմ, չեմ սիրում ենթարկել, ենթարկվել բառերը։ Դրանք իմ բառապաշարում եւ բառաֆոնդում պասիվ դերում են։ Մեզ մոտ կա գործընկերային հարաբերություններ։ Յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակում աշխատում ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
-Արդեն մի քանի ամիս է՝ ակտիվ քննարկվում է կառավարության կազմի օպտիմալացման հարցը։ Դուք՝ որպես մշակույթի նախկին նախարար, ինչ-որ առաջարկներ ներկայացրե՞լ եք։ Տեղյա՞կ եք, թե գործընթացը ինչ փուլում է գտնվում։
-Այո՛։ Նախորդ հանդիպման ժամանակ կառավարության հետ, երբ քննարկում էինք նախագիծը, Մշակույթի նախարարությունը երկու դիրքորոշում է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ օպտիմալացումը սկզբունքորեն ընդունելի ենք համարում, բայց Մշակույթի նախարարության բոլոր ոլորտային գործառույթները պահպանելով։ Իսկ ես մասնավորապես առաջարկել եմ մշակույթ եւ տուրիզմ ձեւաչափով նաեւ դիտարկել՝ կախված, թե ինչ շեշտադրումներ ենք անում որպես քաղաքական օրակարգ։
-Ըստ Ձեզ` ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ ոչ թե նախարարությունների թիվը կրճատվեր, այլ պարզապես աշխատատեղերը։ Այսինքն՝ նախարարությունները, ըստ էության, պահպանեին իրենց կարգավիճակը։
-Մոտեցումները տարբեր են: Կախված է նրանից, թե մենք ինչ առաջնային խնդիր ենք դնում մեր առջեւ, արդյունավետության բարձրացման ինչ օրակարգ եւ պլան ենք մշակում։ Ամբողջական փաթեթով կառավարության ներկայացրած նախագծի հետ կապված ես չեմ կարող Ձեզ մանրամասներ հրապարակել։
-Այսինքն չեք՞ բացառում, որ կլինի նշածս տարբերակով, եւ նախարարությունները փակելու փոխարեն հնարավոր կլինի պահպանել դրանք՝ թեկուզ քիչ աշխատողներով։
-Չեմ կարող ասել՝ ինչ կլինի վերջնական։ Բայց կխնդրեմ, որ չօգտագործենք փակել բառը, որովհետեւ նախարարությունները իրականում չեն փակվելու, եւ այդ ոլորտները չեն վերանալու։
-Բայց չէ՞ որ նախարարության կարգավիճակ չեն ունենալու։
-Միավորված են լինելու։ Նույնն է, որ դուք ասեք՝ չի լինի Կրթության եւ գիտության նախարարություն կամ Բնապահպանության նախարարություն, եթե այն լինի մեկ այլ նախարարության կառույցում։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԽԱԽՏԵԼՈՎ ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Չնայած երեկ յոթերորդ գումարման խորհրդարանի միայն երկրորդ նիստն էր, սակայն արդեն ակնհայտ է, որ նորընտիր պատգամավորներին դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ ադապտացվելու եւ շատ հարցերի սովորելու համար: Նույնը վերաբերում է նաեւ ԱԺ ղեկավարությանը: Երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երբ ցանկանում, սկսում էր նիստը, երբ ցանկանում, ընդմիջում էր հայտարարում: Ընդ որում, եթե նախկին գումարումների խորհրդարանում օգտագործում էին նույնիսկ վերջին վայրկյանները ընդմիջման գնալուց առաջ, ապա երեկ նույնիսկ ընդմիջման ժամից հինգ րոպե առաջ էր հայտարարվում այդ մասին:

Նույնը եղավ նաեւ ԱԺ նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, թե կարող են շարունակել օրակարգով շարժվել, ապա գնալ քվեարկության, սակայն որոշում կայացրեց քվեարկությունից 15 րոպե առաջ ընդմիջում հայտարարել: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ գումարումների ժամանակ փակ քվեարկությունների ընթացքում հաճախ նույնիսկ ընդմիջում չէր լինում, եւ դրանք ընթանում էին նիստին զուգահեռ: Ապա քվեարկությունից հետո` նախատեսված ժամին, պատգամավորների մեծ մասը նիստերի դահլիճում էր, սակայն Արարատ Միրզոյանը չկար ու չկար: Իսկ ահա ամենաերկար ընդմիջումից վերադառնալով` «Իմ քայլը» խմբակցությունը կրկին 20 րոպե ընդմիջում վերցրեց, որը նրանք օգտագործեցին սնվելու նպատակով եւ քվեարկության էին վազում շնչակտուր:
Սակայն պատգամավորները դեռ չեն սովորել քվեարկությունների կարգին: Եվ երեկ նրանց մի զգալի մասը գլուխ չէր հանում՝ որ կոճակը պետք է սեղմեն, որ քվեարկեն։ Դրա համար էլ ԱԺ հանձնաժողովների թվաքանակի ավելացման մասին հարցի քվեարկությունը մի քանի անգամ խափանվեց։ Ստիպված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշեց սովորեցնել պատգամավորներին, թե ինչպես պետք է քվեարկել՝ «մի կոճակը սեղմում են, որ համակարգը ճանաչի, մյուս երեք կոճակներով էլ քվեարկում են «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»։ Բայց նույնիսկ փոքրիկ դասընթացից հետո էլ մի քանի պատգամավորներ չկարողացան քվեարկել: Արարատ Միրզոյանն էլ առաջարկեց՝ ով չի կարողացել քվեարկել, թող ձեռքը բարձրացնի, որ քարտուղարությունը ձեռքերով հաշվի եւ ավելացնի ընդհանուր թվին։ Քվեարկել չկարողացողների թվում էին հիմնականում «Իմ քայլը» խմբակցության անդամները: Իսկական մանկապարտեզ` պարզապես չափահասներից կազմված:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Նոր խորհրդարանի աշխատանքային երկրորդ օրն արդեն պատգամավորական մանդատից հրաժարվողներ եղան: Երեկ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մեկ շաբաթվա ընթացքում Գրիգորյանը ետ չվերցնի դիմումը, ապա նրա լիազորությունները կդադարեցվեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Վահագն Գրիգորյանը խմբակցությունում ոչինչ չի ասել մանդատից հրաժարվելու մտադրությունների վերաբերյալ: Գործընկեր պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու է հրաժարվում մանդատից, պարզապես պատասխանել է. «Ուղղակի փոշմանել եմ»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նկատել էր. «Որեւէ արտառոց կամ ծայրահեղ բան չկա: Պարզապես իր նախկին աշխատանքն իրեն երեւի ավելի հետաքրքիր է, այդ պատճառով է դիմում գրել»: Նշենք, որ Վահագն Գրիգորյանը 10 տարուց ավելի աշխատել է բանկային ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա բարձր աշխատավարձով պաշտոնի առաջարկ է ստացել հայաստանյան բանկերից մեկում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է Երեւանի ավագանու անդամ: Եվ երեկ ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված ավագանու անդամների ցանկը` պարզեցինք, որ նրա անունը դեռ հեռացված չէ, այնինչ պատգամավորական մանդատ ստացած ավագանու մյուս անդամների անունները հանված էին, եւ նրանց փոխարեն նորերի անուններն են գրված: Հիշեցնենք` Վահագն Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով Երեւանի թիվ 4 ընտրատարածքից (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններ)։

 

 

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ
Զարմանալի զուգադիպությամբ վերջին ամիսներին հանցագործների թիրախում իրավապահ համակարգի նախկին ու ներկա պաշտոնյաներն են հայտնվել, որոնց տները ենթարկվում են ավազակային հարձակման կամ թալանվում են: Անցած տարի գողերը մուտք գործեցին ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տները: Նրանց նպատակը նախկին պաշտոնյաներին թալանե՞լն էր, թե՞ վրեժխնդիր լինելը, դժվար է ասել: Սակայն այդ գործընթացը շարունակվում է նաեւ հիմա: Ինչպես հայտնի է, 2018 թվականի տարեվերջին թալանեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, ինչպես նաեւ փորձել էին թալանել Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը: Այս փաստերը պետք է լուրջ քննության եւ մտահոգության առիթ լինեն ուժային կառույցների ղեկավարների համար, քանի որ ակնհայտ է՝ թիրախում հենց իրավապահ համակարգի ներկա ու նախկին պաշտոնյաներն են: Սա, թերեւս, հետեւանք է անպատժելիության մթնոլորտի, այլ կերպ դժվար է բացատրել կատարվածը: Եւ իշխանությունները, իրավապահները պարտավոր են օր առաջ միջոցներ ձեռնարկել այդ ամենը կանխելու համար:




Լրահոս