ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ H1N1-Ի 60-Ի ՄՈՏ ԴԵՊՔ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95 տոկոսը երեխաներ են: Նաեւ հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ, եւ վերջիններս տուն են ուղարկվել:

Ըստ առողջապահության նախարարության` 2018-2019թթ. սեզոնում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, որի մասին բարձրաձայնվել է դեռեւս 2018 թվականի նոյեմբերից:
Հայաստանում, H1N1 վիրուսով պայմանավորված, արդեն մահվան երկու դեպք է գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքերով` ՀՀ-ում հունվարի 1-ից մինչ օրս H1N1 վիրուսով հիվանդանալու մոտ 60 դեպք է գրանցվել: «Տվյալներն անընդհատ փոփոխվում են, գրեթե 600 կատարված հետազոտության արդյունքում միայն երեկվա դրությամբ ունենք 60-ի մոտ H1N1-ի դեպք: Այսինքն` խոսքը 10 տոկոսի մասին է: Բայց այս դեպքում էլ մենք դեռեւս գործ ունենք H1N1-ի հետ»:
Նշենք, որ Վրաստանում հունվարի 14-ի դրությամբ H1N1 վիրուսից մահացել է 16 քաղաքացի: Խոզի գրիպի տարածումը կանխելու համար Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը փակվել է: Սակայն մեր իշխանությունների մոտ, կարծես թե, Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը չի քննարկվում, մի հանգամանք, որը տարակուսանք է հարուցում:
«Հարուցիչը շրջանառվում է նոյեմբեր ամսից ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ եվրոպական տարածաշրջանում: Արդեն բնության մեջ ցիրկուլացիա կա, ի՞նչ անենք, սահմանը փակե՞նք: Օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող հիվանդություն է, դա անմիաստ միջոցառում ենք համարում: Դրա համար մեր ամբողջ ուժերը կենտրոնացված են վաղ հայտնաբերմանը, հարուցիչի շրջանառության իրավիճակային գնահատմանը, ինչը այս պահի դրությամբ արվում է: Ես կարող եմ սահմանը հատել գաղտնի շրջանի մեջ, սահմանային անցակետում ի՞նչ պետք է իմանան` ես գաղտնի շրջանի մեջ եմ, թե ոչ: Անիմաստ է, բացարձակ անիմաստ: Որպես համաճարակաբան, որպես մասնագետ` նման միջոցառումներ այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ իրականացնել»,- պարզաբանեց համաճարակաբանը:
Բայց չնայած սրան` Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ գրիպի եւ սուր շնչառական վարակների վերաբերյալ այս եւ նախորդ սեզոնի վիճակագրական տվյալների համեմատությամբ` դիտվում է աշխուժացում: Սակայն անհրաժեշտ է նշել, որ սեզոնին, մասնավորապես` ձմեռային ամիսներին, կարող են արձանագրվել հիվանդացության տարբեր բարձրացումներ (պիկեր)` պայմանավորված թե՛ շրջանառվող հարուցչով եւ թե՛ հիվանդացության հետագա ակտիվությամբ:
Մեր այն հարցին, թե ներկա պահին հոսպիտալացման քանի դեպք կա, որից քանիսը թոքաբորբով, նախարարությունից արձագանքել են. «Հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով Հայաստանի բոլոր առողջապահական կազմակերպություններում հոսպիտալացված է 650 հիվանդ, որից 96 տոկոսն արձանագրվում է երեխաների շրջանում: Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց»: Ըստ ԱՆ-ի` իրավիճակին լիարժեք տիրապետելու համար իրականացվում է նաեւ թոքաբորբերի մշտադիտարկում, եւ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներ կան, սակայն ոչ բոլորն ունեն վիրուսային ծագում:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ԱՆ-ից հետաքրքրվեց, թե թոքաբորբով պայմանավորված` մահվան քանի՞ դեպք է գրանցվել այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս: Սակայն մեր այս հարցին ԱՆ-ից պատասխանեցին, որ թոքաբորբի վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարեկան կտրվածքով: Ընդ որում` այժմ հավաքագրվում են 2018 թվականի տվյալները: Բայց ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` անցած տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 894 դեպք, իսկ թոքաբորբ` չճշտված հարուցիչով` 5701:
Հաշվի առնելով այս տվյալները` համաճարակաբան Լիաննա Թորոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ՀՀ առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը հրահանգե՞լ է բժշկական կենտրոնների ղեկավարներին ստուգման կամ լաբորատոր հետազոտության ենթարկել թոքաբորբի բոլոր դեպքերը: Համաճարակաբանը պնդեց, որ լաբորատոր հետազոտություններն արվում են դետքային հսկողության շրջանակներում եւ վիրուսի շրջանառությունը պարզաբանելու համար: Ըստ մասնագետի` այս մոտեցումը ոչ միայն մեր երկրում է, այլեւ ամբողջ աշխարհում: «Ոչ բոլոր դեպքերն են պահանջվում հետազոտել գրիպի նկատմամբ, քանի որ գրիպի հետզոտություններն արվում են ոչ դիագնոստիկ, այլ համաճարակաբանական նպատակներով շրջանառվող հարուցիչը պարզաբանելու համար: Եթե նախարարությունը հայտարարում է, որ շրջանառում է այս կամ այն հարուցիչը, ապա բուժական անձնակազմը տեղեկացված է, թե ցանկացած դեպքում բուժման ինչ տակտիկա, մեթոդաբանություն պետք է ընտրի»,- բացատրեց Լիաննա Թորոսյանը: Մյուս կողմից` մասնագետը դա անիմաստ միջոցառում համարեց: «Ես նորից եմ կրկնում` իրավիճակը վերահսկվում է, բայց ինչ վերաբերում է հետազոտություններին, սա միայն ՀՀ-ով չի պայմանավորված: Հարուցիչի պարզաբանման համար են արվում լաբորատոր հետազոտությունները»,- լրացրեց նա:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց` նախօրոք նախապատրաստական աշխատանքներ տարվե՞լ էին, պաշարվե՞լ էր համապատասխան անհրաժեշտ դեղորայք` կապված H1N1-ի հետ, վերապատրաստվե՞լ էին մասնագետները: Իսկ ԱՆ-ից մեր այս հարցին պատասխանել են, որ ի տարբերություն մի շարք երկրների` Հայաստանն ապահովված է հակավիրուսային դեղերով, որոնք բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա բաշխվել են: Պարզվում է, որ միջազգային փորձագետների անմիջական մասնակցությամբ հանրապետությունում վերապատրաստումներ իրականացվում են վերջին մի քանի տարիների ընթացքում: Այս տարի եւս մասնագետները վերապատրաստվել են ծանր սուր շնչառական վարակների վարման հարցերի շուրջ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հրահանգ կտրվի դպրոցական հաստատությունները 10 օրով փակելու մասին: Բայց Ան-ից փոխանցեցին, որ համաճարակաբանական ցուցման դեպքում նախարարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ: Իսկ մինչ այդ մանկական հիվանդանոցներում, հիվանդանոցների մանկական բաժանմունքներում «ասեղ գցելու տեղ չկա». շատ են հիվանդ երեխաները, որոնց մի մասին նույնիսկ տեղավորել են այլ բաժանմունքներում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԻՏԱԼԱԿԱՆ ԿԼԱՍԻԿՈՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Սաուդիան Արաբիա. աշխարհի ամենափակ երկրներից մեկը, որը վերջերս թիրախավորված է միջազգային բոլոր լրատվամիջոցների կողմից: Արաբ լրագրողի սկանդալային սպանություն, լարված իրավիճակ եւ թեժ մթնոլորտ: Ամբողջ աշխարհը այսօր կրկին կսեւեռվի Սաուդիան Արաբիայի վրա, բայց այս անգամ կիզակետում ֆուտբոլն է: Իտալական գրանդների պատերազմի վայրը Ջիդդան է:
Այսօր` հունվարի 16-ին, Իտալիայի Սուպերգավաթի շրջանակներում Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում միմյանց ուժերը կչափեն իտալական ամենահեղինակավոր թիմերից երկուսը`«Յուվենտուսն» ու «Միլանը»: Եվրոպական ամենասկզբունքային դիմակայություններից մեկը է՛լ ավելի հետաքրքիր է դարձել Ռոնալդուի «Յուվենտուս» եւ Հիգուայինի «Միլան» տեղափոխությունների շնորհիվ: Հիգուայինը շատ բան ունի ապացուցելու «Յուվենտուսին», Ռոնալդուն էլ խոստացել է «նվաճել» Իտալիան եւ ջանք ու եռանդ չի խնայի թուրինյան թիմի կազմում առաջին տիտղոսը գլխավերեւում պահելու համար:
«Յուվեն», ի տարբերություն «Միլանի», այս մրցաշրջանը հիանալի է անցկացնում եւ թոփ 5 լիգաների միակ թիմն է, ով պարտություն չունի երկրի ներքին առաջնություններում (առաջնություն,գավաթ):
Այս խաղը ճակատագրական կարող է դառնալ միլանցիների գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի համար, ով թերեւս ունի մեկ հնարավորություն իր տեղը թիմում պաշտպանելու համար, եւ դա անպարտելի «Յուվենտուսին» հաղթելն է:
Այո՛, թուրինյան ակումբը վերջին 6-7 մրցաշրջաններում մեկ գլուխ բարձր է իտալական բոլոր թիմերից: Ռոնալդուի ժամանելուց հետո «Յուվեն» ավելի ահարկու է դարձել, նրանք այս մրցաշրջանում, բոլոր մրցաշարերը միասին վերցված, կրել են ընդամենը երկու պարտություն, եւ դա է պատճառը, որ մասնագետների եւ երկրպագուների մեծամասնությունը «Ծեր Սինյորային» համարում է խաղի վառ ընդգծված ֆավորիտ:
Ֆավորիտը «Յուվեն» է, բայց միշտ էլ պետք է վախենալ վիրավոր գազանից. «Միլանը» այս պահին հենց այդպիսի տեսք ունի:
Թիմերի հավանական մեկնարկային կազմերը.
«Յուվենթուս»` Շեսնի, Սանդրո, Կիելինի, Բոնուչի,Դե Շիլիո, Պյանիչ, Մատիուիդի, Խեդիրա, Դիբալա, Կոստա, Ռոնալդու: Մարզիչ` Մ.Ալեգրի: Խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Բենատիան եւ Մանջուկիչը:
«Միլան»` Դոննարումա, Կալաբրիա, Զապատա, Ռոմանյոլի, Ռոդրիգես, Չալխանողլու, Կեսսիե, Բակայոկո, Պակետա, Հիգուային, Կուտրոնե: Մարզիչ` Ջ.Գատուզո: Խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Կալդարան, Բիլիան եւ Բոնավենտուրան:
Միմյանց մեջ կայացած վերջին հինգ խաղերում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը ունի 100%-անոց արդյունք, իսկ Գատուզոյի սաները «Յուվեին» հաղթել են երկու տարի առաջ հենց Սուպերգավաթի շրջանակներում:
Դե ինչ, իտալական գերդիմակայությանը մնացել են հաշված ժամեր. Ջիդդայի «Աբդուլահ» մարզադաշտը անշլագ է լինելու, թեժ մթնոլորտն ու լարվածությունը զգացվում է նույնիսկ խաղից ժամեր առաջ …

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՉԻ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ
Իջեւանի գլխավոր հատակագիծը չի հաստատվում: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ պատճառը Իջեւանի կիսակառույց ճոպանուղու վերջնամաս հանդիսացող Երազանքի սարի տարածքների պատկանելիության հարցում տարաձայնությունն է: Ճոպանուղու սկզբնամասի կառույցը գտնվում է քաղաքի տարածքում, ճոպանուղու ընդունող կառույցը՝ Իջեւանի Երազանքի սարում: Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀՀ անտառային կոմիտեի հետ սկզբում բանավոր պայմանավորվածություն է եղել, որ ճոպանուղու վերջնամասի կառույցի հարակից 4.92 հեկտար տարածքը անտառային կոմիտեի հաշվեկշռից հանվի, հանձնվի Իջեւան համայնքին, այն դառնա հանգստի գոտու համար նախատեսված տարածք: Իջեւանի քաղաքապետարանը ցանկանում է, որ Երազանքի սարում գտնվող 20 հեկտար տարածքը հանձնվի համայնքին: Ի վերջո, անտառային կոմիտեն համաձայնություն չի տվել 20 հեկտարը, նույնիսկ 4.92 հեկտարը Իջեւան համայնքին հանձնելու հարցում: Քաղաքապետարանի տվյալներով՝ այդ 20 հեկտարում անտառածածկ տարածք կա, սակայն 4.92 հեկտարն անտառածածկ չէ: Իջեւանի քաղաքապետարանում գտնում են, որ Երազանքի սարի տարածքները համայնքին հանձնելու դեպքում ներդրողներ ներգրավելով՝ կգործարկվի ճոպանուղին, Իջեւանում զբոսաշրջությունը կզարգանա:

 

ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ՔԻՉ ԵՆ
Փետրվարի 17-ին տեղի կունենան Իջեւան համայնքի ավագանու ընտրություններ: Շուրջ 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքի ընտրողները պետք է ընտրեն ավագանու 15 անդամ: Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ներկայումս Իջեւան համայնքի ավագանու 8 անձ է թեկնածության հայտ ներկայացրել: Սակայն, ըստ Սարգսյանի, թեկնածուների թիվը կարող է գերազանցել 3 տասնյակը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս