«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած նախկին իշխանությունները տարբեր առիթներով գուժում են միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների մասին, սակայն օտարերկրյա պաշտոնյաների հետ ՀՀ վարչապետի հանդիպումները միանգամայն այլ բանի մասին են վկայում: Այդպես էր նախորդ տարվա դեկտեմբերին Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ, երբ խոսում էին հայ-ռուսական հարաբերություններում իբր խնդիրների մասին: Պուտինի հետ ջերմ հանդիպումը հակառակն ապացուցեց: Երեկ էլ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել է, թե ՌԴ-ն ՀՀ-ին վաճառել է 4 հատ ՍՈՒ-30 կործանիչ` իրենց ներքին գներով: Ընդ որում, ըստ ռուսական պարբերականի` կործանիչները ձեռք բերելու մասին Հայաստանը ՌԴ-ի հետ պայմանավորվել է դեռեւս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը, որով Երեւանը ցանկանում էր ձեռք բերել 12 կործանիչ, չէր կայացել։ Ռուսական կործանիչներ ձեռք բերելու հարցին Երեւանն ու Մոսկվան վերադարձել են արդեն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո:
Շատ հոռետեսական գնահատականներ էին հնչում նաեւ` ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված: Բայց այս շաբաթվա սկզբին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի՝ Երեւան այցը, հետո նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա հերքեց նաեւ այդ տեսակետները: Բեռլինում Փաշինյանը հայտարարել է, թե ակնկալում են առաջիկայում սկսել վիզաների ազատականացման ռեժմի հարցով բանակցություններ: Միաժամանակ, նա խոսել է ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ֆինանսական օժանդակության ապահովման մասին` շեշտելով, որ, անկախ ԵՄ աջակցությունից, իրենք հաստատակամ են բարեփոխումների հարցում: Այնպես որ, ԵՄ-ի հետ հարաբերություններից ակնկալվող արդյուքները թեեւ երկար ժամանակ են պահանջելու, բայց եւ բոլորն էլ սպասում են այդ արդյունքներին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում