ՊԵԿ-ը լավ չի աշխատում. Դավիթ Անանյանից և մի շարք աշխատակիցներից կազատվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարգևավճարների հարցը շարունակում է մնալ թիվ մեկ քննարկվող թեման: Սակայն ուշադրության կենտրոնում առավել շատ Պետական եկամուտների կոմիտեն է, որտեղ պարգևավճարները հասել են մի քանի միլիոնի:

Մի քանի ամիս աշխատելու դիմաց պարգևավճարներ ստացած աշխատակիցները օրենքներ են ցիտում և մատնանշում, թե նախկինում քարտուղարուհիներին անգամ 7 միլիոն դրամի են պարգևավճար շնորհել: Սակայն այն բանից հետո, երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոստովանեց, որ 14 միլիոն դրամ պարգևավճար է ստացել, իրավիճակն ավելի սրվեց: Մամուլում պարբերաբար խոսվեց այն մասին, որ Դավիթ Անանյանը կհեռացվի պաշտոնից, նրան կհետևեն նաև այլ ազատումներ:

Եվ ահա, ArmLur.amին հայտնի դարձավ, որ պարգևավճարների թեման այն աստիճան է սրվել, որ Դավիթ Անանյանին արդեն փոխարինող են փնտրում:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Դավիթ Անանյանի հետ միասին ՊԵԿ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս կլքեն իրենց աթոռները:

Բանն այն է, որ չլսված-չտեսնված պարգևավճարներ տրվել են մարզպետարաններում, բոլոր նախարարություններում, սակայն դրանից հետո քննարկվել է միայն ՊԵԿ-ում շնորհված անհավանական չափերի հասնող միլիոնները: Ինչպես հայտնի է` հունվարի 29-ին ՊԵԿ նախագահը հրավիրվել էր «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման, որտեղ պատգամավորները նրան մոտ 20 հարց են տվել` կապված շռայլ պարգևավճարների հետ` ընդամենը 8 ամսվա աշխատանքի դիմաց:

Եվ քանի որ Դավիթ Անանյանին փոխարինող դեռևս չի գտնվել, ուստի նրան հեռացնելը մի փոքր ձգձգվում է:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։




Լրահոս