49-ամյա տղամարդը եղբորն սպանել է դանակի 8 հարվածով. երկուսն էլ նախկինում դատված են եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:

Դեպքի առթիվ նույն օրը Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները իրենց համագյուղացու հետ գնացել են Նոր Արթիկ համայնքում գտնվող իրենց ծանոթի տուն, որտեղ օգտագործել են ոգելից խմիչք:

Այնուհետև դուրս գալով ծանոթի բնակարանից և իրենց գյուղ ուղևորվելու ճանապարհին՝ մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը ունեցած անախորժ խոսակցության պատճառով վիճաբանություն է ծագել եղբայրների միջև:

Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:

45-ամյա եղբորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս