Ի՞նչ պայմանով պաշտոն կստանան նախկին իշխանության կադրերը. անուններից մեկը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր դեռեւս Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու օրերին, պետական կառավարման համակարգում պետք էներգրավվեն նաեւ ճանապարհ անցած պրոֆեսիոնալ կադրեր:

Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունի ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ահագնացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու, հետեւաբար լուծումը մոտ չէ: Դատելով նրա հրապարակային ելույթներից, վարչապետն առավել հակված է առկա իրավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել ու դա նշանակում է, որ իրավական դաշտում անելիքներ կան:

Ու որպես այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, թերեւս գործին կմիանա ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Նա Արցախյան հիմնահարցի իրավական մեթոդաբանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից առավելագույն լրջությամբ եւ խորությամբ է տիրապետում: Հիշեցնենք, որ անկուսակցական Գեւորգ Կոստանյանը իրավաբանական հարթության մեջ նախորդ տարի հասավ այնպիսի հաջողության, որ Արցախի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը մասնակցեց ՄԻԵԴ նախարարների կոմիտեի նիստին:

Վերջում հավելենք, որ հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանության կադրերի ներգրավվումը կատարվում է մի պայմանով. նրանք նախկիում չպետք է մասնակցած լինեն որեւէ կոռուպցիոն պատմության: Գեւորգ Կոստանյանի անունը, ըստ էության, չի կապվում որեւէ կոռուպցիոն գործարքի հետ, ավելին` նա որպես դատախազ, անհանդուրժող է եղել նման երեւույթների հանդեպ»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս