Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, որի ժամանակ նախարարը տեղեկություններ է տրամադրել ընթացող բանակցային գործընթացների վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, թե արտաքին գործերի նախարարին կանչել էին, որ եղած մտահոգությունները փարատվեն, ինչպես նաեւ նոր մտահոգություններ չլինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ պարզելու համար, թե հնարավոր է արդյոք իշխող խմբակցությունը եւս նման հանդիպում կազմակերպի, թե մտահոգություններ առկա են միայն ընդդիմադիր խմբակցության մոտ։
-Պարո՛ն Իգիթյան, երեկ արտաքին գործերի նախարարը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, եւ մեկնաբանվեց այնպես, թե առկա մտահոգություններն են պատճառը։ Հնարավո՞ր է՝ ձեր խմբակցության կողմից եւս նման հանդիպում կազմակերպվի, թե՞ դուք մտահոգություններ չունեք։
-Նախ մտահոգություններ, մտավախություններ չունենք, մենք պատրաստ ենք կառուցել եւ դա անում ենք։ Եվ տեսնում եք, որ նորմալ է, որ խմբակցությունները հանդիպումներ են ունենում գործադիրի հետ։ Եվ այն աղմուկը, որ նախկինում բարձրաձայնվում էր մեր խմբակցության հանդիպումների հետ կապված, ես համարում եմ անհիմն։ Մենք խնդիրը սկզբից իմանալու համար պետք է հենց գործադիրից իմանանք այդ խնդրի մասին։ Ես շատ դրական են համարում, որ այլ խմբակցություններ հանդիպում են գործադիրի անդամների հետ, եւ գնահատում եմ նրանց պատրաստակամությունը հանդիպելու խմբակցությունների հետ։
-Բայց Ձեզ մոտ մտահոգություններ չկա՞ն։
-Ոչ, չկան մտահոգություննեւ եւ, ճիշտն ասած, այդ մտահոգ բառն այնքան է վարկաբեկվել։ Մենք ուղղակի ուզում ենք հասկանալ խնդիրը եւ ցանկացած խնդիր։
-Իսկ անհրաժեշտություն չե՞ք տեսնում Ձեր խմբակցության ձեւաչափով հանդիպում ունենալ հենց արտաքին գործերի նախարարի հետ։
-Իհարկե, մենք հանդիպում կունենանք եւ բոլոր հնարավորություններն օգտագործում ենք հանդիպումների։ Դա պետք է կանոնավոր դարձնել եւ պետք է մասնագիտացված թիմով աշխատել եւ օգտագործենք հանձնաժողովների ձեւաչափը։ Եվ մեր Արտաքին գործերի հանձնաժողովը ոչ միայն հանդիպումներ կունենա նախարարի, այլ նաեւ դեսպանների հետ, ովքեր ներսից գիտեն բոլոր խնդիրները։
-Բայց, կարծես թե, հակամարտության շուրջ զարգացումները գաղտնի են պահվում, եւ հենց դա է հասարակությանը մտահոգում։
-Կան հարցեր, որ ոչ թե գաղտնի են կամ դավադիր ձեւով են պահվում, այլ կան հարցեր, որոնք ուղղակի ձեւով հարմար կամ կոռեկտ չէ հասարակությանը տեղյակ պահել։ Ես չեմ կարծում, թե մեծ անվստահություն կա հասարակության մոտ օրենսդիրի կամ գործադիրի հանդեպ։ Անցել է այն ժամանակը, երբ մի գիշերվա հանդիպումների պատճառով Հայաստանը փոխում է իր վեկտորը։ Ես տեսնում եմ, որ վարչապետ Փաշինյանը շատ բաց է հասարակության հետ շփման մեջ։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: