ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված բնակարանային գողության դեպքը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, դիտավորությամբ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ.,բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում գտնվող տներից մեկը և հափշտակել ձմեռային բաճկոն, ինչպես նաև դրա ծոցագրպանում գտնվող դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտեր՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: