Չնայած հունվարի 14-ին մեկնարկել էր յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, եւ պատգամավորներն ակտիվորեն աշխատում են, սակայն միջազգային խորհրդարանական կազմերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների կազմերն ամբողջովին պատրաստ չեն: Եվ եթե մշտական հանձնաժողովների աշխատանքները հիմնականում սահմանափակվում են հենց երկրի ներսում աշխատանքներով՝ օրենքների նախագծերը քննարկելով, դրանց եզրակացություն տալով, ապա միջազգային պատվիրակությունների դեպքում իսկապես լավ թիմ ունենալ է պետք:
Այժմ, Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն, ձեւավորված են միայն Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ»-ի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)-ի կազմերը: Առաջինի դեպքում պատվիրակության ղեկավարը Մխիթար Հայրապետյանն է, իսկ ԵԽԽՎ-ինը` Ռուբեն Ռուբինյանը: Ուսումնասիրելով այս երկու հանձնաժողովների կազմերը` պարզ դարձավ, որ հիմնականում ընդգրկված են հենց այնպիսի պատգամավորներ, որոնք մանագիտացված են արտաքին քաղաքականության ոլորտում:
Իհարկե, միջազգային խորհրդարանական կազմակերպություններ կան, որոնք իսկապես շատ կարեւոր ուղղություններ են Հայաստանի համար, եւ նախկինում էլ այն համակարգել են ոլորտի գիտակ համարվող պատգամավորները:
Բացի ԵԽԽՎ-ից շատ կարեւոր ուղղություն է համարվել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Ֆրանկաֆոնիայի միջխորհրդարանական վեհաժողովը: Եվ պատահական չէ, որ հատկապես ԱՊՀ պետւթյունների միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը գրեթե մշտապես գլխավորել են ԱԺ նախագահները: Սա Հայաստանի համար ամենակարեւոր ուղղություններից մեկն է հանդիսանում, քանի որ ՀՀ-ն ԱՊՀ անդամ է, միաժամանակ մաս է կազմում ՀԱՊԿ-ի: Այս խորհրդարանում դեռ չի որոշվել՝ ով է ղեկավարելու այն:
Արտաքին քաղաքականության բնագավառում եւ պատվիրակությունների աշխատանքում կան մի քանի որոշիչ հանգամանքներ: Օրինակ` դրանցից մեկը Հայաստանն արտաքին բնագավառում ըստ արժանվույն ներկայացնելն է եւ ամենակարեւորներից մեկը` Ադրբեջանի քարոզչությանը դիմակայելն է: Եվ հետաքրքիր է, որ որքան էլ կան քաղաքական խորհրդարանական կազմակերպություններ, սակայն ադրբեջանական կողմի ագրեսիային պետք է դիմանալ նաեւ տնտեսական բնույթի նիստերի ժամանակ:
Որքան էլ թվում է` տնտեսական ոլորտի միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերն ապաքաղաքական են, այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այս հարթակներն էլ օգտագործել իր քարոզչական նպատակներով: Բավական է հիշել Սեւծովյան տնտեսական համագործակցության 2018թ. նիստում հայկական պատվիրակության անդամների հետ տեղի ունեցածը:
Օրինակ` վեհաժողովի աշխատանքներից մեկի ժամանակ, երբ պատվիրակության անդամները մոտ կես ժամ սպասում էին նիստի սկսվելուն, պարզվել էր, որ մյուս պատվիրակությունների ղեկավարները միասին առանձնացել ու ինչ-որ հարցեր են քննարկում, եւ հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին չէին հրավիրել: Եւ նրանք փորձել են փաստաթուղթ ընդունել, որտեղ ոչ հայանպաստ ձեւակերպումներ են եղել, իսկ Մինասյանն իր ղեկավարած պատվիրակությամբ ի զորու չի եղել դիմագրավելու այդ ամենին: Հայտնի չէ նաեւ, թե ով է նոր խորհրդարանում գլխավորելու Սեւծովյան տնտեսական համագործակցության պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության պարագայում եւս ադրբեջանական լոբինգին դիմագրավելու անհրաժեշտության պակաս չի եղել: Հարցը հաճախ հասել է նրան, որ հայկական պատվիրակությունների անդամների խոսափողներն են անգամ անջատել: Եվ հենց նմանատիպ միջադեպերը կրկնվելու պարագայում պետք է դրանցից պատվով դուրս գալ:
Մինչ այդ նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջազգային պատվիրակությունների հիմնական կազմերը պատրաստ են, սակայն դեռեւս այն չի հրապարակայնացվում, քանի որ փոփոխությունները չեն բացառվում:
Եվ հետաքրքիր է նաեւ, թե ինչպես կանցկացվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: Նախկինում կային հանձնաժողովներ, որոնց անդամներից շատերն օրերով չէին մասնակցում նիստերին կամ այնպիսի անձինք էին, որոնք միայն կոճակ սեղմելու համար էին գալիս խորհրդարան: Եթե միջազգային ասպարեզում կարեւորություն են տալիս ԵԽԽՎ հայկական պատվիրակության աշխատանքին, ապա մշտական հանձնաժողովների պարագայում էլ մշտապես նախագծերի առյուծի բաժինը հասել է պետաիրավական հարցերի հանձնաժողովին, մյուսները եղել են ավելի պասիվ կարգավիճակում: Հետաքրքիր է՝ այս անգամ պատգամավորներն ինչպիսի պահվածք կցուցաբերեն:
Հ․ Գ․ Հավելենք, որ երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի արդյունքներով որոշում է կայացվել, եւ կազմվել են մի քանի վեհաժողովներում ՀՀ պատվիրակության կազմերը։ Եվ չնայած դրանք կազմված են, սակայն ԱԺ պաշտոնական կայքում դեռեւս չեն տեղադրվել։ Խորհրդի նիստում հաստատվել է նաեւ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույցը։
Նաիրա Հովհաննիսյան