Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ 24» և «Սիսիանի» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող «ՋԻՆ ԲԵՅ» շտապօգնության մեքենաները:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վթարի հետևանքով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը, ինչպես նաև շտապօգնության մեքենայի ուղևորները տեղափոխվել են «Արտաշատ» Բ/Կ:
Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները: